
Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ աշխատելու են հասնել օրական 1000 թեստի՝ արդեն ուրբաթ օրվանից (ապրիլի 10-ից):
Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ օրական թեստերի քանակը տատանվում է 200-400-ի սահմաններում՝ հայտնելով, որ այդ նպատակով մոտ 70.000 թեստեր են ձեռք բերվել: Փաշինյանը նաև հայտարարել էր Հայաստանում թեստերի արտադրություն հիմնելու փորձերի մասին:
Նիկոլ Փաշինյանը նույն համոզմունքը հայտնել էր նաև ապրիլի 9-ին կառավարության նիստում: Նա հայտարարել էր, որ «վաղվանից (ապրիլի 10-ից) պետք է ստեղծենք 1000 թեստի հնարավորություն»: Փաշինյանը նաև հայտնել է, որ ապրիլի 8-ին արվել է 236 թեստ:
Սակայն ինչպես ցույց են տալիս օրական հրապարակվող թվերը, մինչև այսօր Հայաստանում թեստավորման օրական քանակները չեն հասնում 1000-ի:
Այսպես, համաձայն՝ «Worldometers» համակարգի՝ մինչ օրս Հայաստանում արվել է 9.632 թեստ, ինչը նշանակում է, որ մեկ միլիոն բնակչության հաշվով՝ բաժին է ընկնում 3.250 թեստ:
Ապրիլի 10-ին Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ մինչ այդ պահը արվել է 5.600 թեստ:
Ապրիլի 13-ին կառավարության արտահերթ նիստի ընթացքում նախարարը նաև նախորդ հանգստյան օրերի համար հրապարակել է անցկացված թեստերի քանակը։ Նախարարը հայտնել է, որ շաբաթ օրը (ապրիլի 11-ին) 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը (ապրիլի 12-ին)՝ 467:
Իսկ արդեն այսօր՝ ապրիլի 16-ին Արսեն Թորոսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ անցկացվել է 810 թեստ:
«Մենք 24-ժամյա ցիկլով արել ենք 537 թեստ, քանի որ թեստերի մի մասը հաջորդ օրն են համակարգ մուտքագրվել, կարող եմ ասել. 810 թեստ», - մասնավորապես նշել է Արսեն Թորոսյանը:
Այսպիսով՝ ապրիլի 10-ից հետո տարբեր 3 օրերի համար հրապարակված թեստերի ընդհանուր թիվը կազմել է 1957:
Հաշվի առնելով ապրիլի 10-ին Արսեն Թորոսյանի հրապարակած մինչ այդ արված ախտորոշիչ թեստերի ընդհանուր թիվը՝ 5600, և «Worldometers» համակարգի այսօրվա տվյալները՝ 9.632, ստացվում է, որ 6 օրվա ընթացքում արվել է 4032 թեստ։ Սրանից հանում ենք մեզ հայտնի 3 օրերի թեստերի ընդհանուր թիվը՝ 1957, և ստանում ենք մյուս 3 օրերին արված թեստերի թիվը՝ 2075, այսինքն՝ օրական միջինը 692 թեստ։
Ինչպես կարող ենք նկատել, թեստավորումների քանակը ավելանում է, սակայն դեռևս չի հատում օրական 1000 թեստի սահմանաչափը:
Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան