COVID-19: Արտակարգ դրություն. օր 16

article-image

Հայաստանի Հանրապետությունը, արդեն 16 օր է՝ գտնվում է արտակարգ դրության մեջ՝ իր բոլոր արտակարգ հանգամանքներով: AntiFake.am-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը և ամփոփ իր ընթերցողներին է ներկայացնում մարտի 31-ի իրադարձությունները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 532-ի: Բուժվածների թիվը 31 է, մահվան ելքերը՝ 3: Այս մասին տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մարտի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք: Նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ևս մեկ առողջացած պացիենտի մասին:

«Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31:

 Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են:

Առողջություն եմ մաղթում բոլորին»:

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն` ըստ Երևանի և մարզերի:

«Ներկայացնում ենք Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի: Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:

Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն:

Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ, և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։

Երևան` 219

Արագածոտն` 10

Արարատ` 113

Արմավիր` 51

Լոռի` 4

Կոտայք` 88

Շիրակ` 6

Սյունիք` 8

Վայոց ձոր` 1

Տավուշ` 2»:

«Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները»: Այս մասին ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես խնդրում եմ բոլորիս շատ լուրջ վերաբերել: Մեր այսօրվա դրական ախտորոշված քաղաքացիների մեծ մասը 424 անձ,  նույնիսկ ջերմություն չունի, բայց մյուս կողմից շուրջ 90 անձ  թոքաբորբ ունի և այս պահին  նրանցից 30-ը գտնվում են  ծանր վիճակում են: Իրականում իրավիճակը շատ ռիսկային է»,- ասել է Փաշինյանը:

«Հետագա տասը օրերի ընթացքում կարող է մարտավարությունը փոխվել և սահմանափակումները ավելի են խստացվելու, վերահսկողությունը պետք է ավելի էֆեկտիվ դարձնել, ոստիկանության ուժերին նաև միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր, որովհետև իրապես ծանր աշխատանք է այս վերահսկողությունը և որպեսզի բարձրացնենք վերահսկողությունը մենք հավելյալ ուժեր ենք ներգրավելու»: Այս մասին Կառավարության մամուլի կեենտրոնում տեղի ունեցած ասուլիսիժամանակ հայտարարել է  ՀՀ փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանը:

«Մենք կարող է որոշ չափով փոփոխենք այն մեխանիզմները, որով անձինք իրավունք են ստանում տեղաշարժվելու ՀՀ տարածքով և մասնավորապես աշխատանքի մեկնող անձինք մոտ երկու օրից պետք է ոնենան մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ իրենք պետք է գնան այսինչ տեղն աշխատանքի: Դա պետք է տրվի համապատասխան տնտեսվարողի կամ համապատասխան պետական հանրային մարմնի կողմից, որ այս անձը այստեղ է աշխատում և պետք է ներկայանա աշխատանքի»,- ներկայացրել է Ավինյանը:

Կազմակերպվել է Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանը:

«Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ՀՀ պարետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից»:

ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երեւանի եւ Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը։ Այդ մասին տեղեկացրել է Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը:

ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երեւանի եւ Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը։

«Հաստատած ուղեցույցի դրույթները խախտելու պատճառով գործունեության ժամանակավոր կասեցման որոշում կիրառվել է արդեն շուրջ 2 տասնյակ տնտեսվարողի հանդեպ։ Ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն