Նիկոլ Փաշինյանի՝ վարկանիշը արհեստականորեն բարձրացնելու մանիպուլյացիոն ջանքերը

article-image

Նորություն չէ, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բավականին բարձր էր: Այս փաստը նաև ապացուցվել է որոշ հարցումների արդյունքներով: Մանավորապես, B4B.am-ի իրականացրած օնլայն հարցման արդյունքներով Նիկոլ Փաշինյանի քվեարկությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 9891 մարդ։ Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում էր չափազանց բարձր վարկանիշ։ Հարցվածների 77.2%-ը (7637 մարդ) լավ ու գերազանց են գնահատել Փաշինյանի վարչապետական գործունեությունը, այդ թվում, 15.7%-ը՝ լավ, 61.5%-ը գերազանց։ Հարցվածների 9.4%-ը չեզոք վերաբերմունք է դրսևորել՝ նրա գործունեությունը գնահատելով նորմալ։

Այն, որ այս վարկանիշը չեր պահպանվելու, կանխատեսելի էր, ինչում օգնում էր Նիկոլ Փաշինյանի կառավարման ոճը, իշխանության գալու հիմքերն ու չափազանց զգացմունքային հրապարակային ելույթները: Այս կանխատեսումների իրականացումը չուշացավ: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ օրերս Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել վերջին սոցհարցումների արդյունքները, որոնք ցույց են տվել, որ հանրության շրջանում վարչապետի վարկանիշը զգալի անկում է ապրել և տատանվում է 52-53 տոկոսի շրջանակներում:

Ուշագրավ է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ փորձում է պայքարել վարկանիշի նվազման միտումների դեմ՝ որպես գործիք կիրառելով միջազգային կառույցների հրապարակած տվյալները։ Այսպես, վերջերս վարչապետը, հրապարակելով Moody's վարկանշային կազմակերպության տվյալները, նշում է. ««Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը ՀՀ-ի սուվերեն վարկանիշի հեռանկարը և ՀՀ բանկային համակարգի կանխատեսումը «կայուն»-ից դարձրել է «դրական»: Դա վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական»:

Սակայն վարչապետը, տարված լինելով ցանկացած դրական ցուցանիշ իրեն վերագրելու ցանկությամբ, ակնհայտորեն ստում է, քանի որ Մուդիզի ցուցանիշները վերաբերվում են ոչ թե «մոտակա 12-18 ամիսներին», ինչպես գրել էր վարչապետը, այլ սույն գնահատականին Հայաստանը արժանացել է 2018 թվականի մարտ ամսին, այսինքն՝ մինչ իշխանափոխությունը: Այս հրապարակումը վարչապետի՝ նախորդ կառավարության գործերը իրեն վերագրելու ևս մեկ դրսևորում է:

Եվս մեկ գրառում Նիկոլ փաշինյանի էջում, ըստ որի՝ Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում՝ ըստ Երջանկության համաշխարհային զեկույցի։

Այս հետազոտության հեղինակները փորձել են պարզել, թե աշխարհի 155 երկրների բնակիչներ որքանով են գոհ իրենց կյանքից: Վարչապետը սրանով փորձել է համոզել ընթերցողին, որ այժմ իրենք ապրում են ավելի լավ երկրում՝ դրա մեջ շեշտելով իր և իր կառավարության դերը:  Հարկ է նշել, որ վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել մի քանի գործոններ՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, կյանքի ակնկալվող տևողությունը, բարդ իրավիճակներում սոցիալական աջակցությունը, կառավարության հանդեպ վստահությունը, որոշումներ կայացնելիս մարդկանց ազատության մակարդակը, վերջին ժամանակներս բարեգործական նպատակներով արված նվիրատվությունները: Այս շարքում, ինչպես տեսնում ենք, իր մեծ դերը ունի կառավարության հանդեպ վստահությունը, իսկ մնացած ցուցանիշներում որևէ առաջընթաց չի գրանցվել: Կարող ենք եզրակացնել, որ միավորները Հայաստանը վաստակել է հենց «վստահություն» ցուցանիշի շնորհիվ, ինչը դեռ չի կարող նշանակել, որ Հայաստանում առաջընթաց է գրանցվել ներկայիս կառավարության շնորհիվ:

Հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազման միտում ունի՝ ստացվում է, որ առաջիկայում երջանիկ երկրների շարքում Հայաստանը կրկին կարող է զիջել  իր դիրքերը:

Պատահական չէ նաև, որ վարչապետը շրջանցում է ոչ պակաս կարևորություն ունեցող միջազգային կառույցների զեկույցները: Օրինակ, Համաշխարհային բանկի  հրապարակել է «Փոփոխելու հզոր մանդատ՝ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում։ 2019թ․, ձմեռ» երկրի տնտեսական զեկույցը, որտեղ նշված է, որ 2018թ. ՀՀ տնտեսական աճի տեմպը, ընդհանուր առմամբ, դանդաղել է։ Զեկույցի համաձայն՝ ՀՀ իրական ՀՆԱ-ի աճը 2018թ. առաջին եռամսյակում գրանցված 9.7 տոկոսի համեմատ, տարվա երրորդ եռամսյակում կազմել է ընդամենը 2.7 տոկոս:

Նիկոլ Փաշինյանի գրառումներին հետևելով՝ կարելի է փաստել, որ վերջինիս նպատակը ոչ թե հանրությանը իրազեկելն է տարբեր միջազգային կառույցների ցուցանիշերի մասին, այլ հասարակությանը իր և իր կառավարության գործունեության հետ կապ չունեցող դրական ցուցանիշներ ցույց տալը, որն էլ ինչպես արդեն նշեցինք, հետապնդում է մեկ նպատակ՝ ՎԱՐԿԱՆԻՇԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՑՈւՄ։ Սակայն բնական է, որ այս քաղաքականությունը օրեցօր կորցնելու է իր արդյունավետությունը, քանի որ որքան շատ ստի Փաշինյանը, այնքան ավելի արագ կնվազի նրա վարկանիշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն