.png)
Այս շաբաթ Ազգային ժողովը քննարկում էր Կառավարության ներկայացրած ծրագիրը:
8-րդ գումարման Ազգային ժողովում յուրահատուկ սցենար է. ամեն ինչ քննարկվում է բացի օրակարգային հարցերից: Անմասն չմնաց նաև Կառավարության ծրագիրը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Կառավարության ձևավորումից հետո առաջին անգամ խորհրդարան էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն էլ ներկայացրեց ծրագիրն ու «պատասխանեց» պատգամավորների հարցերին:
Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանին ամենասուր հարցերը տրվում էին դահլիճի աջ հատվածից, ուր տեղավորվել է ընդդիմությունը, իսկ Փաշինյանն էլ իրեն հատուկ մանիպուլյացիոն հնարքներով կա՛մ խուսափում էր պատասխանից, կա՛մ ամբողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդում «նախկինների» վրա, կա՛մ էլ օգնության էին հասնում յուրային պատգամավորներն ու իրենց հոխորտալից և շատ դեպքերում` անբովանդակ ելույթներով սադրում ընդդիմադիրներին:
Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին հատկապես հայտնի է ստերով և մանիպուլյացիաներով, որը առատորեն շաղ է տվել իր շուրջբոլորը: Բացառություն չէր նաև այս անգամ:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին իր իսկ խոսքերը, երբ կորոնավիրուսային համավարակի ընթացքում հերթական «կորոնալայվերից» մեկի ժամանակ վերջինս ասել էր. «… Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև էս ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության»:
Սակայն Նիկոլ Փաշինյանը միանգամից հերքեց` ասելով, թե ինքը նման կերպ չի արտահայտվել:
Այնինչ, դեռևս 2020թ. հունիսի 3-ին իր «կորոնալայվում» Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասել էր. ««… Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև էս ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության:… Լավ ենք, վատ ենք` էս ենք»:
Չենք փորձում հերթական անգամ ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ստում է, այլ պարզապես արձանագրում ենք առկա փաստը և ևս մեկ անգամ արձանագրում, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյանտ լինելուց բացի նաև պրոֆեսիոնալ ստախոս է:
Աղբյուր՝ AntiFake.am