Աբսուրդային քաղաքականություն ՊԵԿ-ից. ներկրողների փչացող մթերքով բեռնատարները անհաղթահարելի խոչընդոտների են բախվում, իսկ խնդիրները լուծվում են օրեր անց (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

article-image

AntiFake.am-ին դարձյալ դիմել են ներկրողները, որոնք այս անգամ ևս բախվել էին ՊԵԿ-ի հարուցած խնդիրներին:

Արդեն տեղեկացրել էինք, որ ներկրողներին խոչընդոտում են Հայաստան-Վրաստան սահմանային Բագրատաշեն անցակետում և թույլ չէին տալիս բեռնատարները մուտք գործեն Հայաստան: Ներկրողը դիմել էր մեզ՝ խնդիրը բարձրաձայնելով: Օրեր անց, ՊԵԿ-ը վերջապես թույլ էր տվել բեռնատարների մուտքը Հայաստան:

Այս անգամ խնդիրն ավելի աբսուրդային է եղել:

Ներկրում իրականացնող «Աուրիս Սերվիս» ՍՊ ընկերության առաջ ՊԵԿ-ի հարուցած խնդիրները այս անգամ ևս որևէ իրավական բացատրություն չունեն: Ընկերության սեփականատերը դիմել է փաստաբանների օգնությանը:

Ավելի ուշ, ընկերության՝ ներկրում իրականացնող բեռնատարներին թույլ է տրվել դուրս գալ մաքսատան տարածքից:  Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ընկերության փաստաբանը:

Մենք զրուցեցինք  ընկերության շահերը պաշտպանող փաստաբաններից Վլադիմիր Գաբրիելյանի հետ, որը մեզ տեղեկացրեց գործի մանրամասների մասին: 

Ինչպես փոխանցեց փաստաբանը, ընկերությունը զբաղվում է սննդամթերքի ներկրումով: Ապրիլի 15-ին հերթական ներկրումը իրականացնելիս 4 բեռնատարներ, որոնք բարձված են ալյուրով և ցորենով, կանգնեցվել են, փաստաթղթերը ևս վերցրել են՝ առանց որևէ հիմնավորման, և թույլ չեն տվել մեքենաների տեղաշարժը:  Տեսուչները չեն վերադարձնում վարորդների փաստաթղթերը, դրանք փոխանցվել են հարկային մարմիններին. նշում են, որ ընկերությունը հարկային պարտավորություններ ունի, որոնց չափը չնչին է:

Փաստաբանները պնդում են, որ մաքսային համապատասխան ծառայողների պահանջը ակնհայտ անհիմն է, քանի որ հարկային պարտավորությունները դեռևս վրա չեն հասել: Ավելացված արժեքի հարկը, որի մասին խոսք է գնում, պետք է վճարվի մինչև մայիսի 20-ը: Փաստաբանը շեշտել է, որ որևէ ստորագրված որոշում տվյալ խնդրի առիթով առկա չէ:

Փաստաբանները դիմել են Պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ՝ ներկայացնելով խնդիրը, որտեղից նրանց փոխանցել են, որ նման բան հնարավոր չէ, և հարկային պարտավորությունները չկատարելու համար մեքենաները չեն կարող կայանվել, և չի կարող խոչընդոտվել մեքենաների տեղաշարժը:

Նրանց առաջարկվել է գրավոր դիմում ներկայացնել: Սակայն այս առաջարկը փաստաբանը ժամանակավրեպ է համարում, քանի որ սահմանային անցակետում կայանված մեքենաներում առկա սննդամթերքը կարող է փչանալ, ինչն էլ մեծ խնդիր է ներկրողի համար:

Տեսնելով, որ այլ տարբերակ չկա՝ փաստաբանները մեկնել են սահմանային անցակետ՝ տեղում հասկանալու իրավիճակը: Բավական ժամանակ սպասելուց հետո նրանց տեղեկացրել են, որ մաքսային որևէ խնդիր չկա, և փաստաթղթերը փոխանցվել են հարկային համապատասխան մարմիններին: Ընկերությունը ներկայացնող փաստաբաններին որևէ պարզաբանում չի տրվել:

Մեզ հետ զրույցում փաստաբանը, տեղի ունեցածը ներկայացնելով, նշում է, որ եթե այս իրավիճակը պայմանավորված է կորոնավիրուսային պանդեմիայով, ապա պետք է, որ նման խնդիր առհասարակ չլիներ, և մեքենաները արագորեն պետք է դուրս բերվեին, մանավանդ նման անհրաժեշտության ապրանքների դեպքում, ինչպիսին ալյուրն ու ցորենն են:

Ընկերության ներկայացուցիչն էլ ահազանգում է մաքսատան մաքսային և հարկային ծառայողների անպատասխանատու աշխատանքի մասին: «Մեկը մյուսի վրա են գցում, կցկտուր պատասխաններ են տալիս, ոչ ոք չի ուզում պատասխանատվություն կրի: Ամեն ինչ վերահսկվում է Երևանից», - ասում է նա:

Նշենք, որ փաստաբաններից Վարազդատ Հարությունյանն էլ հայտնել է, որ իրականացված ոչ իրավաչափ վարչարարության համար ՊԵԿ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և պատճառված վնասները հատուցելու պահանջ են ներկայացնելու դատարան:

Արձանագրենք, որ այս խնդիրը, մանավանդ ներկայիս կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված, առավել մտահոգիչ է դառնում, և ցայտուն երևում են այսօրվա իշխանությունների մաքսային և հարկային վարչարարությունների խնդիրները և բացերը: 

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն