Արցախում քվեարկության ընթացքն ու ընտրախախտումները ժ. 20։00-ի դրությամբ. կեղծ ընտրաթերթիկներ, բաց քվեատուփեր, մոռացած դիմակներ․ Ամփոփում 3

article-image

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններն են անցկացվում։ Ժամը 08:00-ից Արցախում բացվել են  281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում:

Քանի հոգի է մասնակցել քվեարկությանը

Քվեարկությունը բավականին ակտիվ է ընթացել, և մասնակցելու իրավունք ունեցող 103.663  ընտրողներից՝ տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20:00-ի դրությամբ  ընտրություններին մասնակցել է 76471 ընտրող, որը կազմում է ընտրողների 72,7 տոկոսը:

Անվտանգության նկատառումներից ելնելով` Արցախի ընտրատեղամասերում յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված են դիմակներ, ձեռնոցներ և գրիչներ։ Իսկ ՀՀ-ում գտնվող Երևան 1 ընտրատեղամաս մուտք գործելուց առաջ ընտրողները ախտահարում են ձեռքերը և կրկին ընտրատեղամաս մուտք գործում հատուկ պատշպանիչ միջոցներով՝ դիմակով և ձեռնոցով։

Հիշեցնենք, որ Հանրապետության Նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն և 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:   

Ինչ ընտրախախտումներ են արձանագրվել

Մեր նախորդ հրապարակումներում ներկայացրել էինք, որ տեղի են ունեցել մի շարք ընտրախախտումներ՝ լուսանկարած քվեաթերթիկների և չկնքված քվեատուփերի տեսքով։

Լուսանկարված քվեաթերթիկները, որոնք բազմաթիվ են, առնչվում են «Ազատ Հայրենիք» կուսակցության հետ։ Ասվածի ևս մեկ օրինակ նկատել է նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի վստահված անձ Շողեր Հարությունյանը։
 


 

Այս ամենի առնչությամբ մի շարք պաշտոնական հայտարարություններ են եղել։

«Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ «Հարգելի գործընկերներ, համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում ուղղորդված կերպով թիրախավորվում են «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքն ու Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: Ըստ հրապարակումների, ակնհայտորեն խախտվել են որոշ ընտրողների իրավունքներ: Հիշեցնենք, որ քվեարկության գաղտնիությունը խախտելը սահմանում է պատասխանատվություն` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մեջբերում. «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում, մասնավորապես, Շուշիի և Ստեփանակերտի ընրատեղամասերում ընտրական իրավունքի խախտման տեսագրված փաստերին, և պահանջում ենք մինչև քվեարկություն ավարտը կանխել նմանատիպ միջադեպերի կրկնությունը»։

Կուսակցությունը հանդես է եկել նաև հետևյալ հայտարարությամբ․ «Համացանցում տարածված այս տեսանյութում մի կին նկարահանել է իր քվեաթերթիկը`մեր կուսակցության օգտին կատարված նշումով: Կտրականապես դատապարտում ենք ընտրական օրենսգրքի ցանկացած խախտում: «Ազատ Հայրենիք» կուսակցությունը տեղյակ չէ` ով և ինչու է արել այդ նկարահանումը: Մեզ արջի ծառայություն մատուցող պետք չէ: Չենք բացառում, որ դա լինի կազմակերպված սադրանք` քվեարկության ընթացքի վրա ստվեր գցելու նպատապով: Հուսով ենք, պատկան մարմիններն արագ կբացահայտեն եղելությունը: Ընտրական պրոցեսի բոլոր մասնակիցներին կոչ ենք անում մնալ քաղաքակիրթ պայքարի շրջանակում»։

Այս կապակցությամբ խոսել է «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ով այդ ամենը սադրանք է համարում, ասել է«Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի քննեն այդ տեսանյութերը՝ թե ովքեր են այդ տեսանյութերը նկարել և ինչ նպատակով: Մենք գտնում ենք, որ այդ ամենն արվում է մեկ նպատակով, որպեսզի, նախ` ստվեր գցեն ընտրությունների վրա և երկրորդը՝ փորձեն ամեն կերպ կեղծ մեղադրանքներ ներկայացնեն և՛ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքին, և՛ մեր նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին»։

Վահրամ Պողոսյանը նաև գրառում է կատարել և նշել, որ պարզել են, որ տեսանյութի հերոսը նախագահի թեկնածուներից մեկի շտաբի պետի մայրն է:
 


 

 «Կեղծ ընտրաթերթիկների ու բաց արկղերի հետ կապված խախտումներ կան, որոշ տեղերում մոռացել են դիմակները»,- արձանագրել է «Մեդիա պաշտպանը»։
 


 

Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Արփինե Հովհաննիսյանը նույնպես նշել է, որ ընտրախախտումներ են արձանագրվել. «Առանձին ընտրատեղամասերում նկատվել են քվեախցիկում երկու ընտրողների, այսինքն օրինակ ընտանիքով են եկել երկուսով մոտենում են քվեախցիկին և փորձում են էնտեղ քվեարկություն իրականացնել։ Որոշ տեղամասերում արձանագրել ենք նաև քվեաթերթիկը նկարելու փորձեր»,- ասել է Հովհաննիսյանը։

Antifake.am-ը հետևում է Արցախում տեղի ունեցող նախագահական և Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքին և պարբերաբար կներկայացնի քվեարկության մասնակցության, արդյունքների և ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ։

 

Հեղինակ` Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն