Սուր հարցեր, թիրախային պատասխաններ, կրավորական կեցվածք ընդունածներ. Ինչպես անցավ Արցախի նախագահի թեկնածուների բանավեճը, և ինչու չմասնակցեց Մայիլյանը

article-image

Երեկ՝ մարտի 29-ին, Արցախի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ Արցախի նախագահի թեկնածուների նախընտրական հանրային բանավեճը։ Բանավեճին մասնակցում էին առաջադրված 14 թեկնածուներից 12-ը։ Բանավեճը անցավ բավականին թեժ, հնչեցին մի շարք սուր և թիրախային հարցեր, ելույթներ, որոնց պատասխանները արցախյան հանրությունը երկար ժամանակ ցանկանում էր լսել ֆավորիտ թեկնածուներից։ Քիչ չէին նաև ծեծված և իրենց վաղուց սպառած հարցերը, որոնք բացառապես տրվում էին թեկնածուներին ինչ-որ կերպ «սևացնելու» համար։ Բանավեճը եզակի էր նաև նրանով, որ նման ֆորմատի հաղորդում, այն էլ ուղիղ եթերով, առաջին անգամ էր կազմակերպվում Արցախում։

Արցախցիներն առաջին անգամ տեսան նախագահի թեկնածուներին կողք կողքի, դեմ առ դեմ կանգնած իրար փոխադարձ հարցեր հնչեցնելիս, սկսեցին ավելի ճանաչել թեկնածուներին:

Նկատենք, որ բանավեճի ընթացքում երեք թեկնածուներ առավել աչքի էին ընկնում թե՛ իրենց ուղղված հարցերի քանակով և բովանդակությամբ, և թե՛ հնչեցրած ելույթների իմաստով: Նրանք են՝ Արայիկ Հարությունյանը, Վիտալի Բալասանյանը և Աշոտ Ղուլյանը։ Վերոնշյալ թեկնածուները, չնայած այն հանգամանքին, որ միմյանց բավականին սուր հարցեր էին տալիս, այնուամենայնիվ իրենց դրսևորում էին կոռեկտության և սահմանված ձևաչափի տրամաբանության սահմաններում։

Եթե հնարավորինս կարճ փորձենք ամփոփել այս թեկնածուներին հնչեցրած հարցերը, ապա Արայիկ Հարությունյանին մեծ մասամբ հարցնում էին իր վարչապետ և պետական նախարար աշխատած տարիների ընթացքում տեղի ունեցած աղմկահարույց գործընթացների, որոնք իրենց մեջ այս կամ այն չափով կոռուպցիոն ռիսկեր են պարունակել, ինչպես նաև իր պաշտոնավարած տարիներին գրանցած արդյունքների մասին:

Վիտալի Բալասանյանին ուղղված հարցերը հիմնականում կապված էին, նրա՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ որդեգրած կոշտ քաղաքականության, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կոնտեքստում նրա հայտարարությունների հետ։

Աշոտ Ղուլյանին բաժին հասած հարցերը կապված էին նրա՝ որպես Արցախի Ազգային ժողովի նախագահ կատարած աշխատանքների հետ, քիչ չէին նաև սադրիչ հարցերը՝ կապված նրա գույքային դրությամբ։

Եթե փորձենք այս թեկնածուներից բացի առանձնացնել բանավեճի մասնակիցներից ևս մի քանիսին, ապա թերևս իրենց գրագետ և բովանդակային խոսքով աչքի էին ընկնում ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, ԱՀ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև փաստացի ԱԺ միակ ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը։ Այնպիսի տպավորություն էր, որ նախագահի մյուս թեկնածուները կամ գործող թեկնածուների կցորդներն են կամ էլ իրենց թեկնածությունը առաջադրել են բանավեճի ժամանակ կոնկրետ թեկնածուի կոնկրետ հարց տալու համար։

Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուներից բանավեճին հրաժարվել է մասնակցել Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ինչը բացասական արձագանք ստացավ արցախյան հանրության շրջանում։

Հատկանշական է, որ Արցախում արմատական ժողովրդավարական բարեփոխումներ խոստացող Մայիլյանը հրաժարվում է ժողովրդավարության կարևորագույն դրսևորումներից մեկի մասը դառնալուց՝ այդպիսով հրաժարվելով նաև իր քաղաքական հակառակորդներին ուղղել այն հարցերը, որոնք բարձրաձայնելով՝ Մայիլյանը և իր թիմը կառուցել են իրենց նախընտրական պայքարը։

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն