Նիկոլ Փաշինյանը խնամի-ծանոթ-բարեկամ խմբապետական Հայաստանի նոր էջ է բացել

article-image

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի ապրիլվեցյան հարցուպատասխանի՝ առավել խնդրահարույց, մանիպուլյացիոն և կեղծ հայտարարությունները։

Օգտատերերից Հարություն Մկրտչյանը հարցրել էր. «Ու՞ր է մեր ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ե՞րբ են նախկին մարդասպաններն ու հանցագործները պատժվելու։ Չեք կարծու՞մ, որ ժամանակն է հանքերը պետականացնելու, չէ՞ որ նաև Սահմանադրության մեջ է ամրագրված, որ երկրի ընդերքը պատկանում է ժողովրդին։ Պետական կառավարման ապարատը լցված է նախկիններով, իսկ նորերը սանիկ-բարեկամ սկզբունքով են ընդունվում, չեք կարծու՞մ, որ նմանվում եք նախկիններին»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. «Ո՛չ, չեմ կարծում անկեղծ ասած, որ նախկիններին նմանվում եմ, որովհետև եթե ես նախկիններին նմանվեմ, զգամ, որ նմանվում եմ, կամ իրականում նման եմ, նույն պահին կհեռանամ էս կաբինետից, որովհետև դա ինձ համար կլինի բարոյական վերջ և ավարտ, որը ես թույլ չեմ տա»։ «Ինչ վերաբերվում է հանցագործներին ու մարդասպաններին, ոչ միայն նախկին, հիմա Աժ-ում քննարկվում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, երբ օրենքը մտնի ուժի մեջ, Հայաստանում կսկսվի ապօրինի գույքի բռնագանձման պրոցես, որը քաղաքացիական է, բայց չի բացառվում քրեական դեպքեր էլ լինեն։ Նոր համակարգ է ստեղծվելու, բռնագանձված գույքը վերադարձվելու է պետությանը»։

Նախկին մարդասպաններին և հանցագործներին պատժելու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանը «մարդասպան էր համարում իր համար հավատարիմ օլիգարխ դարձած Սամվել Ալեքսանյանին և պատգամավոր ժամանակ ԱԺ ամբիոնից բազմիցս անդրադարձել է, ըստ Նիկոլ Փաշինյանի, նրա կողմից պատվիրված սպասնություններին։ Այսօր, ինչպես տեսնում ենք, Սամվել Ալեքսանյանը դարձել է նրա կնոջ հիմնադրամի գլխավոր նվիրատուն և այդպիսով հարցը փակվել է։ Մյուս սպանությունների մասով հանրությանը քրեական գործեր հայտնի չեն։

Մանրամասները՝ տեսանյութում:


 

Ինչ վերաբերվում է ապօրինի բռնագանձման մասին օրենքին, ապա դա դատապարտվում է մասնագիտական շրջանակների կողմից, քանի որ առկա է բանկային գաղտնիքին հասանելիության և մի շարք այլ խնդիրներ։ Բացի այդ, օրենքը դառնալու է Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի անձանցից գույք խլելու հերթական միջոցը։
 

Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի նախորդ ժամանակաշրջանի հայտարարությունների՝ այսօր պետական ապարատը լի է խնամի-ծանոթ-բարեկամներով:

Տարիներ առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է փակել ԽԾԲ-ով Հայաստանի էջը, և բացել քաղաքացիական Հայաստանի էջը։ Սակայն գալով իշխանության՝ Փաշինյանը պաշտոնների է նշանակել իր մտերիմներին։ Մասնավորապես Փաշինյանի կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, ու եղբորորդի Սիփան Փաշինյանը դարձել են պատգամավորներ, Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության զորքերի հրամանատար։ Հայկ Ղալումյանը՝ Փաշինյանի մանկության ընկերը և կնքահայրը, նշանակվել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հայկ Ղալումյանի եղբայր Վահե Ղալումյանն էլ դարձել է պատգամավոր։ Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը նշանակվել է Տավուշի մարզի կրթության-մշակույթի-սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Փաշինյանի ընկեր Զարեհ Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանը դարձել է պատգամավոր, իսկ Նաիրի Սարգսյանը Փաշինյանի օգնականն է։ Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն