Սոցիալական աջակցության ծրագրերից դուրս են մնում բազմաթիվ ընտանիքներ. AntiFake.am-ին քաղաքացիներ են դիմում

article-image

Այս օրերին նոր կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված արտակարգ դրությունը և պարետատան կողմից սահմանված աշխատանքի, տեղաշարժի, երթևեկության սահմանափակումները շարունակվում են:

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

«Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը: Մասնավորապես, առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Այնուհետև քննարկվել են տնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումներին, դրանց վերացման հնարավորության ժամանակացույցին, վարակի տարածման հակազդելուն ուղղված գործողությունների պլանին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի», - կարդում ենք կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Սակայն այսօր Հայաստանում արդեն իսկ գլուխ են բարձրացրել սոցիալական բազմաթիվ ու բազմատեսակ խնդիրներ:

Սոցիալական ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները դիմում են պատկան մարմիններին սոցիալական խնդիրներին լուծում տալու և աջակցություն ստանալու համար: Սակայն նրանցից շատերը հաջողության չեն հասնում:

Սոցիալական աջակցության դիմած քաղաքացիները դիմել են AntiFake.am-ին՝ բարձրաձայնելով իրենց խնդիրները:

Մեզ դիմած քաղաքացու դրությունը հետևյալն է. Քաղաքացին ամուսնացած է, երեխայի է սպասում, կարգավիճակով պայմանավորված՝ գրանցված է հիվանդանոցում: Վերջերս են վերջնականապես տեղափոխվել Հայաստան: Ընտանիքում երկուսն էլ չեն աշխատում: Ամուսինը մի քանի ամիս է, ինչ չի կարողացել գտնել աշխատանք, չի աշխատում:

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ, յոթերորդ, ութերորդ միջոցառումները: Միջոցառումների նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած ՀՀ քաղաքացիներին:

Քաղաքացին հույս ունի սոցիալական աջակցություն ստանալ կառավարության կողմից հաստատված յոթերորդ միջոցառմամբ: Սակայն չի գտել իր անունը հաստատված ցուցակում:

Ինչ է նախատեսում յոթերորդ միջոցառումը. «Յոթերորդ միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ 100 000 ՀՀ դրամի չափով»:

Քաղաքացու անհամապատասխանությունը այս ծրագրին այն մասով է, որ վերջինիս ամուսինը չի աշխատել մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում, չի կորցրել աշխատանքը այս ժամանակահատվածում և չի անցել նոր աշխատանքի:

Սակայն այստեղ հարց է առաջանում. Հայաստանում քանի՞ շահառու կա, որը կարող է համապատասխանել այս չափորոշիչներին: Ստացվում է, որ այս միջոցառմամբ նախատեսված աջակցությունից պրակտիկորեն չի կարող օգտվել ոչ մի քաղաքացի, կամ սահմանափակ թվով շահառու քաղաքացի:

Մեզ դիմած մյուս քաղաքացու կարգավիճակը առավել ծանր է:

Ընտանիքը մոտ մեկ տարի է, ինչ վարձով ապրում է Մեծամոր քաղաքում: Նախկինում ապրել են Երևանում, սակայն դժվար իրավիճակում են հայտնվել և տեղափոխվել են Մեծամոր՝ ամսական վճարելով 40.000 դրամ: Ընտանիքից աշխատում էր միայն հայրը: Մեր զրուցակիցը նշեց, որ երկար տարիներ աշխատել է «Նաիրիտ» գործարանում, որը արդեն 6 տարի է, ինչ չի գործում: Զույգը 25 տարի է՝ փաստացի ամուսնացած է, սակայն ամուսնությունը ՔԿԱԳ գրասենյակում գրանցված չէ: Ունի մանկահասակ երեխա՝ երկուսուկես տարեկան և չափահաս 25-ամյա աղջիկ: Ամուսինը աշխատել է տաքսի ծառայությունում՝ պայմանագրային հիմունքներով, սակայն գրանցված աշխատող չի հանդիսացել: Իրավիճակով պայմանավորված՝ ամուսինը չի կարողանում աշխատել. պատվերներ չկան:

Սոցիալական ծրագրերի հայտարարումից հետո փորձել են դիմել, հասկանալ՝ համապատասխանու՞մ են ծրագրերից որևէ մեկին, թե՞ ոչ: Ամուսինը 2 շաբաթ առաջ զանգել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծին՝ ներկայացնելով խնդիրը: Նրանց պատասխանել են, որ չեն համապատասխանում որևէ ծրագրի, քանի որ զույգը «զագսավորված» չէ, և որ ամուսինը աշխատել է:

Ամուսիններին առաջարկել են դիմել ապրիլի 15-ից հետո, սակայն վստահ չեն՝ ընտանիքը կստանա՞ որևէ աջակցություն, թե՞ ոչ:

Մեզ հետ զրույցում քաղաքացին տեղեկացրել է, որ մինչև օրս ընտանիքը պետության կողմից որևէ սոցիալական ծրագրի մասնակից չի եղել, նպաստ և թոշակ չի ստացել: «Մենք այսքան ժամանակ աշխատել ենք, ոչ մեկին էլ չենք դիմել: Երկուսուկես տարեկան երեխա ունեմ, հիմա արդեն այս մի ամիս է, խանութում պարտք ունեմ», - փոխանցեց քաղաքացին:

Նա մեզ տեղեկացրել է նաև, որ դժվարությունները հանգեցրել է նրան, որ չեն կարողացել վճարել նաև բնակարանի ամսական վարձավճարը:

Այս ընտանիքում առկա իրավիճակը առավել մոտ է կառավարության կողմից սահմանված վեցերորդ միջոցառմանը:

Ի՞նչ է ներկայացնում իրենից վեցերորդ միջոցառումը. Վեցերորդ միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում:

Այստեղ ուշագրավ է այն, որ ընտանիքի կերակրող հայրը չի ազատվել աշխատանքից (թեկուզ և գրանցված աշխատող չի եղել, սակայն կոնկրետ պայմանագրային հարաբերությամբ աշխատել է), սակայն փաստացի չի աշխատում: Հասկանալի չէ՝ տաքսու վարորդը, որը պատվեր չի ունենում, համարվու՞մ է արդյոք աշխատանքը կորցրած, թե՞ ոչ:

Ապրիլի 2-ին կառավարության նիստում ընդունվեց 9-րդ միջոցառումը. Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝ երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից, երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

Այս ընտանիքին առաջարկվել է դիմել այս ծրագրից աջակցություն ստանալու համար, սակայն «հույս չեն տվել», որ նրանց այդ օգնությունը կհատկացվի, քանի որ զույգը ՔԿԱԳ-ում գրանցված չէ, և ամուսինը փաստացի աշխատում է:

Ստացվում է, որ սոցիալական աջակցության այս միջոցառումները մեծ  բացեր, թերություններ ու խնդիրներ ունեն, քանի որ հասարակության առավել խոցելի մի մեծ հատված կրկին դուրս է մնում պետական աջակցության ծրագրերից:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն