Ի՞նչ է կատարվում Մեծ Բրիտանիայում. Արդյո՞ք երկիրը գնալու է այդ քայլին

article-image

Այս տարվա մարտի 14-ին բրիտանական խորհրդարանը ձայների մեծամասնությամբ որոշեց հետաձգել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը: Սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան  չլքեց ԵՄ-ն մարտի 29-ին, ինչպես նախօրոք պլանավորված էր: Վարչապետ Թերեզա Մեյը մարտի 21-ին կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ դիմեց Եվրամիությանը՝ Brexit-ը հետաձգելու խնդրանքով: Եվրամիությունը թույլատրեց Brexit-ը հետաձգել միայն մինչև մայիսի 22-ը, այլ ոչ մինչև հունիսի 30-ը, ինչպես առաջարկել էր վարչապետը։ Այնուհետև ԵՄ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի` առաջարկվող նախագծի մերժման դեպքում Մեծ Բրիտանիան ապրիլի 12-ին կլքի ԵՄ-ն առանց գործարքի։ Հայտարարության մեջ ամրագրված էին առանց գործարքի սցենարի դեպքում հնարավոր հիմնական ուղենիշները։

Մարտի 29-ին պառլամենտը մերժեց Brexit-ի գործարքի երրորդ նախագիծը` 286 կողմ, 344 դեմ ձայներով։ Հիշեցնենք, որ մարտի 13-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննարկել էր Թերեզա Մեյի առաջ քաշած գործարքի երկրորդ նախագիծը: Նախագծին կողմ էր քվեարկել 242, դեմ՝ 391 պատգամավոր: Առաջին նախագիծը մերժվել էր սույն թվականի հունվարին:

Այսպիսով, Մեյի առաջարկած գործարքի  բոլոր նախագծերը բրիտանական պառլամենում տապալվել են։

Ի՞նչ  աջակցություն ունի Brexit-ը բրիտանացիների շրջանում

“What UK thinks”–ը, ամբողջացնելով տարբեր հետազոտական կազմակերպությունների կողմից 62 հարցումների արդյունքները (“Opinium”, “Panelbase”, “Survation”, “Deltapoll”, “Kantar” և այլն), ներկայացրել է ընդհանուր վիճակագրություն, թե ինչ կարծիք են հայտնել Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները 2016թ. հունիսի  28-ից մինչև  2019թ.-ի մարտի 11-ը։ Նպատակը՝ պարզել, թե ինչպես կքվեարկեին քաղաքացիները 2-րդ հանրաքվեի դեպքում։

Ակնհայտ է, որ հասարակության կարծիքը անընհատ փոխվում է: Ժամանակ առ ժամանակ Brexit-ին հակվածները գերակշռում են դեմերին և հակառակը։  Սակայն 2017 թվականի օգոստոսից ԵՄ կազմում մնալուն կողմ հակված մարդիկ հիմնականում գերակշռում են, թեպետ միայն մի քանի տոկոսի տարբերությամբ։ Վերջին տվյալները հրապարակել է “Kantar”-ը 2019թ. մարտի 11-ին։ Հարցվածների 40%-ը հակված էր Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմում մնալուն, 32%-ը ՝ դուրս գալուն,  28%-ը չէր կողմնորոշվում։

Հավանակա՞ն է երկրորդ հանրաքվեի անցկացումը

Ներկայումս բազմիցս քննարկվել է երկրորդ հանրաքվեի հավանականությունը։ Այն հնարավոր է, սակայն քիչ հավանական։ 

Երկրորդ հանրաքվե են պահանջում Brexitի ընդիմադիրները՝ ներառյալ Համայնքների պալատի պատգամավորների մի մասը։ Նրանց հիմնական պնդումն այն է, որ քաղաքացիները, այժմ ավելի լավ տեղեկացված լինելով Brexit-ի խնդրահարույց կետերին և հնարավոր բացասական հետևանքներին, «կփոշմանեն» դուրս գալ ԵՄ-ից։

Այնուամենայնիվ, շատ փորձագետներ երկրորդ հանրաքվեն համարում են ոչ հավանական։ Քանի որ տեխնիկական խնդիրները շատ են, և ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ կազմակերպչական գործընթացը կտևի ամենաքիչը 10 շաբաթ (տե՛ս՝ the Political Parties, Elections and Referendums Act 2000

 Փորձագետ Ալան Ռենուիքը BBC-ին հայտնել է, որ  օրինագիծն ընդունելը,  քարոզարշավը և ընտրական գործընթացի կազմակերպումը  միասին մոտ 22 շաբաթ կտևեն։ Այնուամենայնիվ, եթե Մեյի բանակցությունները ԵՄ ղեկավարության հետ հաջող ընթացք ստանան, Brexit-ը կհետաձգվի մինչև հունիսի 30-ը:  

Սա, իհարկե, չի բացառում կարճ ժամկետներում հանրաքվեի կազմակերպումը, այսինքն՝ «պիլոտային գործընթացի» անցկացումը։

Երկրորդ հանրաքվեի անցկացմանը հատկապես կողմ են Լեյբորիստական կուսակցության անդամների 69%-ը և լիբերալ դեմոկրատների 83%-ը։ Սակայն հիշեցնենք, որ Համայնքների պալատում մեծամասնություն են կազմում պահպանողականները, հանրաքվեին դեմ են գործող կառավարությունը և պատգամավորների ճնշող մասը։

Հնարավո՞ր է դադարեցնել  Brexit-ը

Իրավական առումով՝ Brexit-ի դադարեցումը հնարավոր է, քանի որ Եվրոդատարանը օրինական  է համարում վերջինիս չեղարկումը  «50-րդ հոդվածի» շրջանակներում, որով էլ հենց կարգավորվում է  անդամների՝ ԵՄ-ն լքելու իրավունքը։

Սակայն այս սցենարը իրական կլինի միայն երկու դեպքում. եթե տեղի ունենա կառավարության փոփոխություն կամ երկրորդ հանրաքվե։

Ի՞նչ դիրքորոշում ունեն այս հարցում Միացյալ Թագավորության խոշոր քաղաքական կուսակցությունները

Պահպանողականները հակված են. 

  1. Վերջ դնել ազատ մուտքի ռեժիմին և ստեղծել նոր համակարգ, որը կբավարարի նրանց ազգային շահերը: 
  2. Սահմանափակել Եվրոդատարանի իրավասությունները Միացյալ Թագավորությունում: 
  3. Հյուսիսային Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև չպետք է լինեն խստորեն վերահսկվող սահմաններ: 
  4. Ամեն տարի մեծ գումարներ չտրամադրել ԵՄ-ին, այլ այդ գումարը ներդնել ներքին խնդիրների լուծման համար: 
  5. Ազատ լինել համաշխարհային առևտրային պայմանագրեր կնքելու գործում: 

Լեյբորիստական կուսակցություն

  1. Նրանք ընդունում են հանրաքվեի արդյունքները և ամենից վեր են դասում ազգային շահերը:  
  2. Առաջնահերթություն են տալիս աշխատանքին և տնտեսությանը։ Նրանք պնդում են, որ Brexit-ի «Սպիտակ թուղթը»  պետք է փոխարինել բանակցային առաջնահերթություններով, որոնք ամուր հիմք կհանդիսանան «Եվրոպայի միացյալ շուկայի» և «ԵՄ-ի մաքսային  միության»  շահերը պահպանելու գործում:
  3. Մերժում են «առանց գործարքի» Brexit-ը:
  4. Առաջարկում են ակտիվորեն համագործակցել ԵՄ-ի հետ կլիմայական փոփոխությունների, փախստականների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:
  5. Պնդում են, որ Միացյալ Թագավորությունը պետք է շարունակի անդամակցությունը  ԵՄ կազմակերպություններին, ինչպիսիք են՝ Եվրատոմը, «Եվրոպայի բժշկական ասոցիացիան» և այլն:
  6. Առաջարկում են բարելավել միգրացիոն օրենքները։
  7. Տարբեր ռասսաների միջև բացառում են խտրականությունը: 
  8. Լեյբորիստական կառավարությունը առաջ են քաշելու ինտեգրացված առևտրային և արդյունաբերական ռազմավարություն, որը Մեծ Բրիտանիայում կխթանի արտահանումը, ներդրումները:

Թերեզա Մեյը հրաժարական կտա՞

Նախ նշենք, որ 2018թ դեկտեմբերի 12-ին առաջ քաշվեց Մեյին անվստահություն հայտնելու հարցը։ Այնուամենայնիվ, փակ քվեարկությամբ Մեյին վստահություն հայտնեց Պահպանողական կուսակցության 200 պատգամավոր։ 117  անդամ դեմ է քվեարկել Թերեզա Մեյի  կուսակցության առաջնորդ մնալուն։ Այսինքն, վարչապետը վայելում է իր կուսակցության միայն 63%-ի վստահությունը Brexitի քաղաքականության առնչությամբ։  Վստահություն ստանալով իր կուսակցության ներսում՝ Մեյը նշեց, որ այնուամենայնիվ, հրաժարական է տալու մինչև 2022թ ընտրությունները։

Հունվարի 16-ին Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի նախաձեռնությամբ քվեարկվեց արդեն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, սակայն 325 կողմ և 306 դեմ ձայնով Թերեզա Մեյի կառավարությունը պահպանեց իշխանությունը։ Հատկանշական է, թե  ինչ չնչին տարբերություն է ձայների միջև։

Այժմ նրա իշխանությունը թողնելը կարող է լինել միայն հրաժարականի դեպքում։ Խորհրդարանը մեկ տարի շարունակ չի կարող անվստահություն հայտնել նրան։  Սակայն եթե դա չլինի ինքնակամ, խորհրդարում ճնշումները ևս կարող են հանգեցնել վերջինիս հրաժարականին։

Թերեզա Մեյի հրաժարականը

Կուսակիցների հետ փակ հանդիպման ընթացքում Մեյը հայտնել է, որ գիտի խորհրդարանական կուսակցության տրամադրությունները: «Ես գիտեմ, որ Brexit-ի բանակցությունների երկրորդ փուլում նոր մոտեցման և առաջնորդության ցանկություն կա, և ես այդ ճանապարհին չեմ կանգնի», ասել է նա:

Մեյի գրասենյակը հաստատել է տեղեկատվությունը:

«Ես խնդրում եմ բոլոր ներկաներին աջակցել գործարքին, այսպիսով մեն կարող ենք իրականացրել մեր պատմական պարտականությունը. տեղ հասցնել բրիտանացի ժողովրդի որոշումը և դուրս գալ Եվրոպական միությունից հարթ և կարգավորված ձևով»,- ասել է Մեյը:

Կլինի ի վերջո վերջնական Brexit, թե ոչ, կպարզվի մոտ ապագայում, սակայն այն, ինչ կատարվում է Եվրոպական Միությունում, այնքան էլ չի նպաստում տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության ամրապնդմանը և Մեծ Բրիտանիայի կայունությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն