Արցախում արտակարգ դրություն հայտարարելու և դրանով պայմանավորված՝ ընտրությունները հետաձգելու իրավական հիմք չկա

article-image

Նոր կորոնավիրուսային համաճարակի հետ կապված` Արցախում համապետական ընտրությունների հետաձգման վերաբերյալ արդեն մեկ ամիս է ինչ բուռն քննարկումներ են ընթանում։ Նախագահի թեկնածուների աջակիցների մի հատված պահանջում են ընտրությունները անհապաղ հետաձգել, ընդ որում, դա պահանջում են Արցախի իշխանություններից և մեղադրում են ՀՀ կառավարությանը և մասնավորապես վարչապետ Փաշինյանին Արցախի նախագահ Բակո Սահակյանի վրա բավականաչափ ճնշում չգործադրելու համար, իսկ մյուս հատվածը հակված է, այնուամենայնիվ, գնալ ընտրությունների` պայմանավորելով դա այն հանգամանքով, որ անորոշ ժամկետով ընտրությունների հետաձգումը կարող է էլ ավելի բացասական հետևանքներ ունենալ Արցախի համար, քան կորոնավիրուսային սպասվելիք մարտահրավերները։

Հատկանշական է նաև, որ այս հարցում Արցախում ձևավորվել է քաղաքական ուժերի հստակ բևեռացված օրինաչափություն։ Այն ուժերը, որոնք ավելի հեղափոխական են տրամադրված Արցախի ներկայիս իշխանությունների նկատմամբ, վերջին մի քանի օրերի ընթացքում ընտրությունների հետաձգման ակտիվ քարոզ են իրականացնում, հայտարարություններով են հանդես գալիս։ Ըստ շրջանառվող լուրերի՝ դա նաև պայմանավորված է փողոցային պայքարի համար ժամանակ շահելու նկատառումներով: Իսկ այն թեկնածուները, որոնք քաղաքական շահ չեն հետապնդում, մեծամասամբ չեզոք դիրք են որդեգրել և առանց ավելորդ աղմուկի դադարեցրել բոլոր հրապարակային միջոցառումները։

Արցախում արտակարգ դրություն հայտարարելու և դրանով պայմանավորված՝ ընտրությունները հետաձգելու մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը.

«Իրավասո՞ւ է, արդյոք, Արցախի նախագահը՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն. զուտ իրավական վերլուծություն։ Արցախի Սահմանադրությունը՝ կառավարման հատուկ ռեժիմ հայտարարելու ասպեկտով, էապես տարբերվում է Հայաստանի Սահմանադրությունից։ Մասնավորապես, տեխնածին, բնածին աղետի կամ համաճարակի հիմքով Արցախի Սահմանադրության 132-րդ հոդվածին համապատասխան, կարող է հայտարարվել ոչ թե արտակարգ դրություն, այլ միայն արտակարգ իրավիճակ, ինչը թելադրված է փաստացի պատերազմական վիճակի անմիջական վտանգի առանձնահատկություններով։

Ըստ 2019 թ. հունիսի 27-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը որևէ առնչություն չունեն տեխնածին, բնածին աղետի կամ համաճարակի հետ. «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ՝ իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասսայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը»։ Ընդ որում, արտակարգ իրավիճակ հայտարարելը հիմք չէ ընտրություններն ու հանրաքվեն բացառելու համար, այդպիսի սահմանափակում նախատեսված է միայն արտակարգ դրության դեպքում՝ Արցախի Սահմանադրության 76-րդ հոդվածի 2-րդ մաս:

Այսպիսով, Արցախի Հանրաապետության նախագահը Սահմանադրության ուժով իրավասու չէ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն, եթե անգամ արտակարգ իրավիճակի համար լինեն իրական հիմքեր»:

Փաստացի Գևորգ Դանիելյանի գրառումից կարող ենք եզրակացնել, որ ըստ ԱՀ Սահմանադրության` Արցախի նախագահը իրավասու չէ հետաձգել ընտրությունները՝ հիմք ընդունելով արտակարգ իրավիճակը, իսկ արտակարգ դրություն հայտարարելու և դրանով պայմանավորված՝ ընտրությունները հետաձգելու իրավական հիմք պարզապես չկա։

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն