«Fake news»-ից անընդհատ բողոքող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կեղծիք է տարածում իր ֆեյսբուքյան էջում

article-image

Այսօր՝ ապրիլի 17-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանն իր ֆեյսբուքյան էջում ապատեղեկատվություն է տարածել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ՝ կիսելով ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am լրատվականի «fake news»-ը, որում ասվում է, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։

Ալեն Սիմոնյանի հրապարակումից րոպեներ անց տեղեկությունը հերքել է ՀՀ երրորդ նախագահի փաստաբանական թիմը։ Ամրամ Մակինյանը մասնավորապես գրել է. «Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է: Նշենք նաև, որ պարոն Նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ: Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»։

Սակայն ԱԺ փոխխոսնակը չի հեռացրել կեղծ լուրն իր ֆեյսբուքյան պատից, ոչ էլ հերքել է այն։ Մինչ այս պահը ապատեղեկատվությունը պահպանվում է, շարունակում տարածվել ու հավանումներ ստանալ։

Նշենք, որ հենց այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը բողոքել էր լրատվականներից, ֆեյքերից և «ֆեյք լուրերից»՝ իհարկե խոսքերը կառուցելով մանիպուլյացիաների վրա։ Եվ սա առաջին անգամը չէ, երբ ԱԺ փոխխոսնակը բողոքում է «կեղծ լուրերից», որոնք կեղծ չեն լինում, սակայն պիտակավորվում են այդպես, քանի որ բացահայտում են իշխանության տարբեր ներկայացուցիչների դատապարտելի արարքները։

Բայց «կեղծ լուրերից» անընդհատ բողոքող Ալեն Սիմոնյանը ոչ միայն կեղծ լուր է տարածում, այլ դա հերքվելուց հետո էլ այն չի հեռացնում։ Ուստի՝ կարելի է առհասարակ կասկածի տակ դնել ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակի ֆեյսբուքյան էջում հայտնվող տեղեկությունների իսկությունը, ինչը նվազագույնը հարիր չէ նման պաշտոն զբաղեցնող անձին, իսկ որ ավելի կարևոր է, կարող է ազդել Հայաստանի միջազգային վարկի վրա և ոչ հայաստանյան ԶԼՄ-ներում շահարկումների առիթ դառնալ։
 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն