CNN Türk-ի եթերով հնչած Թուրքիայի նախագահի խոսնակի աղմկոտ հայտարարությունը. ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Հայաստանի՝ օգնություն խնդրելու լուրը

article-image

Ապրիլի 12-ին թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ թուրքական իշխանությունները պատրաստվում են օգնություն ուղարկել Իսրայել և Հայաստան:

CNN լրատվական գործակալության թուրքական ծառայությանը տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը նշել է. «Հայաստանից դեղորայքի պահանջարկ կար, և նախագահի աշխատակազմը հաստատել է այն, Իսրայելից նույնպես դիմում է եղել, միևնույն ժամանակ մենք համազգեստ, դիմակներ և ախտորոշիչ պարագաներ կուղարկենք Պաղեստին: Բալկանյան 5 պետություններ օգնություն ենք ուղարկել. Ադրբեջան, Կատար: Մենք կշարունակենք օգնել մեր հնարավորության սահմաններում»:

(“Bize 100’e yakın ülkeden yardım talebi geldi, Cumhurbaşkanımız kapasiteyi artırın doğu batı ayrımı yapmadan gereken yardımları yapın talimatı verdi.

Ermenistan’dan bir ilaç talebi olmuştu Cumhurbaşkanlığımız bunu onayladı, İsrail’den de bir talep geldi biz aynı zamanda Filistin’e de tulum, maske, tanı kiti göndereceğiz. 5 Balkan ülkesine yardımlar gönderdik, Azerbaycan’a gitti, Katar’a gitti dolayısıyla biz imkanlarımız ölçüsünde bizim bunu verme imkanımız varsa vermeye de devam edeceğiz.”)

Այս տեղեկատվությունը տարածվել է թուրքական բազմաթիվ լրատվականներում՝ Hürriyet, En Son Haber, Akit, Internet Haber, Van Postası և այլն:

Մեզ հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ հանդես է գալու հայտարարությամբ:

Ավելի ուշ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով:

«Հարկավոր է նշել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում: Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը: Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը»,- ասված է հայտարարության մեջ:

Պետք է փաստել, որ ԱԳՆ հայտարարությունը բավական ուշացած էր, քանի որ թուրքական աղբյուրներով տարածված տեղեկատվությունը, թեկուզև կեղծ, այնուամենայնիվ տարածվել է, որը ստվերում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը և հերքումը:

Սակայն այսօր արդեն «Cumhurbaşkanlığı Sözcüsü Kalın’dan önemli açıklamalar» («Նախագահի մամուլի խոսնակ Քալընից կարևոր հայտարարություններ») վերնագրված հրապարակումը բավական խմբագրվել է: Սկզբնաղբյուր հանդիսացող CNN Türk լրատվականում այսօր արդեն բացակայում է այս հատվածը:

Հոդվածի նախնական, չխմբագրված տարբերակը կարող եք կարդալ այս հասցեով:

Այնուամենայնիվ, պահպանվել է թողարկված հաղորդման տեսանյութը, որտեղ Թուրքիայի նախագահի խոսնակը հաստատում է լրագրողի հայտնած տեղեկատվությունը:

Տեսանյութը կարող եք դիտել 26:00-րդ րոպեից:  

Հետաքրքիր է, որ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները նման հայտարարություններ են անում այն պարագայում, երբ բազմաթիվ եվրոպական պետություններ մեղադրում են Թուրքիային պատվիրված և ճանապարհին գտնվող միլիոնավոր դոլարներ արժեցող բժշկական պարագաների և սարքավորումների բռնագրավման մեջ: Օրինակ, իսպանական իշխանությունները դեռևս ապրիլի 4-ին մեղադրեցին թուրքական կառավարությանը, որ վերջինս թույլ չի տալիս Իսպանիայի կողմից պատվիրված բժշկական սարքավորումների տեղափոխումը: Թուրքիան, սակայն, հերքում է այս մեղադրանքները:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն