Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի ապրիլվեցյան հարցուպատասխանի՝ առավել խնդրահարույց, մանիպուլյացիոն և կեղծ հայտարարությունները։
Բնականաբար նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակում հանրությանը հետաքրքիր է նաև երկրում առկա առողջապահական դրությունը:
Օգտատերերից Էդուարդ Սարյանը հարցնում է. «Ինչու Վրաստանի մեր գործընկերներից օգնություն չենք խնդրում առողջապահական ճգնաժամից դուրս գալու համար… այնտեղ մահացությունների ամենաքիչ ցուցանիշ է ու կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը փոքր է»։
«Պետք է հասկանալ, թե ինչ մեթոդաբանությամբ է այդ հաշվարկը տեղի ունենում, քանի որ այս պահին 751 հաստատված դեպքերից այն մարդիկ, ովքեր գտնվում են բուժհաստատություններում մոտավորապես 90 %-ը նույնիսկ ջերմություն չունի։ Այսինքն 656 անձ նույնիսկ ջերմություն չունի ։ Մի շարք եվրոպական երկրների մեթոդաբանությամբ իրենց նույնիսկ հիվանդանոցներ բան չեն ընդունի։ Մեր առողջապահական համակարգը լուծում է իր առջև դրված խնդիրները։ Ամեն ինչ հարաբերական է։ Մերն էր քիչ, հետո իրենցն էր քիչ, հետո մերն ավելացավ, իրենցն ավելացան։ Ամեն ինչ գտնվում է մեր վերահսկողության ներքո և հույս ունեմ, որ վերահսկողությունից դուրս չի գա»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ նորից կասկածի տակ է դնում այլ պետությունների կողմից հրապարակվող հաստատված դեպքերի ցուցանիշները։
Նիկոլ Փաշինյանը սխալվում է նաև մեթոդաբանության մասով։ Բոլոր պետություններում կորոնավիրուսի հաստատված դեպքերի հրապարակման համար կիրառվում է մեկ մեթոդաբանություն. այն է՝ եթե կորոնավիրուսի թեստը դրական է (կրկնակի դրական), հետևաբար անկախ պացիենտի ախտանիշներից՝ նա համարվում է կորոնավիրուսով վարակված անձ, և դեպքը արձանագրվում է որպես կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։
Այսինքն, եվրոպական պետություններում անգամ եթե պացիենտներին չեն պահում հիվանդանոցում, դա չի նշանակում, որ տանը մնացող կամ ջերմություն չունեցող վարակված անձը դադարում է համարվել կորոնավիրուսով վարակված անձ։
Ավելին, տարբեր պետություններ և միջազգային կազմակերպություններ վարում են կորոնավիրուսով հաստատված դեպքերի վիճակագրություն՝ ըստ հաստատված դեպքերի և ըստ ծանրության դեպքերի՝ ծանր և առանց ախտանիշների ուղեկցվող դեպքերը։ Նշանակում է, որ արձանագրում են կորոնավիրուսով հաստատված յուրաքանյուր դեպք՝ անկախ պահման պայմաններից և ախտանիշներից։
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերը չեն կարող չարձանագրվել հրապարակվող ցուցանիշներում նաև այն պատճառով, որ այդ դեպքերն արձանագրելով պետությունները ձեռնարկում են համաճարակի տարածման կանխարգելիչ միջոցառումներ և հաշվում մեկ անձի կողմից վարակի տարածման գործակիցներ։
Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի ենթադրությունը, թե եվրոպական պետություններում կորոնավիրուսով վարակված այն պացիենտների մասին տեղեկությունները, որոնք չունեն ախտանիշներ, կամ որոնք չեն պահվում բուժհաստատություններում, չեն հրապարակվում, մտացածին է և չի համապատասխանում իրականությանը։
«Մեր առողջապահական համակարգը լուծում է իր առջև դրված խնդիրները». պնդումը սուտ է, ինչը ցույց է տալիս վարակման դեպքերի աճն ու համեմատությունը տարածաշրջանի մյուս պետություններում արձանագրվող ցուցանիշների հետ, ինչպես նաև 1 մլն բնակչության հաշվարկով վարակման դեպքերի համեմատությունը աշխարհի բոլոր պետությունների հետ։
Ըստ Worldometers.info կայքի անընդհատ թարմացվող տվյալների՝ մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Իրանից և Թուրքիայից հետո։
«Ամեն ինչ հարաբերական է». Փաշինյանը հրաժարվում է հաշվի նստել իրականության հետ և ընդունել, որ տարածաշրջանային պետությունների, մասնավորապես Վրաստանի հետ համեմատ Հայաստանի ցուցանիշները շատ վատն են, քանի որ այդ փաստի հետ հաշվի նստելը կնշանակի ընդունել համաճարակային իրադրության վատ կառավարումն իր կողմից։
«Ամեն ինչ գտնվում է մեր վերահսկողության ներքո և հույս ունեմ, որ վերահսկողությունից դուրս չի գա». պնդումը նույնպես սուտ է, քանի որ արտակարգ դրություն հատարարելու մասին ուղերձում Փաշինյանն անձամբ է հայտարարել, որ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը պայմանավորված է իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու հանգամանքով։
Մեկ այլ հարց էլ կապված էր բնակչության զանգվածային թեստավորման հետ: «Բնակչության զանգվածային թեստավորում պատրաստվու՞մ եք անել, որպեսզի ամբողջ պատկերը երևա, ու հեշտ լինի կանխարգելել վիրուսի տարածումը». օգտատեր Արմեն Շեքյանի հարցն էր:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք այսօր խնդիր ենք դրել, որպեսզի առաջիկա օրերին մենք օրական թեստերի թիվը դարձնենք 1000: Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 200-250-300-400; Ուրբաթ օրվանից վստահաբար մենք խնդիր ենք դրել օրը 1000 թեստ անել: Սրա համար մենք հիմա մոտ 70.000-ի հասնող թեստեր ենք գնում: Գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն ստեղծելու հարցը: Այսօր կառավարությունը որոշում ընդունեց, մենք բավականին մեծ գումար հատկացրինք, որպեսզի անհրաժեշտ հումքը ձեռք բերենք: Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550.000 դոլարի չափով հատկացում ենք կատարում: Մասնագետները վստահեցրել են, որ ստացվելու է դա, և մենք կարողանալու ենք կազմակերպել արտադրություն: Ստացվում է՝ այո՛, զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել»:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հակասում են իրար: Նախ նա հենց հենց ապրիլի 6-ի առավոտյան էր «ավետել», որ նկատվում է հայտնաբերվող դեպքերի պակաս, այնինչ դեռ մեկ օր առաջ էլ Արսեն Թորոսյանը հրապարակում էր կատարել, որով հայտնել էր, որ 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է, ուստի՝ հաստատման դեպքերի թիվը շարունակում է աճել։
Նիկոլ Փաշինյանի հակասականությունը նաև աճում է այն փաստով, որ դեռևս մարտի վերջին վարչապետի աշխատակազմի կողմից գնվել է կորոնավիրուսային ախտորոշման 60.000 թեստային հավաքածու (Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մոտ 70.000 թեստի մասին): Ուստի պարզ հարց է առաջանում. եթե հայտնաբերվող դեպքերի քանակը քիչ է, ինչու՞ է ներկրվում ախտորոշիչ հավաքածուների այդքան մեծ խմբաքանակ, և ինչու՞ է հայկական գիտահետազոտական ինստիտուտը սկսում տեղական ախտորոշիչ թեստի արտադրման փորձերը:
Հեղինակներ՝
Աստղիկ Մաթևոսյան
Մելինե Հայրապետյան
►Քաղաքացիների` թանկացումների և կոմունալ խնդիրների մասին հարցերին ի պատասխան Փաշինյանն առաջարկում է ապոկալիպտիկ պնդումներ չանել, մինչդեռ կան թանկացումներ
►Ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում, բայց աշխատավարձի բարձրացումները նրանց բավարար են. Նիկոլ Փաշինյանը կրթական համակարգի և հեռավար կրթության մասին
►Փաշինյանը ստում է. պարգևավճարների չափը 1 մլրդ դրամ չէ, իսկ թոշակը հնարավոր կլիներ բարձրացնել ոչ թե 196, այլ շուրջ 9000 դրամով