Փաշինյանը կրկին մանիպուլացնում է պարգևավճարների հարցը. նա «հեղափոխական հարթակից» խոստացել էր ոչ թե պարգևավճարներ բաժանել բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ բարձրացնել ոստիկանների և պետական աշխատողների աշխատավարձերը

article-image

Ազգային ժողովում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի օրն է: Ի թիվս այլ հարցերի՝ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարգևավճարների առնչությամբ:

«Ժամանակ առ ժամանակ, մասնավորապես վերջին շրջանում անընդհատ սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում շահարկվում է և բացասական երանգով է  ներկայացվում պարգևավճարների հարցը: Սոցցանցերի օգտատերերը քննարկում են և այսպիսի թեզեր են առաջ քաշում, որ հեղափոխական թիմը առհասարակ պետք է հրաժարվեր պարգևավճարներից` հիմնավորելով, որ առանց այդ էլ բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, նախարարների աշխատավարձը բարձր է: Եվ այս ամենը հիմնականում ներկայացվում է բացասական երանգով, և քաղաքացիները, այդ օգտատերերը, որոնք միանում են այդ մեկնաբանություններին, սկսում են շահարկել այդ թեման, և, մասնավորապես, կորոնավիրուսի պայմաններում ավելի են ակտիվացել նման շահարկումները: Դուք բազմիցս ձեր ուղիղ եթերներով, ասուլիսներով պատասխանել եք այդ հարցին, բայց օգտվելով այս առիթից՝ կխնդրեի որոշ պարզաբանումներ տալ և հայտնել ձեր կարծիքը»:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս հարցին, դարձյալ մանիպուլացրեց խնդրո առարկան:

Տեղյակ լինելով, որ պատգամավորը այդ հարցը պատրաստվում է հնչեցնել՝ Նիկոլ Փաշինյանը «պատրաստված էր եկել»՝ հեռախոսով զինված:
 


 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկինում գիտեր, թե խնդիրը վերաբերում է միայն բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարներին, այնինչ հարցը պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանն  է վերաբերում:

Նիկոլ Փաշինյանը, հղում կատարելով 2018թ. ապրիլի 19-ին Հանրապետության հրապարակում արված հայտարարությանը, ասել է, որ պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը իր խոստման արդյունքն է: «Սա պարտավորություն է, որը ես ստանձնել եմ Հայաստանի ժողովրդի առաջ»:

Որպես ապացույց՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հանրապետության հրապարակում արված հայտարարությունը, այն է՝ «… պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել, … »:

Նիկոլ Փաշինյանը անընդունելի համարեց այն, որ «քննարկում են, թե ինչու է բարձրացվել պետական համակարգի աշխատողների աշխատավարձը»:

«Եթե ժողովուրդը մտածում է, որ վատ որոշում է, որ պետական բարձր պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել, ժողովրդի լեգիտիմ իրավունքն է: Նա կարող է անի նոր հեղափոխություն, մեզ էստեղից քշի, բերի հին ու բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում և լափում էին պետական բյուջեն»:

Հարկ ենք համարում նշել, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է այս  խնդիրը այնպես, ինչպես մանիպուլացնում էր նույն խնդիրը Լենա Նազարյանը նախօրեին նույն ամբիոնից:

Պետք է փաստել, որ ի տարբերություն ոստիկանական համակարգի, ուսուցիչների աշխատավարձերի չնչին բարձրացումների՝ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով բարձրացել են այն պաշտոնյաների պարգևավճարները, որոնք այդքան էլ մեծ ազդեցություն չեն ունենում կոնկրետ խնդիրների լուծման վրա:

Նիկոլ Փաշինյանը խոստացել էր ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաներին պարգևավճարներ հատկացնել, այլ բարձրացնել ցածր աշխատավարձ ստացող ոստիկանների և պետական ծառայողների աշխատավարձերը, որ նրանք ստիպված չլինեն իրենց հիմնական աշխատանքից բացի զբաղվել այլ աշխատանքներով, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, «բետոն թափելով ու սրա-նրա հայաթներում աշխատելով»:

Օրինակ, նույն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի միայն դեկտեմբեր ամսին ստացած մոտ 3 մլն դրամ պարգևավճարը (ՈՉ ԹԵ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ) էական ազդեցություն չի ունեցել նրա գործունեության վրա: Հակառակը, Միրզոյանը աչքի է ընկնում այլ, ոչ ի պաշտոնե սահմանված գործողություններով:

Ավելին, նույն Լենա Նազարյանը, ավելի քան 2 մլն դրամ միայն նախորդ տարվա դեկտեմբերին ստանալով, որևէ նշանակալից բանով Ազգային ժողովում աչքի չի ընկել, իսկ նրանց մյուս իմքայլական գործընկերը, նույնպես այդքան ստանալով, զբաղված է համացանցում երկպառակություններ և սադրանքներ սերմանելով:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը խոսում է նախկին պաշտոնյաների հարազատների ներգրավվածության մասին այն դեպքում, երբ նրա աներորդին  և եղբորորդին այսօր պատգամավորներ են և օգտվում են ահռելի մեծ պարգևավճար ստանալու հնարավորությունից:

Նիկոլ Փաշինյանը նշում է նաև, որ պետական բարձր պաշտոնյան պետք է 100 տոկոսով կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա, չմտածի այլ խնդիրների մասին: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այս օրերին փաստորեն արդարացվում է Արսեն Թորոսյանի ստացած պարգևավճարները այն դեպքում, երբ վերջին նախորդ մի քանի ամիսների ընթացքում վերջինս պնդում էր, որ «կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չէ», այնինչ այսօր Հայաստանում մենք ունենք ավելի քան հազար վարակվածության դեպք և օրեցօր ավելացող մահացած պացիենտների թիվ:

Այս համատեքստում հետաքրքիր է նորից կարդալ Լենա Նազարյանի մեկնաբանությունն այն մասին, որ նրանք նվիրյալներ չեն և չեն կարող տարիներ շարունակ չարքաշ կյանքով ապրել: 

Դեռևս 2019թ. ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ոստիկանների աշխատավարձը 20 տոկոսով ավելացել է: Այս թիվը կարող ենք համեմատել նույն ժամանակահատվածում պատգամավորների ամեն ամիս ստացած «աշխատավարձ + աշխատավարձի 30%» ստացումների հետ՝ համեմատելով նաև արդյունավետության գործակիցը:

Մանիպուլյացիան առավել ցայտուն է դառնում, երբ համեմատում ենք 2019 թվականին ոստիկանությունում և պետական ապարատի մյուս օղակներում ստացած պարգևավճարների չափը։ Այսպես, ոստիկանությունում 2019թ. պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 8.8 միլիարդ դրամ, այն դեպքում, երբ պետական ապարատում 2019թ. պարգևավճարների ընդհանուր չափը գերազանցել է 30 միլիարդ դրամը։ Օրինակ՝ ՊԵԿ-ում շուրջ 5.6 միլիարդ դրամ պարգևավճար են ստացել, Երևանի քաղաքապետարանում՝ շուրջ 1.7 միլիարդ դրամ, Ազգային ժողովում՝ շուրջ 1.4 միլիարդ դրամ։

Հետևաբար՝ եթե Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական հիմնավորումը» պրոյեկտում ենք ՊԵԿ-ում և Ազգային ժողովում հատկացվող պարգևավճարներ վրա, ապա ստացվում է, որ Արարատ Միրզոյանը 2019թ. դեկտեմբերին 3 միլիոն դրամի պարգևավճար է ստացել, իսկ Լենա Նազարյանը՝ 2 միլիոն, որպեսզի շաբաթ-կիրակի «բետոն չթափեն»։ Համաձայնեք՝ ծիծաղելի և ոչ արժանահավատ է հնչում։

Բացի այդ, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը հաշվարկվում են գործող օրենսդրական կարգավորումներով, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր պաշտոն ունի աշխատավարձի հաշվարկման հստակ գործակից, որով բազմապատկվում է բազային աշխատավարձը:

Եթե Նիկոլ Փաշինյանի խոսքերը մանիպուլյացիա չեն և համապատասխանում են իրականությանը, ապա այս դեպքում արդեն դեռևս նախորդ տարի պետք է տեղի ունենար օրենսդրական փոփոխությունը և բարձրացվեին սահմանված գործակիցները:

Պարգևավճարները իրենց բնույթով աշխատավարձ չեն կարող համարվել, որովհետև պարունակում են սուբյեկտիվության տարր, այսինքն կարող են փոփոխվել ղեկավարության մտադրությունների համաձայն, ինչն էլ այս դեպքում տեղի է ունեցել և շարունակվում է:

Այսպիսով, կարող ենք փաստել. Նիկոլ Փաշինյանը այս անգամ ևս խուսափում է պատասխանատվություն ստանձնել պետական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց չարդարացված պարգևավճարների համար՝ հերթական անգամ մանիպուլացնելով և տանելով հարցը այլ հարթություն: 

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն