Աշոտ Մելիքյանը մանիպուլացնում ու հետ է կանգնում «5-րդ» ալիքի սեփականատիրոջ հասցեին արված զրպարտչական արտահայտություններից

article-image

2020թ․ մարտի 4-ին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով 5-րդ ալիքի սեփականատիրոջ՝ Արմեն Թավադյանի կալանքին, ասել էր. «Չեմ կարծում, թե Արմեն Թավադյանին ձերբակալել են TV 5-ը լռեցնելու համար: Մենք գիտենք, թե նա ցուցարարին ինչպես է շշով խփել, ինչպես է փորձել կաշառել»:

Մելիքյանն այս մասին խոսել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» և Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից կազմակերպված և մարտի 4-ին կայացած «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիա ոլորտում» թեմայով քննարկման ընթացքում։

Աշոտ Մելիքյանի այս «պնդմանը» անդրադարձ էր կատարել 5-րդ ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանը, ով գրել էր«Աշոտ Մելիքյանը եթե գիտի, տեսել է, թե Թավադյանը շշով խփել է, թող գնա ցուցմունք տա։ Իրականում նա ստում է՝ ինչպես միշտ»։

Անդրադառնալով Հարություն Հարությունյանի այս մեկնաբանությանը՝ Մելիքյանը պնդել էր մարտի 4-ին ասած մտքերը և գրել«Ինչպես միշտ Հարություն Հարությունյանը փորձում է խեղաթյուրել փաստերը և մոլորեցնել անտեղյակ մարդկանց բազմաթիվ ֆոտո և տեսանյութեր կան՝ վկայող, թե ինչպես է Թավադյանը հարվածել Գասպարիի դեմքին։ Փնտրիր, գտիր ու մեկ անգամ ևս դիտիր, ստախոս։ Հետո մի հեքիաթ էլ մտածիր Թավադյանին ներկայացված մեկ այլ մեղադրանքի վերաբերյալ։ Իսկ ես կարող եմ ցուցմունք տալ, օրինակ մարտի 1-ի գործով, քանի որ իրադարձությունների ականատեսն եմ եղել․․․»։
 



Աշոտ Մելիքյանի՝ մարտի 4-ին արտահայտած մտքերը զրպարտություն համարելով՝ օրեր առաջ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը դատական հայց է ներկայացրել Աշոտ Մելիքյանի դեմ՝ դատարանից խնդրելով վերջինիս պարտավորեցնել հերքել իր խոսքերը և 2 մլն դրամի փոխհատուցում տալ։

Երեկ էլ՝ ապրիլի 8-ին, Մելիքյանը, անդրադառնալով իր դեմ ներկայացված դատական հայցին, ասել է, որ իր փաստաբանները արդեն զբաղվում են այդ գործով, և իրենք շուտով հայցադիմումի պատասխան կներկայացնեն։ Բացի այդ, Աշոտ Մելիքյանն ասել է, որ իր ելույթից որոշ հատվածներն են միայն գրվել մամուլում, և իր ելույթը բառացիորեն այնքան էլ ճիշտ չէ ներկայացված։

«Ես ասում էի, որ խոսքն Արմեն Թավադյանի դեմ հարուցված քրեական գործերի մասին է։ Այսինքն՝ ես փորձում էի հիմնավորել, որ Արմեն Թավադյանի դեմ իրավապահ մարմինների գործողությունները ոչ թե «5-րդ ալիքը» լռեցնելու համար է, այլ իմ կարծիքով, դա կապված է այն գործողությունների հետ, որոնք, ըստ քրեական գործերի՝ վերագրվում են Արմեն Թավադյանին»,- ասել է Աշոտ Մելիքյանը։

«Ես ասել եմ, որ Արմեն Թավադյանը շշով հարվածել է ցուցարարի դեմքին, դրա պատճառով է, որ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել, և երկրորդ դրվագը «Մարտի 1-ի գործով» վկային կաշառելու փորձի վերաբերյալ քրեական գործի մասին է։ Լրատվամիջոցներն այնքան էլ ճիշտ չեն ներկայացրել, բայց ես կարծում եմ, որ իրենք էլ, Թավադյանի թիմն էլ շատ լավ հասկանում են, թե խոսքն ինչի մասին է»,- հավելել է Մելիքյանը։

Սակայն ինչպես պնդել է Արմեն Թավադյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը, Աշոտ Մելիքյանն իր խոսքում որևէ պաշտոնական հրապարակման կամ քրեական գործի հղում չի կատարել։

Խուդոյանը նաև նշել է, որ եթե Մելիքյանը ոչ ճիշտ արտահայտվելու համար ներողություն խնդրի, իր վստահորդի հետ կքննարկի հայցադիմումի հետագա ճակատագիրը։ Նա նաև վստահեցրել է, որ թեև իրենք 2 մլն դրամի հայցային պահանջ են ներկայացրել, իրենց խնդիրը ֆինանսական չէ։

Ստացվում է, որ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը, նախ հղում չկատարելով որևէ քրեական գործի կամ պաշտոնական հրապարակման, խախտելով Արմեն Թավադյանի անմեղության կանխավարկածը, նրան մեղադրել է ցուցարարին շշով խփելու, ապա` կաշառելու մեջ և զրպարտել նրան, ապա իր զրպարտող հայտարարությունը վերագրել լրագրողական աղավաղված աշխատանքին և իր խոսքը բառացիորեն չներկայացնելուն։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը 2019թ․ դեկտեմբերին ձերբակալվել էր կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով, այնուհետև վերաքննիչ դատարանը բավարարել էր «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու փաստաբանների ներկայացրած բողոքը՝ մերժելով կալանքը երկարաձգելու քննիչների միջնորդությունը: Վերջինս ազատ էր արձակվել արդեն 2020թ․ մարտին։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն