Արցախում քվեարկության ընթացքն ու ընտրախախտումները ժ. 17։00-ի դրությամբ. լուսանկարած քվեաթերթիկներ, չկնքված քվեատուփեր․ Ամփոփում 2

article-image

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններն են անցկացվում։ Ժամը 08:00-ից Արցախում բացվել են  281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում:

Քանի հոգի է մասնակցել քվեարկությանը

Քվեարկությունը բավականին ակտիվ է ընթանում, և մասնակցելու իրավունք ունեցող  103.663  ընտրողներից՝ տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ ժամը 17։00-ի դրությամբ  ընտրություններին մասնակցել է 66.731 ընտրող, որը կազմում է ընտրողների 63,8 տոկոսը:

Անվտանգության նկատառումներից ելնելով` Արցախի ընտրատեղամասերում յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված են դիմակներ, ձեռնոցներ և գրիչներ։ Իսկ ՀՀ-ում գտնվող Երևան 1 ընտրատեղամաս մուտք գործելուց առաջ ընտրողները ախտահարում են ձեռքերը և կրկին ընտրատեղամաս մուտք գործում հատուկ պատշպանիչ միջոցներով՝ դիմակով և ձեռնոցով։

Հիշեցնենք, որ Հանրապետության Նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն և 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:   

Նախագահի թեկնածուներից ովքեր և հանուն ինչի են քվեարկել

Այս պահի դրությամբ, ի թիվս մյուս թեկնածուների, քվեարկել են նաև նախագահի թեկնածուներ Դավիթ Իշխանյանը, որ ասել է, որ քվեարկել է կայունության և խաղաղության համար և Դավիթ Բաբայանը, ով ասել է, որ քվեարկել է ավելի լավ Արցախի համար։
 


 

Ինչ ընտրախախտումներ են արձանագրել կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու դիտորդները
 

Նախորդ հրապարակմամբ ներկայացրել էինք, թե ինչպես է Շուշիի 7/1 ընտրատարածք ընտրողներից մեկը նկարել Արայիկ Հարությունյանի նախագահած «Ազատ Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկը, այնուհետև ջնջել այն՝ դիտորդների հետ զրույցից հետո։  

Սա քվեաթերթիկ նկարելու միակ դեպքը չէ։ Ինչպես ահազանգել է «Արդարություն» կուսակցությունը, կուսակցության կենտրոնական շտաբը ստանում է բազմաթիվ ահազանգեր առ այն, որ ք. Ստեփանակերտում և ք. Շուշիում տեղակայված ընտրատեղամասերում ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները։ «Արդարություն» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ խախտումները վերացնելու նպատակով:
 


 

«Արդարություն» կուսակցությունը նաև ահազանգել է, որ Նոր Կարմիրավան համայնքի թիվ 4/30 տեղամասում ժամը 11։30 դրությամբ կնիքված չեն եղել քվեատուփերը, ինչի հետևանքով խախտվել է ընտրողի փակ և գաղտնի քվեարկության իրավունքը։ «Տեղի է ունեցել հանցագործություն»,- գրված է կուսակցության ահազանգում։
 


 

Ավելի վաղ «Արդարություն» կուսակցության վստահված անձը արձանագրել էր, որ Քաղաք Ստեփանակերտի Թումանյան փ. 1-ին, փակուղի 2 հասցեում տեղակայված 1/31 ընտրատեղամասում քվեախցիկների տեղադրման կարգը խախտվել է։  «Արդարություն» կուսակցությունը կոչ էր արել ԿԸՀ-ին հետամուտ լինել նման կարգի խախտումների վերացմանը։
 


 

Խախտումների մասին ահազանգել է նաև Հովհաննես Հարությունյան ֆեյսբուքյան օգտատերը, ով տեղեկացրել է, որ  Ստեփանակերտի թիվ 1/22 և թիվ 1/24 քվեատուփերը «պլոմբված» չեն։ «Ասեմ ավելին, կան հանձնաժողովի նախագահներ, ովքեր պլոմբ են համարում խանութից գնած 20 դրամանոց ճռիկը (ճիշտ անունը չեմ հիշում)»,- գրել է Հարությունյանը։
 


 

Հովհաննես Հարությունյանը ահազանգել է, որ նույն վիճակը առկա է նաև Շուշիի 7/1 տեղամասում։
 


 

Հովհաննես Հարությունյանը ահազանգել է նաև Ստեփանակերտի 1/1 տեղամասում առկա խախտումների մասին։
 


 

Ընտրախախտումների մասին նաև ահազանգել է «Միասնական հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանը, ով նշել է, որ իրենց վստահված անձինք տարբեր ընտրատեղամասերում ընտրախախտումներ են արձանագրել, որոնք մեծամասամբ կապ ունեն քվեաթերթիկը լուսանկարելու հետ և առավելապես վերաբերվում են «Ազատ Հայրենիք» կուսակցությանը։ Դոլուխանյանը ասել է, որ իրենք արձանագրություն կկազմեն և ընտրատեղամասերի փակումից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ կամ կդիմեն պատկան մարմիններին։

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանն էլ ահազանգել է հերթական լուսանկարված քվեաթերթիկների մասին։
 


 

Antifake.am-ը հետևում է Արցախում տեղի ունեցող նախագահական և Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքին և պարբերաբար կներկայացնի քվեարկության մասնակցության, արդյունքների և ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան


Կարդացե՛ք նաև՝ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն