Կառավարությունը մանիպուլյատիվ է ներկայացնում կոմունալ ծախսերի փոխհատուցման վերաբերյալ որոշումը. 7 անգամ խմբագրված գրառում

article-image

Այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարությունը որոշում ընդունեց հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը, որի համաձայն՝ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝

  1. բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
  2. էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:

Աջակցությունը տրամադրվում է սույն Միջոցառման 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում  սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:

Ինչպես տեսնում ենք, որոշումը վերաբերվում է բացառապես փետրվար ամսին բնական գազի և էլեկտրական էներգիայի սպառմանը, որը փոխհատուցվում է միայն այն դեպքում, եթե բնական գազի ծախսը չի գերազանցել 10.000 դրամը, իսկ էլեկտրաէներգիայի ծախսը՝ 5.000 դրամը։ Ընդ որում՝ այդ ծախսը փոխհատուցվում է 50%-ի չափով։

Որոշման ընդունումից կարճ ժամանակ անց Կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում լնկար է հրապարակվել որոշման վերաբերյալ, որը բացարձակ չի արտացոլում Կառավարության որոշումը և մանիպուլացնում է այն։

Որոշմանը վերաբերող ինֆոգրաֆիկ նկարում մասնավորապես նշվում է. «ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ 11-ՐԴ ԾՐԱԳԻՐ. Կփոխհատուցվի բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսերի 50%-ը»։
 


Այսինքն՝ նկարում չի նշվել, որ որոշումը տարածվում է միայն փետրվար ամսվա սպառման վրա և դրանից կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, որոնք ունեցել են բնական գազի և էլեկտրաէներգիայի համապատասխանաբար 10.000 և 5.000 դրամից պակաս սպառում։

Նկարի հրապարակումից մոտ 40 րոպե անց, երբ ֆեյսբուքյան օգտատերերը բացահայտել են մանիպուլյացիան, նկարը հեռացվել է և տեղադրվել է նոր նկար, որը որոշակիորեն փոփոխվել է, սակայն կրկին մանիպուլացնում է, քանի որ այս անգամ էլ գրված է «Կփոխհատուցվի մինչև 10.000  դրամի բնական գազ և 5.000 դրամի էլեկտրաէներգիա օգտագործած բաժանորդների ծախսի 50%-ը», սակայն կրկին չի նշվել, որ խոսքը վերաբերվում է բացառապես փետրվար ամսվա ծախսերին։
 


 

Բացի այդ, գրառումը ընդհանուր առմամբ 7 անգամ խմբագրվել է, այդ թվում եղել է նաև բովանդակային խմբագրում։

Այսպես, գրառման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները.

1. Նախնական տարբերակ. «Պետությունը կփոխհատուցի ընթացիկ տարվա փետրվար ամսվա բնական գազի և էլեկտրաէներգիայի գծով ծախսերի 50%-ն այն բաժանորդների համար, որոնք նշված ամսվա ընթացքում ունեցել են մինչև 10.000 դրամ բնական գազի և մինչև 5.000 դրամ էլեկտրաէներգիայի ծախս։ #Armgov»։

2. Խմբագրված II տարբերակ. Վերը նշված գրառման վերջում ավելացվել է. «Այս ծրագրի շահառու է հանդիսանում ավելի քան 222.000 քաղաքացի»։

3. Խմբագրված III տարբերակ. Նախորդ տարբերակում արվել է տեխնիկական խմբագրում։

4. Խմբագրված IV տարբերակ. Փոփոխություն է արվել խմբագրված երկրորդ տարբերակում և «222.000 քաղաքացի»-ն փոփոխվել է և լրացվել. «Այս ծրագրի շահառու է հանդիսանում 220 հազար բաժանորդ և 660 հազար քաղաքացի»։

5. Խմբագրված V տարբերակ. Հեռացվել է մանիպուլյատիվ նկարը։

6. Խմբագրված VI տարբերակ. Ավելացվել է նոր նկար, որը որոշակիորեն փոփոխվել է, սակայն շարունակում է մնալ մանիպուլյատիվ։

7. Խմբագրված VII տարբերակ. «Այս ծրագրի շահառու է հանդիսանում 220 հազար բաժանորդ և 660 հազար քաղաքացի» նախադասությունը գրառման վերջից բերվել է գրառման սկիզբ։

Կարող ենք փաստել, որ կառավարությունը որոշակի աջակցության ծրագրեր է մշակում քաղաքացիներին կորոնավիրուսային համավարակի պայմաններում որոշակի աջակցություն ցուցաբերելու համար, սակայն ծրագրերով, մասնավորապես այս միջոցառմամբ նախատեսված սահմանափակ շրջանակները ստիպում են կառավարությանը մանիպուլյացիաներ անել և փոքր միջոցառումները ցույց տալ որպես մեծ օժանդակության միջոցառումներ։ Մանիպուլյացիայով փորձ է արվում ապահովել միջոցառումների PR կողմը, սակայն քաղաքացիների սոցիալական իրավիճակը դրանից, բնականաբար, չի լավանում։

Խմբագրման ամբողջ պատմությունը՝ ստորև։







Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն