«Ուզում են նվիրյալներ լինենք, տարիներով չարքաշ աշխատենք. դա ոչ ոք չի անի ու չպիտի անի»․ Ինչպե՞ս են պատգամավորները հիմնավորում ստացած պարգևավճարները

article-image

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, երեկ՝ ապրիլի 8-ին, ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում անդրադարձել էր պաշտոնյաների պարգևավճարներին և  պատկերացրել, թե ինչ կլիներ այն դեպքում, երբ երկու տարվա ընթացքում որևէ պաշտոնյա պարգևավճար չստանար և այդ գումարներն ուղղվեին կարիքավորների և սոցիալական այլ խնդիրներ ունեցող անձնաց խնդիրների լուծմանը:

Զառա Հովհաննիսյանը մասնավորապես գրել էր«Հիմա պատկերացրեք, երկու տարվա ընթացքում մեր երկրի որևէ պաշտոնյա պարգևավճար չստանար ու հատուկ ֆոնդ հիմնադրվեր /Urgent fund/, որքան գումար կլիներ կարիքավորների, աշխատանքը կորցրածների, սոցիալական անելաներլի վիճակում հայտնվածների ու նման տարբեր խմբերի համար։ Ախր հեղափոխությամբ եկած մարդիկ չէին եկել է լավ ապրելու, եկել էին մարդկանց վիճակը լավացնելու, ու մտածելու նոր տիպի կառավարման ու իր ժողովրդի հետ ավելի հավասար լինելու մասին։ Դա իսկապես կարևոր է, շատ կարևոր է վերագիտակեցել հենց այս օրերին, երբ ակնհայտ է, որ հասարակության շերտավորումն էլ ավելի է մեծանալու, իսկ մարդուն ասել «․․․ գնա բուդկա բացի կամ տաքսի քշիր, գլուխդ պահիր, իմ գործս չի»,- արտահայտությունն արդիական չէ, քանի որ տուգանքի սպառնալիքով մարդիկ տանն են։ Մի հատ հենց էս պահին, հենց էս իրավիճակում, միմյանցից կտրված ու միաժամանակ՝ միմյանցից խիստ կախված, ամեն մեկս մեր մեջ վերարժևորենք ու վերակառուցենք համակեցության, փոխօգնության ու սոլիդարության պատկերացումները։ Չէ՞ որ բոլորս միմյանց կարիքն ունենք։»։

Հովհաննիսյանի գրառումը իրենց մեկնաբանություններով «թեժացրել են» ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Վահագն Թևոսյանն ու Արման Եղոյանը, որոնք տարատեսակ հիմնավորումներ են բերել, թե ինչի համար են պարգևատրումները։

Մասնավորապես, Միքայել Զոյլանը գրել է․ «Զառա ջան սրտանց ցանկանում եմ որ հաջորդ ընտրությունների արդյունքում դու լինես ԱԺ-ում կամ գործադիրում։ Էդ ժամանակ կխոսենք էս թեմայով։ ՈՒ կասես քո կարծիքով ինչքան աշխատավարձ պետք ա ստանա պատգամավորը կամ նախարարը»։ Իրավապաշտպանի այն արձագանքը, թե նա կուսակցական գործունեության ճանապարհը չի ընտրել՝ Զոլյանի կողմից որակվել է որպես «պատասխանատվությունից խուսափելու հաճելի ճանապարհ»։ Ի պատասխան այս մեկնաբանության էլ, Զառա Հովհաննիսյանը գրել է, որ նա չի խուսափում, և խնդիրը, միավորումներ կազմելու և համախոհներ գտնելու մեջ է և եթե գաղափարական ընդհանրություն չկա որևէ խմբի հետ, շատ դժվար է կիսել պատասխանատվությունը, հետո կարմրել, որ քո պատկերացումներին դեմ բան արեցիր։ Հովհաննիսյանի այս անդրադարձին ի պատասխանել էլ, Զոյլանը հայտնել է, որ Հովհաննիսյանը կարող է հայտարարել իր սկզբունքների մասին, ինչին հնարավոր է շատերը միանան, այդ թվում նաև՝ ինքը։




Իրավապաշտպանի գրառման տակ նաև մեկնաբանություն է թողել հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը, ով ցանկություն է հայտնել 500․000 դրամի դիմաց կատարել պատգամավորի աշխատանքը։ Դուլյանի այս անկեղծ ցանկությունն էլ կասկածի տակ է դրել Վահագն Թևոսյանը՝ պատմելով պատգամավորական կյանքի դժվարություններից՝ այդ ամենի պատճառով չդադարող սթրեսի մեջ գտնվելու մասին, ու գրել«Մաքուր 500-ը ենթադրում է բավական մեծ ներկայացուցչական ծախսեր, օր օրի ավելացող հարյուրավոր պահանջատեր-գործատուներ՝ ամբողջ հոգեբանական ու ֆիզիկական բեռով, բացարձակ չնորմավորված աշխատանքային գրաֆիկ ու չդադարող սթրես: Համենայն դեպս ինձ մոտ էդպես է. չհարցնեք՝ հապա ինչու չեմ հեռանում, չեմ պատասխանելու: Բայց կարծում եմ՝ Դուք իմ թվարկածը ենթադրել եք, էդ պատճառով այնքան էլ անկեղծ չեք»։

Թևոսյանի մենկաբանությանն էլ Դուլյանը հումորային մեկնաբանությամբ էր անդրադարձել ու գրել «Երբ կարդում եմ Վահագն Թեւոսյանի գրածները, մտածում եմ՝ տո լավ 1000 տարի պետք ա ինձ սենց լծի տակ ընկնեմ...»։






Հաջորդ անդրադարձը կատարվել է Արման Եղոյանի կողմից, ով գրել է«Որևէ պաշտոնյա՞, սկսած նախարարության առաջին կարգի մասնագետից՞, եթե ոչ ապա ո՞ր պաշտոնյաների մասին է խոսքը, խնդրում եմ տաս ամբողջական ցուցակը, Զառա ջան, հաշվենք իրենց ստացած պարգևավճարները ու տեսնենք թե ինչ կարելի է անել էդ գումարով»։ Եղոյանի անդրադարձին ի պատասխան, Հովհաննիսյանը գրել է, որ նա ամբողջական ցուցակ չունի։ Սկզբունքի մասին մտածելը ոչ ոքի չէր խանգարի։ Այս մեկնաբանությանն էլ ի պատասխան՝ Եղոյանը գրել է«Պարգևավճարների ցուցակը չէ, այլ էն պաշտոնյաների, ում պարգևավճարը ըստ Ձեզ կարելի ա ուղղել որևէ սոցիալական ֆոնդի, ենթադրում եմ որ խոսքը քաղ ծառայողների մասին չէ, ոչ էլ Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց մասին օրենքով 2,3,4, 5 կամ 6 գործակցով վարձատրվող այլ պաշտոնյաների, դրա համար էկեք խոսակցությունը փոխադրենք գործնական դաշտ, կոնկրետ ո՞ր պաշտոնյաների պարգևավճարները կուզեք ուղղենք որևէ սոցիալական ֆոնդի»։




Այնուհետև խոսակցությանն է միացել ԱԺ փոխնախահագահ Լենա Նազարյանն ու ասել«Դե բնականաբար հո՞ իրենց չի անհանգստացնում նախարարության x բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»։



Իսկ օգտատերերից մեկի մեկնաբանությանն էլ, թե աղքատությունը մեր ուղեղում է և մեկ նախարարը մեկ ամսում ստանում է օրը 12 ժամ գործարանում կանգնած աշխատող, սառը պանելի վրա թունավոր համեմունքներ փաթեթավորող, շաբաթական 6,5 օր աշխատող, օրվա մեջ 2 անգամ 15 րոպեանոց ընդմիջում ունեցող կնոջ գրեթե երկու տարվա աշխատավարձը՝ Նազարյանը պատասխանել էր հետևյալ կերպ․ «Դու պատկերացնո՞ւմ ես ամեն օր փաստաթուղթ ստորագրող մարդու պատասխանատվությունը։ Հա, դա նստած է անում ի տարբերություն ամբողջ օրը ոտքի վրա աշխատող մարդու, բայց նրան կարող են դատել սխալի համար։ Պատասխանատվության մասը լիովին անտեսում եք։ Ու սա շատ վատ է։ Շատ վատ է։



Այնուհետև Նազարյանը հավելել է«Ինչ որ մե՞կը ասաց, որ նախարարը պետք է լավ ապրի, մյուսը վա՞տ։ Մտքներովդ չի՞ անցնում, որ էդ ծավալի աշխատանք անողին պատշաճ չվարձատրելը շահագործում է։ Մենակ նրա համար, որ այդ մարդը ֆունկցիոնալ հիերարխիայի մեջ է, միանգամից դարձնում եք թիրախ։ Հերիք է էլի»։

 


Վերլուծելով ստեղծված իրավիճակը ստացվում է, որ այս պաշտոնյաները լիովին արդարացի են համարում ամեն ամիս բարձր պարգևատրման պրակտիկան և պատրաստ չեն ցածր վարձավճարի դիմաց աշխատել։ Օրինակ, Վահագն Թևոսյանի համար օրինաչափ է պարգևատրվելը, քանի որ նա աշխատում է չնորմավորված աշխատանքային գրաֆիկով ու այդ ամենից չդադարող սթրեսներ է ունենում։ Իսկ Լենա Նազարյանը կարծում է, որ նախարարները, փոխնարարներն ու պատգամավորները առանց պարգևավճար ստանալու չեն կարող նվիրվել իրենց գործին, հակառակ պարագայում՝ նրանց աշխատանքը չարքաշ է։ Եվ հետո, չէ որ նստած փաստաթուղթ ստորագրելու համար պաշտոնյան կարող է պատասխանատվության ենթարկվել իր սխալի համար։ Եվ բնական է, որ նման «ահռելի ծավալի» աշխատանք անողները պետք է պատշաճ վարձատրվեն, հակառակ դեպքում դա շահագործում է։

Խնդիրն այստեղ ոչ այնքան բարձր պարգևավճարներն են, այլ  այն, որ իմքայլականները իշխանության են եկել, ոչ թե սեփական գրպանը «լցնելու», այլ հասարակության գրպանը «լցնելու» խոստումներով։ Եթե իմքայլականները իշխանության գային սեփական գրպանների պարունակությունն ավելացնելու հայտարարություններով, ապա վստահաբար նրանց չէին հետևելու հարյուր հազարավոր մարդիկ և իրենց վստահության քվեին չէին տալու այս ուժին։ Իսկ եթե իմքայլականները մինչ իշխանության գալը հայտարարեին, որ չնորմավորված գրաֆիկի և սթրեսների պատճառով պետք է բարձր պարգևատրումներ ստանան, որ առանց այդ բարձր պարգևատրումների իրենք չեն կարող իրենց գործի նվիրյալը լինել, որ անգամ իրենց ոչ կոմպետենտության հետևանքով փաստաթղթեր ստորագրելու համար իրենց կրած պատասխանատվությունը պետք է քաղաքացիներին մտահոգի,  ապա իմքայլականները գուցե և չգային իշխանության և ունենային 100 հետևորդ, սակայն այդ հետևորդները ի սկզբանե իմանալով ճշմարտությունը իրենց խաբված չէին զգա և հիասթափություն չէին ապրի։

Նկատենք նաև, որ այս քննարկումից անմասն չի մնացել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկինը՝ Գոհար Աբաջյանը, ով թեև պետական պաշտոնյա չէ և պարգևավճար չի ստանում՝ շտապել է մանրամասնել իր կյանքի անցած ուղին՝ կրթությունն ու ինքնակրթությունը, որն ուղղված է եղել հանուն իր ընտանիքի բարեկեցիկ կյանքի։
 


 

Տիկին Աբաջյանը իր խոսքում հիշատակել է, որ երբ նա ուսման վարձի խնդիր էր լուծում՝ այլոք բակում նարդի էին խաղում։ Իր մեկնաբանության մեջ, տիկինը կարծես մոռացել է, թե ինչպես 2018թ․ ապրիլ-մայիսին «նարդի խաղացողները» դուրս եկան փողոց, բակում նարդի խաղալու փոխարեն սկսեցին «հեղափոխական խորոված» անել ու իշխանություն փոխեցին։ Տիկինը նաև մոռացել է նշել, որ այդ նույն նարդի խաղացողներին իմքայլականները իշխանության դիմաց խոսք էին տվել բարեկեցիկ կյանքով ապահովել։ Նույն նարդի խաղացողների շնորհիվ իր ամուսինը դարձավ ԱԺ նախագահ։ Նույն նարդի խաղացողների՝ ոչ թե իր կրթության ու ինքնակրթության հետևանքով իր ամուսմու եկամուտները 2018թ. ավելացան 3000%-ով կամ շուրջ 30 անգամ։ Տվյալ պարագայում, թերևս, Աբաջյանի մեկնաբանությունը անտեղի էր, խոցելի և ոչ հիմնավոր։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում 2019 թվականին պատգամավորների և աշխատակազմի պարգևավճարների չափը կազմել է 1.417.000.000 դրամ: Իսկ 2020թ. հունվարի աշխատանքային 17 օրերի համար ԱԺ-ում պարգևատրվել էին 174 միլիոն դրամի չափով։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն