Ովքեր են ղեկավարելու Աֆղանստանը. Տալիբանյան ժամանակավոր կառավարությունը

article-image

Մոտ երկու ամիս է, ինչ Աֆղանստանը համաշխարհային մամուլի և քաղաքականության կիզակետում է: Բոլորը անհանգստացած են Աֆղանստանի և նրա բնակիչների ճակատագրով: 

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ամերիկյան զորքերը մոտ 10 տարի տևած օկուպացիայից հետո սկսեցին լքել Աֆղնաստանը: Պարզվեց, որ ամերիկյան զորքերի մարզումները և համակեցությունը բավարար արդյունավետ չեն եղել Աֆղանստանի զինված ուժերի համար, որպեսզի դիմակայեն իրենց «տնային» ահաբեկիչներին, և այսպես Տալիբանը, որը ինքն էլ չէր հավատում, որ այսքան հեշտությամբ և արագ նորից իշխանության կգա, գրավեց Աֆղանստանը:

Օգոստոսի 16-ից հետո բազմաթիվ փորձագետներ են գրում Տալիբանի և Աֆղանստանի մասին, կանխատեսումներ անում ու սարսափով նշում մարդու իրավունքների պաշտպանության մասին: Հատկապես շեշտվում է կանանց ճակատագրի հարցը, քանի որ Տալիբանի իշխանության տարիներին կանայք Աֆղանստանում որևէ հանրային ակտիվություն դրսևորելու իրավունք չունեին:

Հետաքրքիր է, որ մինչև վերջին օրերը Աֆղանստանում տալիբներին դիմադրում էր մի նահանգ` Փանջշիրը, որը Աֆղանստանի 34 նահանգներից միակն է, որը մինչև վերջ դիմադրություն ցույց է տվել ահաբեկչական խմբավորմանը:

Փանջշիրը փոքր, բազմազգ և լեռնային նահանգ է, որտեղ ապրում են մոտ 170 հազար մարդիկ` բնակվելով հիմնականում Փանջշիր գետի երկայնքով, որը Հինդուկուշի լեռներով հոսում է դեպի Բագրամ քաղաք:

Փանջշիր գետը
 

Փանջշիրում դիմադրությունը ղեկավարում է հայտնի Ահմադ շահ Մասուդի որդին` 32-ամյա Ահմադ Մասուդը, որը գլխավորում է Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը (National resistance Front Afghanistan):

Ահմադ Մասուդը` Ահմադ շահ Մասուդի որդին
 

Ահմադ շահ Մասուդը պատմությանը հայտնի է որպես «Փանջշիրի առյուծ», ղեկավարել է Հյուսիսային դաշինքը` 1980-ականներին պայքարելով խորհրդային ներխուժման, իսկ արդեն 1990-ականներին` Տալիբանի հարձակումների դեմ: Նա սպանվել էր ԱՄՆ-ում տեղի ունեցած հայտնի ահաբեկչական հարձակումներից` «9/11»-ից երկու օր առաջ:

Ահմադ շահ Մասուդը

Ակնհայտ է, որ չնայած Մասուդի` համազգային դիմադրության և ապստամբության կոչերին ու հայտարարություններին, Փանջշիրը վերջիվերջո անցնելու է Տալիբանի վերահսկողության ներքո:

Իսկ Տալիբանը արդեն իսկ ջանքեր է գործադրում հիմնական կառավարման անցնելու ամբողջ երկրի մասշտաբով ու կառավարություն է ստեղծել:

Մինչ Եվրոպական Միությունը հայտարարում է, որ նորաստեղծ կառավարությունը ներառական ու ներկայացուցչական չէ (բնականաբար, զարմանալի կլիներ, որ լիներ), իսկ մյուս կողմից Աֆղանստանի դիմադրության ճակատը հորդորում չճանաչել տալիբանյան իշխանությունը, տալիբները արդեն իսկ հայտարարել են ժամանակավոր կառավարության մասին:

Ստորև ներկայացնում ենք ժամանակավոր կառավարության հայտնի դեմքերին:

Մուհամմադ Հասան Ախունդ

Մուհամմադ Հասան Ախունդը / BBC

Մուհամմադ Հասան Ախունդը ղեկավարելու է ժամանակավոր կառավարությունը:

Ախունդը հայտնի է որպես Տալիբան շարժման հիմնադիր Մուհամմեդ Օմարի ամենամոտ քաղաքական խորհրդականներից մեկը:

Տալիբանի հայրենիք համարվող Կանդահարից սերող Ախունդը ՄԱԿ պատժամիջոցների ցանկում է և համարվում է Տալիբանը ղեկավարող խորհրդի ղեկավարը: 1996-2001 թվականներին Մուհամմադ Հասան Ախունդը եղել է Տալիբանի արտաքին գործերի նախարարը և այնուհետև` փոխվարչապետը:
 

Աբդուլ Ղանի Բարադար

Աբդուլ Ղանի Բարադարը / Hussein Sayed/AP Photo

 

Աբդուլ Ղանի Բարադարը համարվում է Տալիբանի հիմնադիրներից մեկը, որը այժմ նոր ժամանակավոր կառավարության փոխվարչապետն է: 

Նա համարվել է վերջին տարիներին Տալիբանի ղեկավարներից ամենահանրային և աչքի ընկնող անձը, որը մեծ հեղինակություն է վայելում Տալիբանի շարքերում:

Բարադարին անվանում են նաև «Մոլլա Բարադար» և հայտնի է դարձել Տալիբանի հիմնադիր Մուամմադ Օմարի մահից հետո, որը երբևէ չի երևացել հանրային վայրերում:

Տալիբանի փոխվարչապետը հայտնի է նաև Դոհայում ԱՄՆ-ի հետ իր բանակցություններով: Հենց նա է ստորագրել ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը 2020 թվականի փետրվարի 29-ին: Այս փաստաթուղթը թույլ տվեց ԱՄՆ զորքերի դուրսբերումը Աֆղանստանից և հետագա բանակցությունները Աֆղանստանի նախորդ իշխանությունների հետ Դոհայում:

Բարադարը 2019 թվականի հունվարից Դոհայում ղեկավարել է Տալիբանի քաղաքական գրասենյակը այն բանից հետո, երբ ազատ է արձակվել պակիստանյան բանտից: Նա անցել էր Պակիստան` 2001 թվականին Աֆղանստանում տալիբների իշխանության տապալումից հետո:
 

Մուհամմադ Յաքուբ

Մուհամմադ Յաքուբը Տալիբանի հիմնադիր Մուհամմեդ Օմարի որդին է: Համարվում է, որ նա մոտ 30 տարեկան է և ղեկավարում է շարժման ռազմական գործողությունները:

2016 թվականին Տալիբանի առաջնորդ Ախթար Մանսուրի մահից հետո, որոշ զինյալներ ցանկանում էին Յաքուբին ընտրել որպես շարժման գերագույն առաջնորդ և հրամանատար, սակայն մյուս մասի կարծիքով` նա դեռ երիտարսարդ էր ու փորձ չուներ:

Վերջին շրջանում Տալիբանի առաջխաղացման հետ միաժամանակ, ինչպես վկայում է «Associated Press» լրատվական գործակալությունը, Յաքուբը հորդորում էր տալիբ զինյալներին չվնասել աֆղանական զինվորականությանն ու կառավարության անդամներին և զերծ մնալ կառավարության ու անվտանգային պաշտոնյաների լքված տներ մտնելուց:

Տալիբան շարժման հիմնադիր Մուհամմադ Օմարը
 

Սիրաջուդդին Հաքքանի

Սիրաջուդդին Հաքքանին

Սիրաջուդդին Հաքքանին Տալիբանի շարքերում գործող ամենաազդեցիկ խմբերից մեկի` Հաքքանիների առաջնորդն է, որը նաև գտնվում է հետախուզման մեջ ամերիկյան ՀԴՎ-ի (FBI) կողմից: Ձևավորված ժամանակավոր կառավարության կազմում Հաքքանին զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը` միաժամանակ հանդիսանալով Ախունդի տեղակալը:

Այնուամենայնիվ, վերը նշված գործիչներից ամենաազդեցիկը Տալիբանի գերագույն առաջնորդն է` Հայբաթուլլահ Ախունզադան, որը ահաբեկչական շարժումը ղեկավարում է 2016 թվականից` իր որոշիչ ազդեցությունն ունենալով Տալիբանի քաղաքական, ռազմական և կրոնական բոլոր հարցերի վրա:

Շարժման ներկայիս առաջնորդը` Հայբաթուլլահ Ախունզադա

Հայբաթուլլահ Ախունզադան / Voice of America / Wikimedia Commons
 

Տալիբանի ներկայիս առաջնորդը, համարվում է, որ ծնվել է 1961 թվականին Աֆղանստանի` Պակիստանին սահմանակից Կանդահար նահանգում: Նրա հայրը գյուղական իմամ է եղել: Խորհրդային ներխուժումից հետո Ախունզադայի ընտանիքը տեղափոխվել է Պակիստան, ուր վերջինս հաճախել է տեղի կրոնական դպրոցներից` մեդրեսսեներից մեկը:

Նա մասնակցել է խորհրդային զորքերի դեմ պայքարին դեռևս 1980-ականներին, սակայն անձամբ չի կռվել, իսկ Տալիբանին անդամակցել է անմիջապես շարժման ստեղծումից հետո` շահելով հիմնադիր Օմարի վստահությունը:

Աֆղանստանի գրավումից հետո` 1996 թվականին Ախունզադան գլխավորել է զինվորական դատարանը` դառնալով գերագույն դատարանի նախագահի տեղակալը: Համարում են, որ նա դաժան պատիժների, ինչպիսին, օրինակ, գողության դեպքում վերջույթների անդամահատումն է, կողմնակիցն էր:

Ախունզադան վերադարձել է պակիստանյան մեդրեսսեներ` Տալիբանի անկումից հետո, այս անգամ` որպես ուսուցիչ:

Մոլլա Օմարի մահից հետո Ախունզադան դարձել է Ախթար Մանսուրի տեղակալներից մեկն ու համարվել Տալիբանի կողմից կազմակերպվող ահաբեկչական գործողությունների կարևոր գործող անձանցից մեկը:

Մանսուրի մահից հետո Տալիբանը առաջնորդ է ընտրել հենց Ախունզադային, որը խնդիր ուներ կոնսոլիդացնել շարժման շարքերը, քանի որ համարվում էր, որ Մանսուրի ղեկավարման տարիներին շարժումը երկփեղկվել էր: Նրան համարել են համեստ (որքան էլ որ դժվար է կարծել) անձ, որը հնարավոր է, որ համաձայնվեր Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանը, սակայն շարժման անդամները դեմ են եղել նման հանգուցալուծմանը:

Շարժման առաջնորդը չգիտի օգտվել հեռախոսից, չի սիրում երևալ հանրային վայրերում, իսկ նրա որդին և եղբայրը սպանվել են ահաբեկչական գործողությունների արդյունքում:

Հայբաթուլլահ Ախունզադայի մահվան մասին շատ է խոսվել: Մամուլում բազմաթիվ անգամներ են շրջանառվել լուրեր նրա մահվան մասին, որոնք չեն հաստատվել: Օգոստոսի սկզբին էլ Տալիբանի խոսնակը հայտարարեց, որ Հայբաթուլլահ Ախունզադան շարունակում է լինել տալիբների հոգևոր, քաղաքական և ռազմական հարցերի հիմնական որոշում կայացնողը:

 

Նյութում օգտագործվել են տեղեկություններ և լուսանկարներ հետևյալ աղբյուրներից` Financial Times, BBC, Al Jazeera, Reuters, Associated Press:

 

Կազմեց Մելինե Հայրապետյանը

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն