Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիաները ֆեյքերի, լրատվամիջոցների գործունեության, իշխանությանն ուղղված քննադատությունների մասին

article-image

Այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կոչով դիմել է հասարակությանը և մանիպուլացրել փաստերը ֆեյքերի, երկրում տիրող մթնոլորտի և իշխանության վարկաբեկման վերաբերյալ։ Նա մասնավորապես ասել է«Սիրելի հայրենակիցներ դիմում եմ ձեզ։

Այսօր մի իրավիճակ է ստեղծվել երբ-որ լայնածավալ հարձակում է սկսվել տարբեր ուղղություններով իշխանության և պատգամավորների, և անհատների, քաղաքական գործիչների, մեկնաբանների ուղղությամբ։ Այս ամենը կապված է այն գործողությունների հետ որոնք տեղի են ունենում Ազգային Ժողովում, ոչ  միայն այստեղ։ Այն օրենքները որոնք այստեղ ընդունվում են՝ ապօրինի գույքի բռնագանձում, գովազդի ժամի բացում Հանրային հեռուստաընկերության համար և տարատեսակ օրենքներ, ինչպես նաև այն քրեական գործերը, այն հետախուզումները, որոնք այսօր հայտարարվում են, մասնավորապես նախկին հայտնի կարկառուն գործիչների նկատմամբ և այն իրավիճակը, որը որ դուք տեսնում եք տարբեր հեռուստաալիքների, տարբեր կայքերի եթերներում, պայմանավորված է դրանով։ Այսօր այս ամենը արվում է մի բանի նպատակով, որպեսզի այս իրավիճակը օգտագործեն իշխանությանը վարկաբեկելու համար, ներկայացնելու այն ամենը ինչը որ իրականության մեջ գոյություն չունի։

Եվ կրկին դիմում եմ ձեզ։ Ես գիտեմ, որ դուք ամեն ինչ շատ լավ հասկանում եք, տեղի չտաք այդ սին ինֆորմացիաներին, կոնտեքստից կտրված նյութերին, բառակապակցություններին, այն լարովի դերասաններին, այն մարիոնետկաներին, որոնց որ Միքայել Մինասյանի հեռուստաալիքներով, կայքերով, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ֆեյքերին և մնացած այն բոլոր մարդկանց, ովքեր որ վարձատրվում են Հայաստանի Հանրապետությունից գողացված փողերով, որպեսզի այդ մթնոլորտը ստեղծեն, որը իրենք փորձում են ստեղծել։

Իշխանությունը նույնն է, իշխանությունը եղել է և կա և մնալու է նույնը, եղել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի մի մաս  և մնալու է մի մաս։ Իսկ այն բոլոր մարդիկ, ովքեր, որ գողացել են, ովքեր որ հանցագործություններ են արել՝ պատժվելու են։ Հաճախ խոսել են սրա մասին, հաճախ ասել եք, որ շատ ավելի ուժեղ գործելու ժամանակն է, այդ գործողությունները կատարվել են և կատարվելու են, կասկած չլինի և բոլորը ստանալու են իրենց արժանի պատիժները»։

Ալեն Սիմոնյանի խոսքերն առաջին հերթին մանիպուլյատիվ են այն պատճառով, որ «լայնածավալ հարձակումը» և «վարկաբեկման գործընթացը» ոչ թե իշխանական պատգամավորների, գործիչների ու մեկնաբանների դեմ է, ինչպես նշել է Սիմոնյանը, այլ ուղղված է այս իշխանությանը քննադատող նախկին պաշտոնյաների ու գործիչների դեմ։ Եվ ինչպես ցույց են տալիս փաստերը, այդ ամենն ուղղորդվում է իշխանության և իշխանամերձ շրջանակների կողմից։ Կարող ենք հիշել AntiFake.am-ի իրականացրած հետաքննությունը Նիկոլ Փաշինյանի աջակիցների՝ կեղծիք, զրպարտություն և թշնամանք տարածող youtube-յան ալիքների վերաբերյալ, որոնք ամենօրյա կտրվածքով սուտ ու կեղծիք են տարածում Հայաստանի Հանրապետության նախկին պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների, իշխանությունների համար անցանկալի այլ անձանց վերաբերյալ՝ վարկաբեկելով և զրպարտելով նրանց, ինչպես նաև ազգամիջյան թշնամանք հրահրելով։ 

Նշենք, որ ԱԺ-ի կողմից ընդունված որոշ օրենքներ իսկապես քննադատության են ենթարկվում, սակայն դրանցում «դավադրություններ» պետք չէ փնտրել, քանի որ դա մասնագիտական հանրույթի՝ իրավաբանների, փորձագետների, առողջ և կոնստրուկտիվ քննադատությունն է, ինչն էականորեն տարբերվում է այս իշխանության ներկայացուցիչների՝ ընդդիմադիր տարիների բովանդազուրկ, անփաստարկ ու հայհոյախառն «քննադատություններից»։ Օրինակ, մասնագիտական հանրույթը քննադատության է ենթարկել ապօրինի գույքի բռնագանձման մասին վիճահարույց օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական այս փաթեթի վերաբերյալ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրել էր. «Ներդրվող ինստիտուտը ի տարբերություն քրեական վարույթի, որը մեղադրյալի համար սահմանում է բազմաթիվ երաշխիքներ եւ պաշտպանության ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում, էականորեն ավելի բարենպաստ պայմաններ է սահմանում վարույթն իրականացնող մարմնի` դատախազության համար: Ուստի նախագիծը այս տեքստով, այս լուծումներով ոչ միայն խնդիրներ է ստեղծելու ՀՀ քաղաքացների համար` ոտնձգելով նրանց սեփականության իրավունքին, անմեղության կանխավարկածին, մի շարք այլ իրավունքներին եւ երաշխիքներին, այլ հետագայում մեջքով է շրջվելու հենց պետության նկատմամբ»:

Մասնագիտական հանրույթը նաև քննադատության էր ենթարկել մարդու անձնական և տեղակայման տվյալներին հասանելիություն տվող օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը գրել էր «ԱԺ-ում քննարկվող փաթեթը ենթադրում է քաղաքացի որի հեռախոսազանգերի մետա-տվյալների հավաքագրում, այսինքն ում է զանգել, երբ, որքան է տեւել զանգը, առանց դրա բովանդակության։ Անկասկած, հիանալի է, որ բովանդակությունը չի ձայնագրվելու։ Սակայն սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից։ Իսկ այ, օրինակ, քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է։ Երկրորդը. հարկավոր է ստեղծել հանրային վերահսկողություն տվյալների հավաքագրման եւ ապագայում ոչնչացման։  Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք»։

Ուստի՝ պնդումը, թե իշխանության ներկայացուցիչների դեմ «դավադրություններ են հյուսվում» որոշ օրենքի նախագծերի ընդունման համար, կեղծ է։

Իշխանության ներկայացուցիչները շատ հաճախ քննադատության են ենթարկվում նաև արտաքին քաղաքականության մեջ ձախողումների, իրենց պաշտոնին ոչ վայել և իրենց լիազորություններից դուրս արվող և հակասական հայտարարությունների համար։ Մասնավորապես Ալեն Սիմոնյանը վերջին օրերին քննադատության է ենթարկվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբարյալ ոչ նորմատիվային հայտարարությունների համար։

Սիմոյանի թիմակիցների՝ «սևի ու սպիտակի» քաղաքականությունը և հասարակությանը գույների կամ «մականունների» բաժանելն ու նրանց  պիտակավորելը՝ կապված մարդկանց քաղաքական հայացքների հետ, ամենալավ ապացույցն է, որ երկրում տիրող անառողջ մթնոլորտը նույնպես ուղղորդվում և ձևավորվում է իշխանական շրջանակների կողմից։

Խնդիրը միգուցե կայանում է նրանում, որ իշխող ուժին դուր չի գալիս առողջ մասնագիտական կարծիք լսելը, որն ուղղված է ոչ թե իշխող ուժին վարկաբեկելուն, այլ իշխանությանը վերահսկելուն, իրավական պետության սկզբունքներից չշեղվելուն պարտավորեցնելուն, իսկ շեղվելու դեպքում՝ առկա խնդիրները բարձրաձայնելուն ու քննադատելուն, որը միանգամայն նորմալ է ժողովրդավարական պետություններում։ Եթե այս ամենն այդքան ցավագին է ընդունվում իշխանության կողմից՝ նշանակում է, որ նրանք կողմնակից չեն երկրում առողջ ժողովրդավարական գործընթացներին։

Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձել է ֆեյքերին, որոնք, ըստ Սիմոյնանի՝ պատկանում են ՀՀ երկրորդ նախագահին և սպասարկում են նրանց շահերը։ Սակայն այս դեպքում էլ Սիմոնյանը կրկին մանիպուլյացնում է փաստերը։ Հիշեցնենք, որ AntiFake.am-ը շարունակում է հրապարակել իշխանությունների կողմից ուղղորդվող և կեղծ օրակարգեր ստեղծող կեղծ օգտահաշիվներ, որոնք լծված են իշխանության ընդիմախոսների հասցեներին համացանցում հայհոյանքներ գրելով և Փաշինյանի վերաբերյալ դրական մեկնաբանություններ թողնելով։ Այդ ֆեյքերը, ինչպես և ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակմամբ սպասարկում են նաև Ալեն Սիմոնյանին։

Ալեն Սիմոնյանի խոսքերը նաև ուղղված էին որոշ լրատվամիջոցների դեմ, ինչը կրկին ապացուցում է, որ իշխանության ներկայացուցիչները ԶԼՄ-ներին ընկալում են որպես իշխանությունների թշնամի:

Այսպիսով, Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ֆեյքերի, երկրում տիրող մթնոլորտի և իշխանության վարկաբեկման գործընթացի մասին մանիպուլյատիվ են։ Ֆեյքերը ուղղորդվում են իշխանության կողմից, երկրում տիրող մթնոլորտը ձևավորվում է իշխանության սևի ու սպիտակի քաղաքականության կոնտեքստում, իսկ իշխանության ֆեյքերի բանակների, youtube-յան ալիքների և այլ գործիքակազմի միջոցով վարկաբեկվում են նախկին պաշտոնյաներն ու իշխանության ընդդիմախոսները։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն