Արցախում քվեարկության ընթացքն ու ընտրախախտումները. Ընթացիկ ամփոփում

article-image

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններն են անցկացվում։ Ժամը 08.00-ից Արցախում բացվել են  281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում:

Քանի հոգի է մասնակցել քվեարկությանը

Քվեարկությունը բավականին ակտիվ է ընթանում, և մասնակցելու իրավունք ունեցող 103.663  ընտրողներից՝ տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 11։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 26.037 ընտրող, որը կազմում է ընտրողների 24,9 տոկոսը։

Տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 14։00-ի դրությամբ էլ ընտրություններին մասնակցել է 50.534 ընտրող, որը կազմում է ընտրողների 48,3 տոկոսը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ընտրատեղամասերում յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված են դիմակներ, ձեռնոցներ և գրիչներ։

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն և 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:   

Նախագահի թեկնածուներից ովքեր և հանուն ինչի են քվեարկել

Այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել են նախագահի թեկնածուներ Վիտալի Բալասանյանը, ով նշել է, որ քվեարկել է հանուն Արցախի անվտանգության  և արդարության, Աշոտ Ղուլյանը, ով նշել է, որ քվեարկել է հանուն ժողովրդավարական Արցախի ապագայի, Արայիկ Հարությունյանը, ով նշել է, որ քվեարկել է երկրի ապագայի, խաղաղության, համերաշխության և այս փուլում նաև՝ առողջության համար, Հայկ Խանումյանը, ով նշել է, որ քվեարկել է հանուն իրական փոփոխությունների և այնպիսի Արցախի,  որը պատրաստ է դիմագրավել բոլոր մարտահրավերներին, Մասիս Մայիլյանն էլ նշել է, որ ընտրել է նոր Արցախը՝ ավելի ապահով, ավելի անվտանգ, ավելի ժողովրդավարական և ավելի քաղաքակիրթ տեսնելու համար։

 


 

Ինչ ընտրախախտումներ են արձանագրել ԶԼՄ-ներն ու դիտորդները 

Տեղեկացնենք նաև, որ ընտրությունների ընթացքում եղել են որոշ ընտրախախտումներ։ Մասնավորապես, Շուշի ընտրատարածք 7/1-ի ընտրողներից մեկը նկարել էր քվեաթերթիկը, այնուհետև ջնջել այն՝ դիտորդների հետ զրույցից հետո։ Քվեաթերթիկը նկարած կինը ընտրել էր նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցությանը։
 


 

Տեսախցիկները նաև ֆիքսել են դեպքեր, երբ երկու անձ միաժամանակ գտնվել է ընտրախցիկում, սակայն տեսանյութից հնարավոր չէ հասկանալ՝ դա օրենքով սահմանված օգնություն է անկարողունակ անձին, թե ընտրախախտում։ Այս դեպքերը գրանցվել են Ստեփանակերտի 5/2 տեղամասում։
 


Այս ամենը ֆիքսած «Լույսպրեսս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խմբագրակազմը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Շուշիի 7/1 ընտրատեղամասում «Լույսպրեսս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի լրագրողի նկատմամբ որոշ անձինք ակնհայտ ագրեսիվ կեցվածք են դրսևորել, բռնություն կիրառել, հարվածել մարմնին՝ խոչընդոտելով լրագրողի աշխատանքը: Խմբագրակազմը կոչ է արել ԱՀ ոստիկանությանն ընդունել հայտարարություն հանցագործության մասին:

Antifake.am-ը հետևում է Արցախում տեղի ունեցող նախագահական և Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքին և պարբերաբար կներկայացնի քվեարկության մասնակցության, արդյունքների և ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն