Անդրանիկ Քոչարյանի մեղադրանքը` ֆեյք օրակարգի և ֆեյքերի մասին, կեղծ է. դա իրականացնողը հենց իր քաղաքական թիմն է. ՓԱՍՏԵՐ

article-image

Այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամն էր: Ելույթով հանդես եկավ նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական, իսկ 2019թ. մայիսից՝ 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանի ելույթի թեման ֆեյքերն էին: Պատգամավորը մասնավորապես նշել է. «Աշխարհում տիրող համաճարակային իրավիճակից ելնելով՝ հասարակական և քաղաքական կյանքը առավել քան երբևէ տեղափոխվել է վիրտուալ դաշտ:

Չունենալով որևէ ազդեցություն և հենք իշխանության իրական կրողի՝ ժողովրդի մոտ՝ քաղաքական օրակարգ ձևավորելու տոտալ լեգիտիմության բացակայության պայմաններում, որոշ, իսկ ավելի շուտ՝ հանրահայտ քաղաքական ուժեր ֆեյքերի միջոցով փորձում են ՀՀ-ում ձևավորել կեղծ հանրային օրակարգ, որը որևէ աղերս չունի իշխանության միակ կրողի՝ ժողովրդի հետ: Ֆեյքերի միջոցով տպագրում են հոդվածներ, ֆեյքերը դրանց արձագանքում են, իսկ սպասարկող մամուլը արտատպում և ձևավորում է հանրային ֆեյք կարծիք: Նրանք փորձում են ձևավորել վիրտուալ պսևդոժողովրդավարություն, որտեղ մարդուն փոխարինում է կեղծիքը: Հաջորդիվ հայրենիքի և զինվորի գաղափարը տեղափոխվում է վիրտուալ, ոչ իրական դաշտ: Արդյունքում ունենում ենք կեղծված արժեհամակարգ: Ժողովրդավարության պայմաններում սա անթույլատրեի է, քանզի ժողովրդի կամքը առաջնային է երկրի բոլոր ծրագրերը իրականություն դարձնելու և ապագայի հեռանկարը կերտելու գործում: Իրական հայրենիքի, իրական մարդու և իրական զինվորի կերպարին զուգահեռ՝ ծնվում է արհեստական իրողություն, որը չունի ամուր հիմքեր և կփլուզվի առաջին իսկ հարվածից»:

Անդրանիկ Քոչարյանը իր ելույթը ավարտեց հայ գրող Հրանտ Մաթևոսյանի տողերով:

Անդրանիկ Քոչարյանի խոսքերը օրինաչափ կարելի էր համարել միայն այն դեպքում, երբ իշխանությունները այսօր հենց իրենք չլինեին վիրտուալ աշխարհում՝ կեղծ օրակարգերի, կեղծիքների հիմնական ստեղծողը, տարածողը և շրջանառողը:

AntiFake.am-ը իր գործունեության ամբողջ ընթացքում հրապարակել և շարունակում է հրապարակել իշխանությունների կողմից ուղղորդվող, նրանց պաշտպանող, կեղծ օրակարգեր ստեղծող կեղծ օգտահաշիվների, դրանց ղեկավարների մի ամբողջ բանակ:  

Մի փոքր թարմացնենք Անդրանիկ Քոչարյանի հիշողությունը:

AntiFake.am-ը բազմիցս հրապարակել է հարյուրավոր կեղծ օգտահաշիվներ, որոնք հավանում են, «սրտիկում են» և տարածում են Նիկոլ Փաշինյանի հրապարակումները և ուղիղ եթերները:

Նիկոլ Փաշինյանը, օրինակ, դեռևս նախորդ տարվա ապրիլին հայտարարել էր. «Սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում ընդհուպ նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դրանք իրոք հեղափոխական շրջանակների հետ կապ ունեն։ Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան»: Ի պատասխան այս հայտարարության՝ AntiFake.am-ը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան տիրույթում ակտիվորեն սատարող 140 կեղծ օգտահաշիվների ցուցակը:

Երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակում էր իր բանաստեղծությունները, կեղծ օգտահաշիվները շտապում էին «սրտիկել» և գնահատել վարչապետի հանճարը:

Կեղծ օգտահաշիվները նաև ներկա են լինում վարչապետի մամուլի ասուլիսների ուղիղ եթերներին, կիսում նրա հայտարարությունները: Օրինակ, վերջին ասուլիսի ընթացքում նրան «օգնում էին» կեղծ օգտահաշիվները:

Վերջիններիս գործողությունները նպատակ ունեն հանրային բարձր աջակցության շղարշ ստեղծել սոցիալական տիրույթում, ինչպես նաև արհեստական ձևով պահպանել Նիկոլ Փաշինյանի` նախկինում ունեցած ռեյտինգը: Նյութը հավանելուց բացի` ֆեյքերը նաև մեկնաբանություններ են թողնում տեսանյութի ներքո, որոնք «աշխատում են» մի քանի հիմնական ուղղություններով.

- դրանց գերակշիռ մեծամասնությունն իրենց աջակցությունն ու սերն են հայտնում իրենց սիրելի վարչապետին,
- հայհոյում և վիրավորում են այն իրական օգտատերերին, որոնք քննադատական մեկնաբանություններ են թողնում,
- հայհոյանքներ են տեղում նախկին իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների հասցեին,
- վիրավորում, հայհոյում և անիծում են հարցեր տվող լրագրողներին: 

Հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի ուղղորդմամբ Նիկոլ Փաշինյանին աջակցող կեղծ օգտահաշիվները հարձակվում են Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների, կառավարության դիմաց բողոքի ցույցերի մասնակիցների վրա:

Եվս 116 կեղծ օգտահաշիվներ, որոնք հավանել և մեկնաբանություններ են գրել Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 16-ին Մատենադարում տեղի ունեցած մամլո ասուլիսի՝ ֆեյսբուքյան էջով հեռարձակվող ուղիղ եթերի ներքո։

Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ կեղծ օգտահաշիվները կեղծ օրակարգ են առաջ բերում ընդդեմ ներկայիս իշխանությունների և «իշխանության իրական կրողի»: Սակայն մեր փորձը ցույց է տվել, որ հենց ներկայիս իշխանությունների կողմից առաջ քաշված կեղծ օրակարգն է, որ պաշտպանում են կեղծ օգտահաշիվները և ներքաշում նաև իրական օգտատերերին:

Օրինակ, կառավարության դիմաց կազմակերպվել էր հերթական բողոքի ակցիա, որի մասնակիցները զոհված զինծառայողների մայրերն էին, ովքեր կառավարությունից պահանջում էին իրենց 30 մլն դրամ հատկացնել որպես փոխհատուցում, ինչպես կառավարությունը փոխատուցում էր տվել  մարտի 1-ի  զոհերի ընտանիքներին: Այդ նպատակով նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի հետ։

Ակցիայի ընթացքում զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանվում էր նրա ֆեյսբուքյան էջում։ Ուղիղ հեռարձակման ամբողջ ընթացքում հրապարակման ներքո վարչապետի աջակիցների կողմից արվել է շուրջ 2500 մեկնաբանություն: 

Մեկնաբանությունները արվում էին թե՛ կեղծ, թե՛ իրական օգտատերերի կողմից, որոնք ունեն նույն բովանդակությունը՝ այն է պաշտպանել վարչապետին և վարկաբեկել զոհված զինվորների մայրերին: Մեկնաբանությունների մեծ մասը պարունակում են հայհոյանքներ և վիրավորական բառեր` ուղղված կանանց։ Հիմնական թեզը, որը շրջանառվում էր մեկնաբանություններում այն է, որ այս կանայք նախկինների օրոք «չեն պայքարել», եղել են նրանց «հպատակը» և նրանցից գումար չեն պահանջել, լռել են, քանի որ վախեցել են, իսկ հիմա խոսում են և գումար պահանջում, ներկայումս «աշխատում են» նախկինների համար և այդպիսով «վաճառում» իրենց երեխաների արյունը, իսկ ստեղծված իրավիճակում վարչապետը «անմեղ է», և պետք է նրան «հանգիստ թողնել»: Մենք ներկայացրել էինք 2500-ից ավելի մեկնաբանություններից մի փոքր մասը՝ ավելի քան 40 իրական և կեղծ օգտահաշիվներ, որոնք, ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, հայհոյանքներ և վիրավորանքներ են գրել սևազգեստ մայրերի հասցեին:

Ավելին, ժամանակ առ ժամանակ մենք հրապարակում ենք կեղծ օգտահաշիվների ցուցակներ, որոնք օգնում են նաև իշխանական պրոպագանդիստներին:

Անդրադարձել էինք նաև վերջերս Հանրային խորհրդի նախագահ նշանակված Ստյոպա Սաֆարյանի հրապարակումները հավանող ֆեյքերին, որոնք արդեն որոշ ժամանակ է «աշխատում են» Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում՝ տպավորություն ստեղծելով, թե նրա արտահայտած մտքերը արժանանում են ավելի մեծ թվով անձնանց հավանությանը: Նկատենք, որ ավելի մեծ թվով հավանության են արժանանում Սաֆարյանի այն գրառումները, որոնք ունեն քարոզչական բնույթ: Հրապարակել էինք 100 կեղծ օգտահաշիվ, այնուհետև՝ ևս 100-ը:

Կեղծ օգտահաշիվները օգնում են նաև իշխանության մյուս ներկայացուցիչներին՝ Ալեն Սիմոնյանին, Արսեն Թորոսյանին, Հայկ Մարությանին, Արայիկ Հարությունյանին, վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին և այլն:

Վերջին շրջանում ատելության քարոզի գեներացիա է տեղի ունենում, որից բողոքում են բոլորը և հատկապես` իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Սակայն փաստերը ցույց են տվել, որ ատելության արշավը հիմնականում ուղղորդվում է հենց իշխանությունների կողմից, որի առնչությամբ AntiFake.am-ը հետաքննություն էր իրականացրել և բացահայտել, որ ատելության արշավի մի մեծ բաժին ռեալիզացվում է YouTube սոցիալական ցանցում ստեղծված մեկ տասնյակից ավելի ալիքներով, որոնք ամենօրյա կտրվածքով սուտ և կեղծիք են տարածում Հայաստանի Հանրապետության նախկին պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների, իշխանությունների համար անցանկալի այլ անձանց վերաբերյալ՝ վարկաբեկելով և զրպարտելով նրանց, ինչպես նաև հրահրելով ազգամիջյան թշնամանք։ (1,2)

Յութուբյան այս ալիքներում տոտալ ապատեղեկատվություն պարունակող տեսանյութերի հրապարակումները սկսվել են իշխանափոխությունից հետո՝ 2018, 2019 թվականներից սկսած։ Այս կարճ ժամանակահատվածում ալիքների հետևորդների (subscribers) ահռելի քանակը և տեսանյութերի բարձր դիտելիությունը վկայում են այն մասին, որ դրանք ունեն մեծ ֆինանսավորում, և տեսանյութերի տարածումը միանշանակ տեղի է ունենում ահռելի գումարների միջոցով:

Այսպիսով, իզուր է Անդրանիկ Քոչարյանը մեղադրում իշխանությունների ընդդիմախոսներին՝ իրենց դեմ քարոզչություն իրականացնելու համար, այն դեպքում, երբ հենց իր թիմն է կանգնած հասարակության շրջանում վիրտուալ տիրույթում ֆեյքերի ու ֆեյք օգտահաշիվների տարածման և տարվող պրոպագանդայի հետևում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն