Կոկորդիլոսների միֆը

article-image

Դեռևս անցյալ տարի իր գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում զբոսաշրջային վայր ստեղծելու նպատակով Հայաստան կներմուծվեն կոկորդիլոսի ձվեր։ Ինչպես հայտնի դարձավ, նախաձեռնության հեղնիակը «Արմոն» ընկերության հիմնադիր երկրաբան Խաչատուր Սարգսյանն է։ Նա մտադրված է կոկորդիլոսի ձվեր ներմուծել Տանզանիայից, Քենիայից, Ուգանդայից և Զամբիայից, իսկ հետագայում նաև նեղոսյան կոկորդիլոսներ պետք է բերվեն Հայաստան։

Կոկորդիլոսները սկզբում պետք է լինեն Դաշտավան համայնքում կառուցվող հանգստյան և ժամանցի գոտում, այնուհետև պետք է ստեղծվի մեծ կոկորդիլոսաբուծարան: Ժամանցի գոտում, բացի կոկորդիլոսներից, լինելու են նաև բադեր, հավեր, սագեր, իսկ այգին բաղկացած է լինելու 31 ենթակառուցվածքներից. կոկորդիլոսի բուծարանն ընդամենը այդ ենթակառուցվածքներից մեկն է լինելու։ Այգին նաև ունենալու է ենթակառուցվածքներ երեխաների համար և մի շարք այլ խաղահրապարակներ։ Ըստ գործարարի՝ ծրագիրը հավանաբար պետք է սկսվի այս տարվա մարտի 1-ից և ամբողջությամբ ավարտին հասցվի 5 տարվա ընթացքում։

Այս թեման համացանցում դարձավ ամենաքննարկվողներից մեկը, երբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ասաց, որ ՊԵԿ-ում չեն կողմնորոշվում. կոկորդիլոսի ձուն թռչնի՞ է, թե՞ կենդանու: Այս ամենը վերածվեց հումորի, այս մասին անգամ հումորով սկսեց խոսել հենց Գարիկ Սարգսյանը, որը մի շարք գրառումներ արեց այդ թեմայով իր ֆեյսբուքյան էջում:

Մի քանի օր շարունակ քննարկումները և հումորային գրառումները այն մասին, թե ի վերջո կոկորդիլոսի ձուն թռչնի է, թե կենդանու, ստվերում  թողեցին մի շարք հիմնախնդիրներ, որոնք այդպես էլ չպարզաբանվեցին: Շատերի մոտ ծիծաղ առաջացնող այս թեման իրականում լի է մի շարք խնդիրներով:

Նախ պետք է նշել, որ Հայաստան բերվող նեղոսյան կոկորդիլոսը համարվում է ամենաագրեսիվ կոկորդիլոսի տեսակը, և այն հայտնի է որպես մարդկանց վրա ամենաշատ հարձակումներ գործած կոկորդիլոսի տեսակ: Հասուն նեղոսյան կոկորդիլոսը սնվում է անգամ ամենամեծ կաթնասուններով, և նույնիսկ ամենամեծ գիշատիչները դառնում են նրանց զոհը:

Խնդիր է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ Արարատի մարզպետը չի ներկայացրել ո՛չ փորձաքննության, ո՛չ ջրօգտագործման թույլտվության, ո՛չ հողահատկացման վերաբերյալ որևէ փաստաթուղթ:

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մի շարք մասնագետներ պարբերաբար ահազանգում  են խնդիրների մասին, որոնք պետք է լուծումներ ստանան, և որոնց համար պետք է ձեռնարկվեն  կանխարգելիչ միջոցառումներ, սակայն մասնագետների կողմից բարձրացված խնդիրները հանրային հնչեղություն չեն ստանում և մնում են անպատասխան:

Խնդիրների մասին խոսել էր «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, որը նշել էր, որ դիմել է տեսչական մարմին, և պարզ է դարձել, որ 2018թ նոյեմբերի 20-ի դրությամբ  Դաշտավանի համայնքապետարանի կողմից որևէ հողահատկացում չի կատարվել, և կոկորդիլոսաբուծարանի վերաբերյալ որևէ աշխատանք չի կատարվել: Այս տարի փետրվարին փորձագետները ևս մեկ անգամ դիմել էին տվյալ խնդրով այս անգամ բնապահպանության նախարարությանը, որտեղից հաստատել էին, որ 2019թ. փետրվարի 12-ի դրությամբ էլ Դաշտավանի համայքնապետարանի կողմից այս անգամ էլ հող չի հատկացվել տվյալ կազմակերպությանը, և քանի որ չկա  շրջակա միջավայրի դրական փորձաքննության եզրակացություն (ինչը բացակայում էր նաև ըստ 2018թ. նոյեմբերի տվյալների) այդ կազմակերպությունը չի կարող որևէ գործունեություն ծավալել: 

Եթե հավատանք գործարարի խոսքերին, ապա տվյալ նախագիծը ամբողջապես կկայանա 5 տարվա ընթացքում։ Տվյալ գործարարը նախատեսում է կոկորդիլոսներին խնամելու համար ստեղծվող 300-500 աշխատատեղերը հատկացնել տեղի մարզաբնակներին, որոնք մասնագիտացված չեն տվյալ ոլորտում: Սակայն, ուսումնասիրելով կոկորդիլոսաբուծության փորձը՝ պարզ է դառնում, որ նեղոսյան կոկորդիլոսների խնամքով  զբաղվում են միայն այդ ոլորտում մասնագիտացված մարդիկ, և կոկորդիլոսաբուծարաններում խիստ վերահսկողություն է իրականացվում:  Այստեղ խնդիրը հետևյալն է, ինչպե՞ս են պատկերացնում գործարարը և Գարիկ Սարգսյանը տվյալ վտանգավոր կոկորդիլոսի տեսակի հետ այն մարդկանց աշխատանքը, որոնք մասնագիտացված չեն, կամ արդյո՞ք նրանք մշակել են մեխանիզմներ տվյալ մարդկանց մասնագիտական գիտելիքներ փոխանցելու համար, կամ արդյո՞ք նշված են հստակ ժամկետներ, թե որքան ժամանակում հնարավոր կլինի մասնագիտանալ այդ գործում, մնում է անհասկանալի։

Այս ամենը պարզելու համար AntiFake.am-ը կապ հաստատեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանի հետ, ով այն հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի տեղի մարզաբնակներին մասնագիտանալու այդ ոլորտում, նշեց, որ մարզաբնակները չեն կարող այդ ոլորտին առնչվող մասնագիտական գիտելիքներ ստանալ, և սովորաբար նման բուծարաններում աշխատում են մարդիկ այն տարածքներից, որտեղ կոկորդիլոսները  սովոր են տարածքին, և այն մարդիկ, որոնք երկար տարիներ շփվել են այդ կենդանիների հետ, գիտեն նրանց ապրելակերպը և վարքգիծը։ Որպես օրինակ բերելով Թաիլանդը՝ Սիլվա Ադամյանը նշեց, որ կոկորդիլոսների հետ աշխատում են աֆրիկյան երկրներից եկած բնակիչները, որոնք դրա դիմաց գումար են ստանում։ Իսկ այդ ամենը սովորեցնել որևէ մեկին բացարձակ անհեթեթություն է, քանի որ առաջին հերթին դա կվտանգի մարդկանց կյանքը, և մարդկանց կյանքը վտանգելով, պետք չէ սովորեցնել այն ունակությունները, որոնք ունեն աֆրիկյան երկրների բնակիչները, ովքեր, դարեր և տարիներ շարունակ շփվել են այդ կենդանիների հետ։

Նա մեզ հետ զրույցում նաև նշեց, որ այս ոլորտը զարգացման  հեռանկարներ չի կարող ունենալ, որովհետև այն պայմանները, որ մենք ունենք Հայաստանում, չեն կարող բավարարել որևէ տեսակի կենդանու, որը հարմարեցված չէ մեր կլիմայական պայմաններին, լինի դա կոկորդիլոս, թե այլ տիպի կենդանի: Սիլվա Ադամյանը նաև նշեց, որ նամակներ են ուղարկել  Արարատի մարզպետարան և Դաշտավանի գյուղապետարան և պարզել, որ ոչ միայն հողահատկացում չի եղել, այլ նաև չի եղել մարդ որը հողահատկացում է խնդրել և մերժում ստացել։

Ինչպես գիտենք, ծրագիրը, ըստ տեղեկությունների, պետք է սկսվեր  մարտի 1-ից, սակայն մի կողմից մինչ օրս ոչ հողահատկացում է կատարվել, ոչ ֆերմայի  աշխատանքներն են սկսվել, մյուս կողմից էլ ձեռնարկված չեն անվտանգության որևէ մեխանիզմներ այդ ոլորտում մասնագետ չհանդիսացող աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Հետևաբար, ինչպես երևում է կոկորդիլոսների բուծարանը մեծ միֆ էր, որն ամենայն հավանականությամբ այդ կարգավիճակում էլ կմնա։

Հոդվածի ռուսերեն և անգլերեն տարբերակները։

 

Հեղինակ - Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն