«Երևան Սիթիի» տնօրինությունը գումար է առաջարկել սննդային թունավորում ստացած երեխայի ընտանիքին․ Մանրամասներ երեխայի առողջական վիճակի և դեպքի զարգացումների մասին

article-image

Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակմամբ, ներկայումս գործարար, նախկինում հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետից գնված սննդամթերքից երեխա էր թունավորվել, ինչի մասին ահազանգել էր երեխայի ծնողը և ուղիղ հեռարձակմամբ ցույց տվել բորբոսնած սննդամթերքը։

AntiFake.am-ը կապ է հաստատել երեխայի հոր՝ Սևակ Մարտիրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում մի շարք մանրամասներ է ներկայացրել:

Մարտիրոսյանի խոսքերով՝ «Երևան Սիթի» սուպերմարկետից կատարած գնումների մեծ մասը աղբն են նետել, քանի որ բորբոսնած էր, իսկ նման մեծածախ գնումները պայմանավորված են կորոնավիրուսի պանդեմիայով, որի պատճառով մի քանի օրվա գնումներ են կատարում, որպեսզի ամեն օր տանից դուրս չգան։

Սևակ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ իր երեխաները գնված սննդամթերքն օգտագործելուց հետո իրենց վատ են զգացել, իսկ սննդային թունավորում ստացած 11-ամյա աղջիկը այժմ գտնվում է Արաբկիր բժշկական կենտրոնում, որտեղ «սիստեմա» է ընդունում։ Ներկա պահին երեխայի վիճակը լավ է, սակայն տուն վերադառնալ դեռևս չի կարող։

Երեխայի վատ զգալուց հետո ծնողները զանգահարել են շտապ օգնություն, որտեղից խորհուրդ են տվել ակտիվացրած ածուխ և Նարինե մածուն օգտագործել, սակայն երեխան չի կազդուրվել և շարունակել է փխսել ու փորլուծություն է ունեցել, ինչից հետո գրանցվել է շտապ օգնության երկրորդ կանչը և երեխան բժիշկների հորդորով տեղափոխվել է հիվանդանոց։

Սևակ Մարտիրոսյանը նշեց, որ ահազանգից հետո իրենց բնակարան են այցելել Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունից, որի ներկայացուցիչներին Մարտիրոսյանը ցույց է տվել բորբոսնած սննդամթերքը։

AntiFake.am-ը կապ է հաստատել նաև Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության հետ և տեղեկացել, որ ՍԱՏՄ-ի ներկայացուցիչները Սևակ Մարտիրոսյանի բնակարան այցելելուց բացի այցելել են նաև «Երևան Սիթի» սուպերմարկետ։ «Մենք ունենք արագ արձագանքման խումբ, գնում ենք խանութ, գնում ենք ահազանգողի մոտ, փորձում ենք հասկանալ, արդյոք ունենք մենք այդտեղ անելիք, թե ոչ, և եթե ունենք, անպայման պետական վերահսկողության գործողություններ ենք իրականացնում։ Հիմա մեր տեսուչները խանութից կգան, կտեսնենք՝ ինչ է կատարվում, և ըստ այդմ՝ մենք կկողմնորոշվենք՝ արդյոք պետք է դիտարկում, ստուգում, որևէ բան բացել, արդյոք դրա կարիքը կա, թե չկա։ Հիվանդանոց էլ կգնան ու պարզ կլինի»,- տեղեկացրին ՍԱՏՄ-ից և հավելեցին, որ իրենք դրա վերաբերյալ հանդես կգան հայտարարությամբ։

Ուշագրավ է նաև, որ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ իր ահազանգից հետո իրենց բնակարան են այցելել նաև «Երևան Սիթի» սուպերմարկետի տնօրինությունից և հետաքրքրվել, թե արդյոք երեխայի ծնողները պատրաստվում ենք դեպքին օրինական ընթացք տալ։

«Ձեր անհանգստությունը դա՞ է։ Իմ երեխայի առողջության մասին չեք հարցնում, օրինական ընթացքից եք հարցնում»,- հետաքրքրվել է երեխայի ծնողը և «Երևան Սիթիի» մտահոգ տնօրինությանը տեղեկացրել, որ նա դեպքին օրինական ընթացք չի տա, եթե երեխան առողջացած տուն վերադառնա, հակառակ պարագայում դիմելու է համապատասխան քայլերի։ Այնուհետև «Երևան Սիթիի» տնօրինությունը ցանկացել է հոգալ երեխայի բուժման ծախսերը կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ընտանիքին, ինչը Սևակ Մարտիրոսյանը համարել է ծիծաղելի և մերժել նրանցից օգնություն ստանալու առաջարկը։ «Եկել եք, ուզում եք փողով առնեք»,- բարկացած հարցրել է երեխայի ծնողը և հայտնել, որ ֆինանսական աջակցության կարիք չունի և կարող է հոգալ բոլոր ծախսերը, ինչպես նաև առաջարկել է այդ օգնությունը տրամադրել կարիքավոր ընտանիքներին։ «Երևան Սիթիի» տնօրինությունը նաև ցանկություն է հայտնել տեսակցել հիվանդանոցում գտնվող երեխային, սակայն երեխայի ծնողները համաձայնություն չեն տվել։

Ինչպես նշեց Սևակ Մարտիրոսյանը՝ նա ահազանգել է իր երեխայի սննդային թունավորման մասին, որպեսզի իր հայրենակիցները տեղեկացված լինեն և նրանց երեխաներն էլ թունավորում չունենան։

«Ես նպատակ չունեմ իրենց դեմ պատժամիջոցներ կիրառելու, չնայած հասնում է իրենց։ Ես ուղղակի ցանկանում եմ, որ բալիկս առողջացած տուն վերադառնա»,- եզրափակեց Սևակ Մարտիրոսյանը։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն