Գազի հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանի նախկին մանիպուլյացիաներն ու ներկայիս խնդիրները. որքան կարժենա գազը բնակիչների համար

article-image

Ոչ ոքի համար, հատկապես վերջին երկու տարիներին, գաղտնիք չէ, որ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ նախկին իշխանությունների վերաբերյալ «քննադատությունների» հիմքում «փաստեր» չեն եղել։ Այս ամենը իր տարբեր գործողություններով ապացուցում է հենց ինքը՝ Փաշինյանը՝ իր քաղաքական թիմի հետ։

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, Փաշինյանը իր քաղաքական ելույթները կառուցում է պոպուլիզմի և «սենսացիաների» վրա։ Միգուցե այդ պատճառով էլ Փաշինյանը հաճախ հայտնվում է դժվարին իրավիճակում և քննադատության ենթարկվում այն ամենի համար, ինչի համար ինքն էլ ժամանակին «քննադատում» էր նախկին իշխանություններին։

Իսկ թե ինչպես է Փաշինյանը կարողանում լուծել այն խնդիրները, որոնց վերաբերյալ նախկին իշխանությունների քայլերը նա «քննադատում էր»՝ մեկ այլ խնդիր է։


«Իշխանություն գազի դիմաց» կամ ընդդիմադիր Փաշինյանի «քննադատություններն»՝  ուղղված նախկին իշխանություններին


Հայ-ռուսական հարաբերությունները և գազի բարձր գնի վերաբերյալ շահարկումները մշտապես գտնվել են ընդդիմադիր Փաշինյանի օրակարգում։ Նա բազմիցս նշել է, որ բարձր գազի գնի մեղավորը այդ ժամանակվա իշխանություններն են եղել, և այդ գործընթացը կապված է ընտրությունների հետ:   

2013թ. մայիսին Փաշինյանը պնդում էր, որ իշխանությունն ընտրություններից առաջ է իմացել գազի գնի թանկացման մասին։ 2013թ. դեկտեմբերին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր ՀայՌուսգազարդի վերջին 20% մասնաբաժինը Գազպրոմին փոխանցելու հարցը, Փաշինյանը ելույթ ունեցավ և այդ իրադարձությունը որակեց՝ «իշխանություն գազի դիմաց»: 2015թ. իր ունեցած ելույթներից մեկում Փաշինյանը նշել է, որ Գազային հանձնաժողովի զեկույցում Հայաստանի սպառողների համար ոչ մի լավ լուր չկա, և սպառողները 20 միլիոն դոլար են վճարում գազի համար:

Կարելի՞ է ենթադրել, որ բարձր գազի գնի վերաբերյալ «մտահոգվող» ընդդիմադիր քաղաքական գործիչը իշխանության գալուց հետո ջանքեր չի խնայելու գազի գնի եթե ոչ իջեցման, ապա գոնե սակագնի պահպանման համար։ Այո՛, կարելի է։


Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո գազի գնի առաջին բարձրացումն ու հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունները


Փաշինյանի իշխանության գալուց հետո շատերն էին սպասում, որ նրա կողմից պատեհ-անպատեհ առիթներով աղաղակվող «փայլուն» հայ-ռուսական հարաբերությունները թույլ կտան գազի գնի վերաբերյալ «փայլուն» բանակցություններ վարել և ինչու ոչ՝ ցածր սակագնով երկարաժամկետ գազային պայմանագիր կնքել։ Սակայն այս հարցում էլ Փաշինյանը հուսախաբ արեց իր ընտրողներին։

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց կարճ ժամանակ անց, երբ լրագրողները տեղեկություններ էին ստացել գազի գնի թանկացման վերաբերյալ և հարց ուղղել նորընտիր վարչապետին, վերջինս ասել էր, որ գազի թանկացման մասին տեղեկատվություն չունի՝ չնայած այն հանգամանքին, որ մամուլում բազմաթիվ տեկեություններ էին շրջանառվում, և իրենք պայմանավորվել են շարունակել գազի գնի վերաբերյալ բանակցությունները: Փաշինյանն այս մասին խոսեց վերջին պահին, երբ պարզ դարձավ, որ Գազմպրոմը 2019թ․ հունվարի 1-ից  Հայաստանի համար գազի գինը 15 դոլարով թանկացնում է՝ այն 1000 խմ դիմաց 150 դոլարի փոխարեն 165 դոլար դարձնելով։ Փաշինյանն ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ գազի գինը սպառողի համար չի թանկանա, և հարցը կլուծվի ներքին որոշակի կարգավորումների՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին։

Արդյունքում, 2019թ․ ընթացքում գազի սակագինը սպառողների համար մնաց նույնը, սակայն էլ ավելի խորը ֆինանսական խնդիրների առջև կանգնեցրեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, ինչը չէր բացառում գազի սակագնի բարձրացման նպատակով ընկերության՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելը։

«Հայաստանը չի ուզում ռուսական գազի համար վճարել այն գումարը, որն առաջարկում է «Գազպրոմ»-ը և սկսել է ճնշել «Գազպրոմ Արմենիա»-ին»,- ասում էին ռուսական փորձագիտական շրջանակները և տեղեկացնում, որ գազի գինը Հայաստանի համար չի նվազելու։

Ստեղծված իրավիճակը փաստում է, որ գազի գնի խնդրին Փաշինյանի կառավարությունը ընդամենը կարողացել էր տալ ժամանակավոր և այլ խնդիրներ հարուցող լուծումներ։ Ինչպես Փաշինյանն էր ասել, այդ լուծումները «առաջիկա տեսանելի ապագայի համար էին»։


Հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների նոր փուլի մեկնարկը և գազի հնարավոր 36%-ով թանկացումը
 

Թեև 2019թ․ դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել էր, որ 2020թ․ չի թանկացնի Հայաստանին մատակարարվող գազի գինը, այնուամենայնիվ գազի գնի փոփոխություն կլինի։

Ինչպես տեղեկանում ենք azdarar.am կայքում տեղադրված հայտարարությունից, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման և բնական գազի փոխադրման սակագների վերանայման հայտերով։

Այսպես, «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է 2020թ․ օգոստոսի 1-ից ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար բնական գազի գինը նվազեցնել շուրջ 2,3%-ով և գործող 139 000 դրամի փոխարեն, դարձնել 135 909.6 դրամ, իսկ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար, վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի 100 000 դրամ արժեքը դարձնել 135 909.6 դրամ՝ բարձրացնելով այն 36%-ով։ Գազի սակագնի փոփոխությունը վերաբերվում է ՀՀ բնական գազի բոլոր սպառողներին՝ բացի էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայաններից։

Այս ամենն իրենից ենթադրում է գազի սպառման մի խմբի համար սակագնի նվազում, մյուս խմբի համար՝ թանկացում, որի վերջնարդյունքում բոլոր խմբերը վճարելու են նույն գումարը։ 

Գազի թանկացումը, բնականաբար, իր ազդեցությունն է ունենալու տնտեսության համար և հանգեցնելու է մի շարք ապրանքների թանկացմանը։ Հաշվի առնելով, որ Հայաստանը գազը գնում է ԱՄՆ դոլարով և ներկայումս դոլարի փոխարժեքը աճ է գրանցում և հավանաբար կշարունակի գրանցել՝ ապա հավանական է, որ գազի գինը էլ ավելի կթանկանա։

Հատկանշական է, որ «Գազպրոմ Արմենիայի» տարածած հաղորդագրությանը նախորդել էին փոխվարչապետ Գրիգորյանի՝ Կառավարության անունից  «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ուղղված նամակը, որով առաջարկվել էր գազի գնի փոփոխության նվազեցման վերաբերյալ բանակցություններ սկսել, և հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած վարչապետ Փաշինյանի ու Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի, հեռախոսազրույցն այն մասին, որ ռուսական գազի գինը բարձր է և չի համապատասխանում համաշխարհային մակարդակին։

Եթե հավատանք որոշ փորձագետների տեսակետին, ապա գազի վաճառքը Ռուսաստանի համար առավելապես կրում է քաղաքական, այլ ոչ թե տնտեսական բնույթ։ Ստացվու՞մ է, որ հայ-ռուսական հարաբերությունները «փայլուն չեն», և առկա են մի շարք խնդիրներ։ Իսկ միգուցե այդ խնդիրների պատճառը հենց գործող իշխանության հակառուսական երանգնե՞րն են, կամ էլ ռուսական գազի գնի շուրջ Փաշինյանի զրույցը Լուկաշենկոյի, այլ ոչ թե Պուտինի հետ։

Եթե հայ-ռուսական հարաբերությունները «փայլուն են», ապա ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ հայկական կողմի՝ գազի սակագնի նվազեցման քայլերի ձեռնարկման անմիջապես հաջորդ օրը՝ գազի գնի 36%-ով թանկացման մասին տեղեկություններ են հրապարակվում։ Ուրեմն, ինչպես Փաշինյանն այն ժամանակ, մենք ներկայումս կարո՞ղ ենք հետևություններ անել, որ սա Փաշինյանի օրոք Հայաստանի արտաքին քաղաքականության հերթական ձախողումն ու նրա չհաշվարկված քայլերի հետևանքն է, թե՞ հետևություն անենք, որ ամեն դեպքում գազի հարցի առնչությամբ դրա քաղաքական կոմպոնենտի շուրջ նախկինում Նիկոլ Փաշինյանի բարձրացրած աղմուկը մանիպուլյացիա էր և նախկին իշխանություններին մեղադրելու ու հայ հասարակությանը Ռուսաստանի դեմ տրամադրելու պատրվակ։ 

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն