Պատգամավորների՝ 30% պարգևավճարների մասին «արդարացումները» մանիպուլյատիվ են. ԱԺ նախագահը և պատգամավորները, օրինակ, 2019թ. դեկտեմբերին պարգևատրվել են ոչ թե 30, այլ 250%-ի չափով

article-image

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պարգևավճարների խնդրին:

Արարատ Միրզոյանը մասնավորապես ասել է. «Երբ ես հայտարարեցի, որ պարգևավճարի ողջ ֆոնդը փոխանցվում է կորոնավիրուսի դեմ պայքարին, դժգոհություն արտահայտող մեկնաբանություններ եղան: Տեսակետներ էին արտահայտում, որից հասկացա, որ մարդիկ մտածում են, թե միլիոնավոր դրամներով պարգևավճար է ստանում պատգամավորը: Պատգամավորի աշխատավարձը 400-քանի հազար դրամի կարգի է, դրա 30 տոկոսի չափով էլ պարգևավճար է ստանում, որը մոտ 150 հազար դրամ է :...Մենք ֆորմալացնելու ենք էն, ինչ որ կա: Դրանից չի պակասելու: Կգրվի 600.000, կստանան 600.000: Հիմա գրված է՝  450+150»:

«ԱԺ-ում իմ նախագահ դառնալուց հետո փորձ արեցինք աշխատակազմում խրախուսումներն անել ըստ կատարողականների: Բայց տեսանք, որ որոշ դժվարություններ կան, և հնարավոր է՝ անարդարություն լինի: Եվ հիմա մենք բոլորին հավասար 30% պարգևավճար կոչված հավելյալ աշխատավարձը տալիս ենք» ,- ասաց նա:

ԱԺ նախագահը հայտնել է, որ ԱԺ-ում պարգևավճար ստանում են բոլոր 700 աշխատակիցները (պատգամավորները ներառյալ)՝ առանց բացառության, և հավասար՝ 30 տոկոսի չափով:

Առաջին հայացքից ամեն ինչ ճիշտ է:

Սակայն պետք է նշել, որ Արարատ Միրզոյանը մանիպուլացնում է խնդիրը՝ 30% հայտարարելով ամսական հատկացվող պարգևավճարների չափը, և համոզմունք հայտնելով, որ չի կարող լինել, որ իրենք 2 միլիոն դրամ պարգևավճար ստանան:  

Փաստ է, որ, օրինակ, դեռևս 2019 թվականի դեկտեմբերին Արարատ Միրզոյանի հրամաններով Ազգային ժողովի պատգամավորները՝ խոսնակի գլխավորությամբ, աշխատակազմի պետական ծառայողները, աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով՝ 2 անգամ, 30%-ի և 20%-ի չափով մեկ անգամ, այսինքն՝ 4 անգամ ստացված պարգևավճար՝ մեկ ամսում: Պարգևավճարներից մեկ անգամ 100%-ի չափով հատկացումը եղել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մյուս հատկացումների և խրախուսումների պատճառները նշված չեն:

Բացի այդ, նախորդ տարում կին պատգամավորները ստացել են 70.000 դրամ պարգևավճար՝ կանանց տոնի առիթով: Պարգևավճարներ եղել են նաև ՀՀ անկախության օրվա առթիվ՝  75 տոկոսի չափով՝ պատգամավորներին և աշխատակազմին:

Ստացվում է, որ ամսական միայն 30% սահմանաչափը միակ պարգևավճարը չէ:

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը միայն դեկտեմբեր ամսին որպես պարգևավճար ստացել է 2,976,300 դրամ:

Ազգային ժողովի տեղակալներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Վահե Էնֆիաջյանը միայն դեկտեմբեր ամսին որպես պարգևավճար ստացել են 2,222,304 դրամ:

Նշենք, որ պարգևատրվողների ցանկում է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար- գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: Գալստյանը միայն դեկտեմբեր ամսին ստացել է 1,653,500 դրամ  պարգևավճար:

Ավելին, նման դեպք է տեղի ունեցել նաև այս տարվա փետրվարին: Աշխատակազմը պարգևատրվել է նաև սահմանված աշխատավարձի 100 տոկոսի չափով, իսկ պատգամավորները՝ 30 տոկոսի չափով: Պատգամավորները և ԱԺ աշխատակազմը պարգևատրվել էր հունվարին աշխատած 17 օրերի համար: 

Եվս մեկ հանգամանք, որը վկայում է Ազգային ժողովի ղեկավարության գործելաոճի մասին:

Եթե նախկինում նման կարգադրություններին կցվում էին նաև հավելվածները, համաձայն որոնց՝ ներկայացվում էին պարգևատրված անձանց ցանկերը, ապա այդ հավելվածները այս տարվանից արդեն իսկ հասանելի չեն և կցված չեն Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված կարգադրություններին:

Արարատ Միրզոյանը նաև երկրորդել է Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ նշված 30% պարգևավճարը հավելյալ աշխատավարձ է համարում:

Հարկ ենք համարում նշել, որ պարգևավճարները իրենց բնույթով աշխատավարձ չեն կարող համարվել, որովհետև պարունակում են սուբյեկտիվության տարր, այսինքն կարող են փոփոխվել ղեկավարության մտադրությունների համաձայն, ինչն էլ այս դեպքում տեղի է ունեցել և շարունակվում է:

«Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»,- համոզմունք էր հայտնել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ արդարացնելով իր պարգևավճարները:

Նախօրեին էլ նման մանիպուլյացիայի էր դիմել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում կատարելով 2018թ. Հանրապետության հրապարակում արված իր հայտարարությանը, որտեղ ասում էր, որ «պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել»:

Եթե Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական հիմնավորումը» պրոյեկտում ենք ՊԵԿ-ում և Ազգային ժողովում հատկացվող պարգևավճարներ վրա, ապա ստացվում է, որ Արարատ Միրզոյանը 2019թ. դեկտեմբերին 3 միլիոն դրամի պարգևավճար է ստացել, իսկ Լենա Նազարյանը՝ 2 միլիոն, որպեսզի շաբաթ-կիրակի «բետոն չթափեն»։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն