Փաշինյանը համեմատել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարաններն ու մանիպուլացրել փաստերը

article-image

Ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանում էր իր էջում ամենաշատ «լայքեր» ստացած հարցերին: Սակայն ինչպես միշտ, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանը զերծ չմնաց առանձին հարցերի շուրջ ստեր և մանիպուլյացիաներ տարածելուց:

Առաջին հարցը, որին պատասխանեց վարչապետը, վերաբերում էր ՀՀ այժմյան խորհրդարանին: Օգտատերերից Էդգար Հարությունյանը հարցրել էր. «Պարոն Փաշինյան, չե՞ք կարծում, որ Ձեր խմբակցության պատգամավորների մեծ մասը պարզապես անիմաստ խոսող ու ոչինչ չանող դեմքեր են, որոնց գործունեությունից ընտրողների մեծ մասը վաղուց հասցրել է հիասթափվել։ Գուցե նրանց մի մասին տո՞ւն ուղարկեք ու նոր, ավելի ինտելեկտուալ ու գործունյա մարդկանց ներգրավեք Ձեր թիմում։

Միայն չասեք, որ դա հնարավոր չէ։ Ձեր մի հորդորով պատգամավորները կարող են հրաժարվել մանդատից, իսկ նրանց փոխարեն ԱԺ կգան ուրիշները։

Շնորհակալություն պատասխանի համար»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր՝ ներկայացնելով խորհրդարան բառի ստուգաբանությունը, էությունը, նշանակությունը: Վարչապետը մասնավորապես ասաց.

«…Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնությանը, կարծեմ առիթ ունեցել եմ արդեն ասելու, որ մեր խմբակցության, կամ էսօրվա խորհրդարանի, ընդհանուր առմամբ, խորհրդարանական մեծամասնության լավագույն գնահատականը տրվել է հարևան Ադրբեջանում, երբ որ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահրթ խորհրդարանական ընտրություններ, և որն էր պաշտոնական հիմնավորումը այդ ընտրություններն անցկացնելու: Այն էր, որ Ադրբեջանը ունի կարիք երիտասարդ և ժամանակակից պայմաններին համապատասխան խորհրդարան ձևավորելու: Ի՞նչ պայմաններ են փոխվել աշխարհում Ադրբեջանի տեսակետից և կոնտեքստից: Աշխարհում, ըստ էության, վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում փոխվել էր միայն այն, որ Հայաստանում տեղի էր ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել էր նոր երիտասարդ խորհրդարան, որտեղ շատ երիտասարդ պատգամավորներ են հայտնվել, և ովքեր, միջազգային հարթակներում հատկապես, կարողանում են շատ լուրջ ներկայացնել Հայաստանը և Հայաստանի ժողովրդավարությունը: Եվ ես կարծում եմ, որ «Իմ Քայլը» խմբակցությունը գործում է բավականին էֆեկտիվ, և դրա մասին է խոսում նաև վիճակագրությունը: Ուրեմն, իմ ձեռքի տակ է հետևյալ վիճակագրությունը, որ «ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի գործունեությունը, ըստ որի՝ ընդունված օրենքների 30%-ը հեղինակել է խորհրդարանը, պատգամավորները, 70%-ը՝ Կառավարությունը: «ԱԺ մոնիթորինգի» շուրջ 10-ամյա դիտարկումների ընթացքում սա ամենաբարձր ցուցանիշն է: Եվ ես որպես 2 գումարումների ԱԺ պատգամավոր, նախորդ, և դրանից առաջ որպես լրագրող լուսաբանած նախկին խորհրդարանները, ես համարձակություն կունենամ ասելու, որ այս խորհրդարանը իր որակով, որ ձևավորվել է, սա խորհրդարանի կամ մեր նվաճումը չէ, այլ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով ձևավորված խորհրդարանի առավելությունն է, և ես կարծում եմ, որ խորհրդարանը որպես քաղաքական մարմին, իր որակով էականորեն գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարանների: Եվ բնականաբար խորհրդարանական մեծամասնությունը առաջին հերթին, որովհետև հենց խորհրդարանական մեծամասնությունն է ձևավորում խորհրդարանի իմիջը: Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, մի դիտարկում կանեմ խմբակցության գործունեության հետ կապված. խմբակցությունը ձևավորվել է հայտնի իրադարձությունների համատեքստում, նրա ամենակարևոր խնդիրը՝ կայանալ որպես ամբողջական գաղափարական  հենքի վրա աշխատող քաղաքական թիմ, այս առումով կա լուրջ անելիք: Վերջին քաղաքական քննարկումը, որ եղավ, Սահմանադրական հանրաքվեի նշանակելու մասին հարցի քննարկումը, ես այդ հարցի քննարկման ժամանակ հպարտություն ապրեցի, հետագա քննարկումներում ևս, արտակարգ իրավիճակ հայտարարելու և արտակարգ իրավիճակի հետ կապված օրենսդրական փոփոխությունների մասով «Իմ քայլը» խմբակցությունը նույնպես շատ բարձր մակարդակի աշխատանք ցուցաբերեց, և ես հպարտ եմ»:

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը, այս հարցին պատասխանելով, ոչ համամետելի հայտարարություններ է անում:

Առաջինը, Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովը համեմատում է Ադրբեջանի խորհրդարանի հետ:

Երբ Իլհամ Ալիևի հրամանը՝ լուծելու խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, հաջորդեց այն իրադարձությանը, երբ Ադրբեջանի խորհրդարանը դիմել էր նախագահին՝ խնդելով լուծարել խորհրդարանը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ հրավիրել:

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 9-ին՝ նախատեսվածից՝ 2020թ. նոյեմբերից շուտ:

Ընտրությունների արդյունքները անսպասելի էին այնքանով, որ մինչ մասնագետները սպասում էին նոր կադրերի, առավել երիտասարդ քաղաքական գործիչների մուտք ադրբեջանական քաղաքականություն, նախկին խորհրդարանի անդամների մեծագույն մասը՝ մոտ երկու երրորդը վերընտրվեց:

Այն փաստը, որ խորհրդարանում նախկին կազմը վերընտրվել է, ի չիք է դարձնում այն Նիկոլ Փաշինյանի այն կարծիքը, որ Ադրբեջանը ձգտում էր նմանվել Հայաստանի երիտասարդական խորհրդարանին:

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հպարտանում է հայ խորհրդարանականների՝ միջազգային հանրությանը ներկայանալիությամբ:

Սակայն արժե հիշեցնել Նիկոլ Փաշինյանին, թե ինչպիսի խայտառակ մասնակցություն էր ունենում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը:

Երբ 2019թ. հունիսին հերթական նստաշրջանի ընթացքում Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ քվեարկեց ռուսական պատվիրակության ձայնի վերականգնման իրավունքին: Իսկ հաջորդ օրը Ռուբինյանը վարման կարգով ձայն է խնդրել և հայտնել դրա մասին, սակայն, ըստ ԵԽԽՎ կանոնադրության, Ռուբինյանի քվեն փոխել հնարավոր չէ, այնինչ վերջինս հենց քվեարկության պահին ունեցել էր մի քանի վայրկյան քվեն փոխելու համար: Իսկ պատվիրակության անդամներից Հովհաննես Իգիթյանը ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը:

Ինչ վերաբերում է ներխորհրդարանական աշխատանքներին, ապա պետք է նշել, որ այս խորհրդարանը իրոք աչքի է ընկնում, սակայն ոչ բառիս լավ իմաստով:

Օրենսդիրների (և ոչ միայն) առաջարկած և ընդունված նախագծերը ոչ միայն կենսունակ չեն և հետագայում մեծ խնդիրներ են առաջացնելու, այլ նաև մի քանի նախագծեր անգամ հակասում են Սահմանադրությանը: Իրավաբանները, մասնագետները բարձրաձայնում են հատկապես վերջերս ընդունված խնդրահարույց օրենքների նախագծերի ընդունումը, օրինակ Սահմանադրական հանրաքվեի մասին հարցի քննարկումը, նախագիծը, Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իրականացվելիք գործողությունների առաջարկվող նախագիծը, դատական օրենսգրքի վերջին փոփոխությունները, Արտակարգ դրությամբ պայմանավորված օրենսդրական փոփոխությունները և այլն: Շարքը ավելանում է:

Նիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարությունները առավելի ցայտուն են դարձնում այն բոլոր խնդիրները, որոնք ի սկզբանե կան հայկական իշխանությունների մոտ՝ պետական ինստիտուտներում նրանց աշխատանքի բացթողումներով պայմանավորված:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան


Կարդացե՛ք նաև՝
Իրավական պետության, անկախ դատական համակարգի մասին Փաշինյանի հայտարարությունները չեն համապատասխանում գոյություն ունեցող իրականությանը
Ըստ Փաշինյանի՝ Վերին Լարսի անցակետում առկա իրավիճակի «մեղավորները» եղանակը, կարանտինը և թուրքական բեռնատարներն են, իսկ կառավարությունը՝ ոչ

Ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում, բայց աշխատավարձի բարձրացումները նրանց բավարար են. Նիկոլ Փաշինյանը կրթական համակարգի և հեռավար կրթության մասին
Փաշինյանը ստում է. պարգևավճարների չափը 1 մլրդ դրամ չէ, իսկ թոշակը հնարավոր կլիներ բարձրացնել ոչ թե 196, այլ շուրջ 9000 դրամով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն