COVID-19: Արտակարգ դրություն. օր 17

article-image

Հայաստանի Հանրապետությունը, արդեն 17 օր է՝ գտնվում է արտակարգ դրության մեջ՝ իր բոլոր արտակարգ հանգամանքներով: AntiFake.am-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը և ամփոփ իր ընթերցողներին է ներկայացնում ապրիլի 1-ի իրադարձությունները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 571-ի: Բուժվածների թիվը 31 է, մահվան ելքերը՝  4: Այս մասին տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»։

Մինչև ապրիլի 12-ը ներառյալ՝ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանը:

 «Սիրելի՛ հայրենակիցներ,

Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել ենք արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`

 Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:

Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում:

Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման:

Աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը: Այս կետը պարտադիր է դառնում ապրիլի 1֊ի ժամը 23։59֊ից։

Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։

Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։

Մյուս սահմանափակումների մանրամասները` որոշման մեջ➡️ https://www.gov.am/files/docs/3985.pdf

‼ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները, քանի որ ցանկանում ենք, որ ժամանակ ունենաք ադապտացվելու համար:

Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»:

Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:

Պարտադիր է ապրիլի 1-ի ժամը 23։59-ից:

Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն: Այս մասին տեղեկացրել է Արցախ տեղեկատվական շտաբը

«Հաշվի առնելով ՀՀ Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները՝ հայտնում ենք, որ 2020 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ սահմանափակվում է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժման իրավունքը ՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

  • բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներ և մեկական ուղեկցողներ.
  •  սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք.
  • անհետաձգելի առողջական խնդիրներով պայմանավորված հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ այցելող անձինք:

1-րդ, 2-րդ և 3-րդ կետերում նշված անձինք սահմանային հսկիչ կետերով անցնելու և ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար պարտավոր են ունենալ և պահանջի դեպքում ներկայացնել Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող փաստաթուղթ (տեղեկանք կամ թերթիկ) և անձը հաստատող փաստաթուղթ»:

ՀՀ-ում գտնվող ԱՀ քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժամը 23:59-ի ժամանակահատվածը: Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախ տեղեկատվական շտաբը:

«Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին

Հաշվի առնելով ՀՀ Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները (կապված նոր կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածման վտանգի հետ)՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև 2020 թվականի ապրիլի 2-ի ժամը 23.59-ի ժամանակահատվածը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի:

Նշված սահմանափակումից բացառություն են կազմում ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ բեռնափոխադրումներ իրականացնող անձինք, ովքեր կարող են սահմանված կարգով «Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք» և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում տեղաշարժվել (ինչպես նաև սահմանային հսկիչ կետերով անցնել) նաև ապրիլի 2-ից հետո»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն