Մեզ քերթում են, հարկ են ուզում. 26 տոննա եգիպտացորենը կարող է փչանալ. ներկրողն ահազանգում է Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ-ի առաջացրած խնդիրների մասին

article-image

Օրերս ներկրում իրականացնող գործարարներից մեկը դիմել էր AntiFake.am-ին ներկրման ընթացքում առաջացած խնդիրները բարձրաձայնելու համար:

Խնդիրը, ըստ ներկրողի, հետևյալն է. Ռուսաստանից ներկրվող եգիպտացորենով բեռնված վեց բեռնատարներից երկուսի փաստաթղթերը Բագրատաշենի մաքսակետում 8 օր առաջ վերցվել են, և բեռնատարներին չեն թույլատրում տանել: Մեքենաները անցել են համապատասխան բոլոր օրինական զննումները, սակայն վերջում դրանցից երկուսը կնքվել են, և նրանց թույլ չի տրվում տեղաշարժվել:

Ներկրողի ներկայացմամբ՝ ՊԵԿ-ը պահանջում է վճարել մոտ 4 միլիոն դրամ հարկային պարտավորությունները, որից հետո միայն թույլ կտրվի մեքենաների շարժը: Ներկրողները վիճարկում են սա. «Թողեք ապրանքը հասնի տիրոջը, մենք էլ եկամուտ ստանանք, այնուհետև վճարենք մեր հարկային պարտավորությունները»: ՊԵԿ-ը, սակայն, չի համաձայնում: Ներկրողն էլ չի համաձայնում, երաշխիք չունի, որ մուծելու դեպքում կստանա մեքենաները:

Գործարարը փաստում է. նախկինում նույնպես ներկրումներ եղել են, խնդիրներ էլ են եղել, սակայն նման դեպք չի պատահել: Խնդիր կա նաև ներկրվող մթերքի մասով. գործարարը փաստում է, որ ներկրվող եգիպտացորենը արդեն իսկ հեռակա գնված է, գնորդը սպասում է իր ապրանքին, իսկ բեռնատարների սեփականատերերին յուրաքանչյուր պարապուրդի մատնված օրվա համար 100 դոլար են վճարում, ինչը երկար չի կարող տևել:

Ներկրողը բարձրաձայնում է նաև խնդրի մյուս կողմը. «Մեզ քերթում են, հարկ են հավաքում։ Կա նաև մթերքի պիտանելիության խնդիրը։ 26 տոննա եգիպտացորենի փչանալու դեպքում ներկրողը 7-8 միլիոն դրամ գումար է կորցնում։ Ինչպե՞ս հարկ վճարել դրա համար։ Ո՞վ կլինի պատասխանատուն։ Եթե ապրանքը փչացավ, մենք դատի ենք տալու նրանց»։

«Միջին վիճակագրական ներկրողներին ճնշում են, իրենց հետ համագործակցող կազմակերպություններին ու գործարարներին՝ առանց ստուգումների թողնում։ Մեքենաների մաքսազերծումից գումար աշխատելուց հետո դարձյալ մեզ թիրախավորեցին»։

Գործարարը նշեց, որ մինչ 2018թ. իշխանափոխությունը արտագաղթել են երկրից, իշխանափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր ներմուծման խնդիրների և խոչընդոտների վերացման մասին, մեծ հույսերով վերադարձել էին։ Սակայն այսօր առավել մեծ խնդրի առաջ են կանգնել, քան նախկինում։

Ներկրողները դիմել են ՊԵԿ, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն՝ ապարդյուն։

Մենք ևս փորձեցինք կապ հաստատել ՊԵԿ համապատասխան կառույցների հետ, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։

Մենք կփորձենք վերջնականապես պարզել, թե ինչ խնդիր է բարձրաձայնում գործարարը, ինչու թույլ չի տրվում մեքենաների դուրսբերումը, ինչ օրենսդրական կարգավորումներ կան, և ինչ են պարտավոր անել պատկան մարմինները։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը