Նիկոլ Փաշինյանի ելույթը դարձյալ խմբագրվել է. ինչու՞ է մոնտաժվել տեսանյութը և հանվել 20 վայրկյան տևողությամբ հատվածը

article-image

Երեկ՝ մարտի 29-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն էր հրավիրել արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող գործարարների մասնակցությամբ:

Հանդիպմանը հետևել է Կառավարության պաշտոնական յութուբյան ալիքում հանդիպումը և Նիկոլ Փաշինյանի ելույթը լուսաբանող 2 րոպե 50 վայրկյան տևողությամբ տեսանյութի տեղադրումը։

Հատկանշական է, որ տեսանյութը հեռացվել է, ապա մեկ ժամ անց դարձյալ ներբեռնվել, որը դարձյալ ջնջվել է:
 


 

Տեսանյութը, սակայն, պահպանվել և տարածվել է այլ լրատվամիջոցների, օրինակ, Factor TV-ի և A1+-ի կողմից:

Կառավարության պաշտոնական յութուբյան ալիքում տեսանյութերի հեռացումից ժամեր անց դարձյալ ներբեռնվել է նույն տեսանյութը, այս անգամ՝ 2 րոպե 32 վայրկյան տևողությամբ:
 


 

AntiFake.am-ը ստուգեց, թե ինչն է հանվել վարչապետի ելույթից: Տեսանյութերի համեմատությունից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից կտրվել է 20 վայրկյան տևողությամբ հետևյալ հատվածը (տեսանյութում՝ 2:02-ից).

«Եվ ինչքան հասկանում եմ, Ռուսաստանի մեր գործընկերներն էլ են շահագրգիռ, որովհետև իրենք էլ ապրանքային մատակարարման խնդիր ունեն, խնդիր ունեն, որ իրենց խանութներում և սպառողական շուկաներում ապրանքներ մատակարարվեն բնականոն հունով»:
 


 

Այդ հատվածը մոնտաժված և հանված է Կառավարության պաշտոնական յութուբյան ալիքում երրորդ անգամ ներբեռնված տեսանյութում:
 


 

Նույն ճակատագիրն ունեցել է նաև ելույթի տեքստային հատվածը:

Նախ, ի սկզբանե վարչապետի խոսքերը primeminister.am կայքում տեղադրվել են հետևյալ կերպ. «Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ հաշվի առնելով ապրանքային մատակարարման խնդիրը՝ Ռուսաստանի գործընկերներն էլ են շահագրգիռ, որպեսզի իրենց խանութներում և սպառողական շուկաներում ապրանքները մատակարարվեն բնականոն հունով», որը պահպանվել է այն լրատվականների հրապարակումներում, որոնք նյութը լուսաբանելիս օգտվել են վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված մամլո հաղորդագրությունից։ 
 


 

Ապա, ինչպես տեսանյութի դեպքում, primeminister.am կայքից խմբագրվել և հեռացվել է այդ հատվածը։




 

Թե ինչու՞ է հեռացվել տեսանյութից և մամլո հաղորդագրությունից նշված հատվածը, մեզ մնում է միայն ենթադրություններ անել, իսկ իրական պատճառը այդպես էլ հարցական կմնա:

Մոնտաժված տեսանյութից հանված հատվածում Նիկոլ Փաշինյանը խոսում է գործընկեր պետության՝ Ռուսաստանի Դաշնության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և բացահայտում ներքին խնդիրներ, որոնք, գուցե, այդ իշխանությունները չեն ցանկանում բարձրաձայնել։ Կամ Նիկոլ Փաշինյանին ՌԴ իշխանություններից հաղորդել են, որ առանց Հայաստանից ներկրումների՝ Ռուսաստանում որևէ ապրանքի սակավություն չի առաջանա, և «անհանգստանալու» կարիք չկա:

Ամենայն հավանականությամբ, սա հասկանալով կամ նախազգուշացվելով ՌԴ իշխանություններից` հանդիպման տեսանյութը երկու անգամ հեռացվել է և արդեն մոնտաժված և Նիկոլ Փաշինյանի խոսքերը «խմբագրված» տարբերակով կրկին տեղադրվել համացանցում և նույն կերպ նույն հատվածը խմբագրվել է վարչապետի պաշտոնական կայքում։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն