Daily Digest. 31.03.2020. Արցախյան ընտրություններ և կորոնավիրուսային զարգացումներ

article-image

Հայաստանում նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը շարունակվում է, իսկ AntiFake.am-ը շարունակում է աշխատանքները:

Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, Հայաստանում մարտի 31-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 532 դեպք:


Օրվա ընթացքում ներկայացրինք Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքը:

Հանրապետության Նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն և 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:  

Ընտրությունների ամբողջ ընթացքում ընտրողների մասնակցությունը բավական ակտիվ էր: Ընտրատեղամասերի փակման ժամի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 76․471 ընտրող, որը կազմում է ընտրողների 72,7 տոկոսը:

Անվտանգության նկատառումներից ելնելով` Արցախի ընտրատեղամասերում յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված էին դիմակներ, ձեռնոցներ և գրիչներ։ Իսկ ՀՀ-ում գտնվող Երևան 1 ընտրատեղամաս մուտք գործելուց առաջ ընտրողները ախտահարում էին ձեռքերը և կրկին ընտրատեղամաս մուտք գործում հատուկ պատշպանիչ միջոցներով՝ դիմակով և ձեռնոցով։

Անդրադառնալով արձանագրված ընտրախախտումներին, հարկ ենք համարում նշել  լուսանկարած քվեաթերթիկների և չկնքված քվեատուփերի հանգամանքը:

Օրինակ, Շուշի ընտրատարածք 7/1-ի ընտրողներից մեկը նկարել էր քվեաթերթիկը, այնուհետև ջնջել այն՝ դիտորդների հետ զրույցից հետո։ Քվեաթերթիկը նկարած կինը ընտրել էր նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցությանը։ Տեսախցիկները նաև ֆիքսել են դեպքեր, երբ երկու անձ միաժամանակ գտնվել է ընտրախցիկում, սակայն տեսանյութից հնարավոր չէ հասկանալ՝ դա օրենքով սահմանված օգնություն է անկարողունակ անձին, թե ընտրախախտում։

Արցախյան ընտրությունների վերաբերյալ առավել մանրամասն՝ կարդացե՛ք՝ «Արցախում քվեարկության ընթացքն ու ընտրախախտումները. Ընթացիկ ամփոփում»՝ երեք մասով: (1,2,3)


Արցախի ընտրությունների կապակցությամբ հայտարարություն են տարածել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում համանախագահները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը 2019թ. մարտ 9-ին համանախագահների հայտարարությամբ վերստին հիշատակված տարրերի և  սկզբունքների համաձայն իր ապագան որոշելու գործում: Համանախագահները, այնուամենայնիվ, նշում են, որ Լեռնային Ղարաբաղը որևէ համանախագահ պետության կամ մեկ այլ երկրի կողմից ճանաչված չէ որպես անկախ և ինքնիշխան պետություն», - ասված է համանախագահների հայտարարության մեջ:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրությունների կապակցությամբ»


Բջջային հեռախոսի տվյալներն օգտագործելու նախագիծը ձեր վզին գցվող թոկ է. ահազանգում են մասնագիտական շրջանակները.

Երկու օր է, ինչ Ազգային ժողովը քննարկում է բջջային հեռախոսների միջոցով անձանց անձնական տվյալների և տեղակայման մասին տեղեկությունների հավաքագրում և մշակման վերաբերյալ օրենքի նախագիծը ընդունելու հարցը:

Չնայած մասնագիտական հանրության քննադատություններին և պատգամավորների կողմից ոչ միանշանակ ընդունվելուն՝ Արդարադատության նախարարը նշում է, որ դա անհրաժեշտ է կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխարգելելու համար։ Մինչդեռ մասնագիտական հանրույթի մոտ անհասկանալի է, թե ինչպես կարող է անձի բջջային հեռախոսի տվյալները, ինչպես օրինակ՝ զանգի տևողությունը, զանգի հաճախականությունըև այլն, օգտակար լինել համաճարակի տարածումը կանխելու համար։

Նախագծի քվեարկությունը բավական զարմանալի զարգացումներ ստացավ. առաջին փորձից նախագիծը չընդունվեց: Այնուհետև իշխանական պատգամավորները արտահերթ նիստ գումարեցին և ընդունեցին վիճահարույց նախագիծը: Ովքեր ներկայացան քվեարկությանը, և ովքեր օգնության հասան օրենքի նախագծի ընդունմանը՝ մեր հրապարակումներում:

Մինչ Ազգային ժողովում եղանակներ էին փնտրում օրենքի նախագիծը ընդունելու համար, այդ ընթացքում պարետատունը հասցրեց փակել Չարենցավան համայնքը, այնուհետև նորից բացել. «տեխնիկական սխալի սպրդման» արդյունք էր, պարզաբանում են բնակչությանը խուճապի ենթարկած պատասխանատու պաշտոնյաները:

Ավելին՝ «Պարետատունը խուճապ է տարածում. Չարենցավան մարդկանց մուտքն ու ելքը չի արգելվի»


Մարտի 31-ին մամուլի ասուլիսով հանդես եկավ նաև ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: Ինչպես սահմանվել է, լրագրողները կարող են հարցադրումներ անել ինչպես Կառավարության մամուլի կենտրոնում, այնպես էլ հնարավորություն ունեն նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը: AntiFake.am-ը ևս հարցադրումներ ուներ՝ ուղղված պարետին, սակայն վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը անհասկանալի գործելաոճով կամակայանորեն չհնչեցրեց դրանք:

Թեմայի վերաբերյալ մեր անդրադարձը. «Պարետ Ավինյանի ասուլիսի ընթացքում չեն հնչեցվել AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը»


Համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որոնցում երևում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում բազմաթիվ մահճակալներ են դրված: Հանրության շրջանում մեծ աղմուկ հանած լուսանկարների առնչությամբ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարություն էր տարածել. «Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ»։

Ավելին՝ «Կորոնավիրուսի դեմ նախապատրաստական միջոցառումների շրջանակներում Մարզահամերգային համալիրի նախասրահում մահճակալներ են տեղադրվել (ՆՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)»


Մարտին հրապարակվել էր նաև ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի վերաբերյալ 2019 թվականի զեկույցը: Ներկայացրել էինք զեկույցի առավել հետաքրքիր հատվածները, ինչպես նաև զեկույցում տեղ գտած հատվածների վերաբերյալ մեր նկատառումները:

Կարդացե՛ք՝ «ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի վերաբերյալ զեկույցը. Զեկույցի առավել կարևոր հատվածները»


Մարտի 30-ին երեկոյան ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ երեկ՝ ժամը 19։00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ։ Նույն ժամանակահատվածում հակառակորդը կրակահերթի տակ էր պահում հայկական սահմանամերձ Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, որի արդյունքում վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, ով կրակահերթի պահին գտնվել է պատշգամբում։

Հատկանշական է, որ Ալիևին «կիրթ» և ԼՂ հիմնախնդրի լուծումը նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի համարող մեր իշխանությունները կարծես թե այս միջադեպով այդքան էլ մտահոգված չեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում կողմից որևէ հարցի հրատապությունն ու կարևորությունն, արդեն 2 տարի է, ինչ արտահայտվում է ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, նույնիսկ գրառում չի կատարել այս մասով, լռում են նաև մյուս բարձրաստիճան պաշտոնյաները։

Թեմայի վերաբերյալ. «Ադրբեջանական «կիրթ» «չհրահրված խախտումը» սահմանին կորոնավիրուսի պանդեմիայի օրերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)»


Ահազանգում են նաև ներկրողները: Օրերս ներկրում իրականացնող գործարարներից մեկը դիմել էր AntiFake.am-ին ներկրման ընթացքում առաջացած խնդիրները բարձրաձայնելու համար:

Խնդիրը առավել մանրամասն՝ «Մեզ քերթում են, հարկ են ուզում. 26 տոննա եգիպտացորենը կարող է փչանալ. ներկրողն ահազանգում է Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ-ի առաջացրած խնդիրների մասին»

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն