Վերահսկելի՞ է վիրուսի շրջանառությունը, թե՞ ոչ․ Վարչապետն ու Առողջապահության նախարարը շարունակում են հակասել միմյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այնպիսի հայտարարություն արեց, որը կրկին հակասում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Արսեն Թորոսյանն ասել է«Իհարկե ոչ, մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում է։ Առաջ եթե մենք ունենում էինք օրինակ 50 դեպք, բայց մի աղբյուրից․․․մենք հիմա ունենում ենք՝ 16, 20, 30 դեպք, բայց 10 տարբեր աղբյուրներից կամ 20: Հետևաբար, վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից»։

Այնինչ ընդամենը երեկ՝ ապրիլի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է«Վաղվանից մենք ցուցումով մարդկանց, մասնավորապես բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիներին, ենթադրում եմ, այլ վիրուսային հիվանդություններ ունեցող քաղաքացիներին պարտադիր կթեստավորենք և դրա արդյունքներով ավելի ամբողջական պատկերացում կկազմենք մեր ընթացիկ իրավիճակի մասին: Չնայած վերջին օրերի քննարկումները մեզ բերում են այնպիսի եզրակացության, որ ընդհանուր առմամբ տիրապետում ենք իրավիճակին և պարզ է մոտավորապես, թե ինչ է կատարվում»։

Եթե հավատանք կառավարության ներկայացուցիչների այս հայտարարություններին, ապա ստացվում է, որ դեռ երեկ Կառավարությունը տիրապետում էր իրավիճակին, իսկ այսօր՝ ոչ։

Բացի այդ, այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Թորոսյանն ասել է, որ պացիենտներին կարողանում են պատշաճ բուժօգնություն տրամադրել, սակայն դա չի նշանակում, որ պետք է թուլանալ և վերադառնալ նախկին կյանքին: «Ուզում եմ շեշտել, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի: Նույնիսկ եթե արտակարգ ռեժիմը հանվի, չպետք է վերադառնանք նախկին կյանքի ռիթմին՝ սկսած սոցիալական տարածություն պահպանելուն, վերջացրած ձեռքերը լվանալով», - հավելել է նախարարն ու ասել, որ երկար ժամանակ ասվածը 1-2 տարին է։

Թորոսյանի այս հայտարարությունը կրկին հակասում է Փաշինյանի այն լավատեսական խոսքերին, թե կորոնավիրուսի դեպքերի ցածր տեմպի պահպանման արդյունքում մեկ շաբաթ անց կարելի է մտածել բնականոն կյանքի անցնելու մասին։ Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին, ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանն ասել էր․ «Տեմպի 3 անգամ նվազում ունենք դրական դինամիկայի։ Եթե ինքներս պահենք պարետատան սահմանած սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և արդեն մտածենք բնականոն կյանքի վերադառնալու համար։ Եթե մեր կանխավարկածը արդարանա կնշանակի, որ երկուշաբթի օրվանից արդեն հնարավորություն կունենանք մտածել ռեժիմի թուլացումների և  բնականոն կյանքի վերադառնալու մասին»։ 

Փաշինյանի՝ օրեր առաջ արված «հուսադրող» հայտարարությունը նաև հակասում է երեկ ԱՆ Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, համաձայն որի՝  դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին, և այս տեմպի պահպանման դեպքում ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք:

Նկատենք նաև, որ օրեր առաջ մշտապես խուճապի չմատնվելու կոչեր արած Փաշինյանը մտահոգություն էր հայտնել, թե իրենք չափից շատ են կանխել խուճապային տրամադրությունները, երկրում խուճապային տրամադրություններ չկան: Իր այս խոսքերից հետո Փաշինյանը հուսադրող հայտարարությամբ շտապել էր էլ ավելի հանդարտեցնել ու հանգստացնել հասարակությանը: Արսեն Թորոսյանը  հասարակությունը 1-2 տարի բնականոն կյանք չվերադառնալու իր հայտարարությամբ վստահաբար չեզոքացրել է հանդարտություն և հանգստություն ասվածն ու կրկին խուճապային տրամադրություններ է ստեղծել։

Այսպիսով, Կառավարության անդամները իրենց հայտարարություններով շարունակում են հակասել միմյանց՝ մեկը հուսադրում է հասարակությանը, մյուսը՝ խուճապային տրամադրություններ ստեղծում։
 


 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն