ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի վերաբերյալ զեկույցը. Զեկույցի առավել կարևոր հատվածները

article-image

Մարտի 11-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի վերաբերյալ 2019 թվականի զեկույցը:

Ներկայացնում ենք զեկույցի առավել հետաքրքիր հատվածները, ինչպես նաև զեկույցում տեղ գտած հատվածների վերաբերյալ մեր նկատառումները:

Զեկույցը արձանագրում է, որ Հայաստանի կառավարությունը միջոցներ է ձեռք առել հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու ենթադրյալ չարաշահումներ կատարած նախկին և ներկա իշխանությունների պաշտոնյաներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին: Օրինակ, տարվա ընթացքում նախկին իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությամբ շարունակվել է քրեական գործերի քննությունը այն իրադարձությունների շուրջ, որոնք 2008թ.-ի հետընտրական ցույցերի ժամանակ հանգեցրել են ութ քաղաքացիական անձանց և երկու ոստիկանների մահվանը:

Կամայականորեն զրկում կյանքից (“Arbitrary deprivation of life”) և այլ անօրինական կամ քաղաքական շարժառիթներով սպանություններ

Հարգանք անձի անձեռնմխելիության՝  ներառյալ ազատության նկատմամբ

Սեպտեմբերի 12-ին սկսվեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ քրեական գործի դատավարությունը, որոնք մեղադրվում են 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած ցույցերը ցրելու համար բանակի ներգրավվման մեջ, ինչի արդյունքում ութ քաղաքացիական անձ և երկու ոստիկան սպանվել են: Այս և հարակից հարուցված քրեական գործերով մեղադրանքները ներառում էին սահմանադրական կարգը տապալելու, պաշտոնեական լիազորությունները խախտելու և չարաշահելու, բռնության, կոռուպցիայի մեջ հանցակցության, պաշտոնական խարդախության և ապացույցների կեղծման մեղադրանքները, որոնք կապված են 2008 թվականի հետընտրական իրադարձությունների հետաքննության հետ: Այս գործերում կասկածյալները նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն են՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության  նախկին նախարար Միքայել Հարությունյանը, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արման Գևորգյանը, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և այլք:

Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը մեղադրվեց 2008 թվականին ցույցերի դաժան ճնշման հետ կապված սահմանադրական կարգը տապալելու մեջ: Իշխանությունները ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանին կալանավորեցին ցույցերի ճնշման ընթացքում Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեղադրանքով:

Հետաքրքիր է, որ զեկույցում չի ներառվել այն փաստը, որ Գեղամ Պետրոսյանը երկամսյա կալանքից հետո ազատ էր արձակվել, քանի որ գործը քննող ՀՔԾ քննիչը նոր միջնորդություն չէր ներկայացրել դատարանին, ինչը տվյալ պարագայում առնվազն վկայում է քննվող գործում որոշակի հակասությունների մասին: 

Զեկույցում նշվում է. «Անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և Ադրբեջանի 7 շրջանների տարածքները: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ԵԱՀԿ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համանախագահությամբ Մինսկի խմբի կողմից միջնորդության առարկա է հանդիսանում»:

Հանրային արդար դատարանի մերժում (Denial of Fair Public Trial)

Մայիսի 19-ին Երևանի առաջին ատյանի  դատարանի  կողմից նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուն ակնհայտ արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր աջակիցներին արգելափակել երկրի դատարանների մուտքերը, ինչը որոշ դիտորդներ որակել են որպես ճնշում դատական համակարգի վրա: Մայիսի 20-ին վարչապետը լայնածավալ դատական ռեֆորմների, ներառյալ՝ դատավորների վեթթինգի, կոչ արեց՝ նշելով՝ ինքը հավատում է, որ դատական համակարգը ենթարկվում է ստվերային և անօրինական ազդեցությունների՝ նախորդ կոռուպցիոն ռեժիմի հետ  իր շարունակական կապերի պատճառով: Նա նաև կոչ արեց կենսաթոշակի ուղարկել կամ պաշտոնանկ անել այն դատավորներին, որոնց կայացրած որոշումները, ըստ ՄԻԵԴ-ի որոշումների, էականորեն խախտել են մարդու իրավունքները, կամ նրանց, որոնք պատրաստ չեն  ինքնուրույն որոշումներ ընդունել:

Դատական գործընթացներ

«Թավշյա հեղափոխությունից» հետո շատ դատավորներ քաղաքական զգայունություն ունեցող գործերով մեղադրյալների նախնական կալանքից ազատ են արձակել: Համաձայն իրավապաշտպան խմբերի՝ քանի որ այս գործերում այլ հանգամանքներ չեն փոխվել, սա ցուցիչ է, որ նախքան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները կայացրած դատական որոշումները՝ նրանց կալանքի տակ պահելու վերաբերյալ, եղել են քաղաքական շարժառիթներով:

Զեկույցի հեղինակները ամենայն հավանականությամբ նկատի ունեին «Սասնա Ծռեր» ահաբեկչական խմբավորման անդամներին երաշխավորությամբ դատարանի կողմից ազատ արձակումը՝ հաշվի չառնելով խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումը և երեք ոստիկանի մահը: 

Քաղաքական բանտարկյալներ և ձերբակալվածներ

Քաղաքական բանտարկյալների և ձերբակալվածների վերաբերյալ զեկույցներ չկան:

Զեկույցը կազմողները, այնուհանդերձ, չեն նկատել իրավապաշտպանների հայտարարությունները, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանքի, և վերջիններիս՝ քաղբանտարկյալ լինելու վերաբերյալ:

Խոսքի, ներառյալ՝ մամուլի ազատություն 

2018թ. քաղաքական փոփոխություններից հետո մեդիադաշտը դարձավ ավելի ազատ, այնուամենայնիվ զեկույցներ եղան, որ որոշ լրատվամիջոցներ խուսափում են իշխանություններին քննադատելուց, որպեսզի «հակահեղափոխական» չդիտարկվեն: 2018թ. դեկտեմբերի ընտրությունների իր վերջնական զեկույցում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Ընտրությունների դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ մինչ շատերը նշում էին  2018թ. ապրիլից ի վեր լրատվամիջոցների ազատության բարելավման և բազմակարծության աճի մասին, որոշներն էլ նշում էին, որ հետհեղափոխական հասարակական դիսկուրսը նպաստավոր չէր կառավարության, հատկապես այդ ժամանակ գործող վարչապետի քննադատության համար: Ավանդական և առցանց լրատվամիջոցներում դեռևս շարունակում է օբյեկտիվ զեկույցների պակաս զգացվել:

Խոսքի ազատություն: 2018թ. «Թավշյա հեղափոխությունից» հետո բազմաթիվ կոչեր հնչեցին՝ դատապարտելու ատելության քարոզը, որը անհատների քաղաքական կարծիքի, կրոնական հայացքների, ինչպես նաև սեռական և գենդերային ինքնության սուր թիրախավորման դեպքերի արդյունք էր:

Մամուլ և մեդիա, այդ թվում նաև՝ օնլայն լրատվամիջոցներ: Հեռարձակվող և ավելի մեծ տպաքանակ ունեցող տպագիր մամուլում հիմնականում քաղաքական կարծիքի և օբյեկտիվ լուսաբանման սակավություն կա: Հեռարձակվող մեդիան, հատկապես հանրային հեռուստատեսությունը, հասարակության մեծամասնության համար մնում է լուրերի և տեղեկատվության առաջնային աղբյուրը: Համաձայն որոշ մեդիադիտարկողների՝ հանրային հեռուստատեսությունը շարունակում է ներկայացնել լուրերը պրոկառավարական տեսանկյունից՝ փոխարինելով մի կառավարության տեսլականը՝ մյուսի հետ, որը եկել էր քաղաքական փոփոխության արդյունքում:

Զեկույցի հեղինակները պնդում են, որ անհատները, մանիպուլյացիոն տեխնոլոգիաները, ներառյալ նաև հիբրիդային կայքէջերը, հակասական բլոգերները, «տրոլների գործարանները» (“troll factories”) և ֆեյսբուքյան կեղծ խմբերն ու պատմությունները հարձակում են գործում կառավարության վրա:

Զեկույցի հեղինակների պնդումները կեղծ օգտահաշիվների, մտացածին պատմությունների, հիբրիային կայքէջերի մասին, առնվազն քննության չեն դիմանում, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո մենք ականատես ենք լինում վերջինիս քաղաքական հակառակորդների և ընդդիմախոսների  նկատմամբ բազմաքանակ իշխանական ֆեյքային հարձակումների և մանիպուլյացիոն գործիքակազմի օգտագործման:

Արձանագրենք, որ զեկույցից դուրս են մնացել իշխանափոխությունից հետո մեծ թափ ստացած, այնուհետև 2019թ. նույնպես շարունակվող ճնշումները լրատվամիջոցների վրա: Կարելի է հիշել «Հայելի» մամուլի ակումբի վրա մի խումբ անձանց հարձակումը, որը ոստիկանության կողմից որևէ լուրջ արձագանքի չարժանացավ, «Ժողովուրդ» օրաթերթի գրասենյակ ներխուժումը, որին նախորդել էր լրատվամիջոցի կողմից Մարտի 1-ի վերաբերյալ աղմկահարույց հարցաքննությունների հրապարակումները, Ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանին ոստիկանություն հրավիրելը, իշխանական թունդ քարոզիչներից Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի կողմից լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերունքը և լրագրողներին վիրավորելը և այլ բազմաթիվ դեպքեր: 

Ամբողջական զեկույցը՝  2019 Country Reports on Human Rights Practices: Armenia

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն