Ովքեր են պատասխանատու Նիկոլ Փաշինյանի ուղերձից դուրս կադրերի արտահոսքի համար (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

article-image

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակմամբ, ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսի վերաբերյալ ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին, մի շարք հումորային գրառումների և ծաղրի տեղիք էր տվել՝ պայմանավորված ուղիղ տեսաուղերձում առկա տեխնիկական խնդիրներով, ընտրված ֆոնով և այլն։

Հասարակական-քաղաքական գործիչների «անմեղ հումորները» սակայն ոչինչ են այն բանի դիմաց, ինչ արել են իշխանությանը հարող շրջանակները։ Ապրիլի 18-ին արդեն համացանցում տարածվել են Փաշինյանի նույն ուղերձի նախապատրաստական կադրերը, որոնք եթեր չէին հեռարձակվել։ Կարճ ասած՝ տեղի է ունեցել արտահոսք։

Տարածվող տեսանյութում ներկայացված է Նիկոլ Փաշինյանի և ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանի «տեսահոլովակը», որում Փաշինյանը հազում է, ջուր խմում, ուղղում հագուստը, անկանոն շարժումներ անում, գլուխը քորում և կարծես թե դեղահաբ ընդունում կամ միգուցե կոնֆետ է ուտում։

Այս ամենն այնպես է մոնտաժված, կադրերն այնպես են ընտրված ու դասավորված, որ միտում են հետապնդում վարչապետին հանրության առջև «վատ դրության» մեջ դնելու և ցույց տալու, որ վերջինս առողջական խնդիրներ ունի (ուշադիր նայեք անկանոն շարժումների կադրերի դասավորվածությանը, որոնք ուղղակիորեն այդ նպատակն են հետապնդում):

Ըստ համացանցում տարածվող տեղեկատվության՝ այս կադրերը կարող էին ունենալ նկարահանող խմբի անդամները, որոնք հանդիսացել են Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ և այն անձինք, որոնք հնարավոր է, որ ունեցել են ուղերձի ձայնագրության ամբողջական տարբերակը։ «Այս երկու շրջանակներից մեկն էլ դիմել է այդ քայլին, և վարչապետին ծաղրուծանակի առարկա դարձել»,- վստահաբար գրել են ֆեյսբուքյան որոշ օգտատերեր։

Հետաքրքիր է նաև, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի ուղերձների նկարահանումների ընթացքում թույլատրված չէ նկարահանել նախապատրաստական աշխատանքները, իսկ դրանց նկարահանման դեպքում դրանք չպետք է հայտնվեն երրորդ անձանց ձեռքում։ Այնինչ Հանրային հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ նշված է, որ տեխնիկական փորձից կադրերը արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ։ Դեռ ավելին, «Հանրայինը» իր հայտարարության մեջ շտապել է «մեղքի բաժին» հատկացնել ՀՀ կառավարությանը և այն հեռուստաընկերություններին, որոնց Հ1-ը վարչապետի ուղերձը տրամադրել է բաց կապով։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է«Հարգելի հեռուստադիտողներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները. Արմենիա ԹիՎի, Շանթ, Միր, Հ2, ԱՐ, Կենտրոն, Երկիր Մեդիա, 5-րդ ալիք։ Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել:»:

Հարկատուների հաշվին աշխատող «Հանրայինը» իր այս անպատասխանատու քայլով, մեղմ ասած, խայտառակ է արել երկրի ղեկավարին և ապացուցել, որ այդ հեռուստաընկերության աշխատակիցները կոմպետենտության լուրջ խնդիր ունեն։ Իսկ Հ1-ի հայտարարությունը փաստում է այն մասին, որ հարկատուներից աշխատավարձ ստացող այս հեռուստաընկերության աշխատակիցները տեղյակ չեն, որ թույլատրված չէ բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձների նախապատրասական աշխատանքների նկարահանումը, իսկ այն արդարացումը, թե իրենք վարչապետի ուղերձը որոշ հեռուստաընկերությունների տրամադրել են բաց կապով, չի մեղմում «Հանրայինի» թույլ տված սխալը, քանի որ բաց կապի տրամադրումը հեռուստաընկերություններին կարելի էր տալ ուղերձի սկսման պահին, կամ փորձնական նկարահանման պահին կարելի էր զգուշացնել վարչապետին, որ իրեն արդեն տեսնում են մյուս հեռուստաընկերությունների տեխնիկական բաժնի աշխատակիցները, կամ մինչև վարչապետին տեսախցիկի առջև հրավիրելը կարելի է հեռարձակումը փորձարկել ձայնային օպերատորի միջոցով և այսպես շարունակ։ Եվ հաշվի առնելով իշխանության վերաբերմունքը և անվստահությունը որոշ հեռուստաընկերությունների նկատմամբ՝ դա բավականին խելամիտ քայլ կլիներ և հիմք չէր հանդիսանա «դավադրության տեսությունների» համար։ 

Այս պահին արդեն համացանցը լի է տարատեսակ մեկնաբանություններով, որտեղ շատերը մեղավորներ են փնտրում,  շատերն արդարացնում վարչապետին, շատերն էլ պահանջում «Հանրայինի» ղեկավարության հրաժարականը, նրանց օրենքով սահմանված պատիժ կրելը և այլն։

Սակայն այս հարցը այլ, առավել լուրջ տեսանկյունից է պետք դիտարկել։ Եթե Հ1-ի աշխատակիցները կամ ուղերձի ամբողջական տարբերակն ունեցող վարչապետին մոտ կանգնած անձինք են այդպես վարվում և նման վերաբերմունք ունեն իրենց երկրի ղեկավարի հանդեպ, ապա ինչպիսի՞ն է, օրինակ, իրավապահ համակարգի ներկայացուցչի վերաբերմունքը վերջինիս հանդեպ։ Չի կարելի բացառել, որ այս քայլին դիմած անձինք հաջորդիվ այլ կադրեր կարող են հրապարակել, որոնք արդեն «հումորային» չեն լինի և կպարունակեն կարևոր տեղեկատվություն, որի արտահոսքը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ պետության համար։

Հիշեցնենք նաև, որ վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության հավանական պատճառը վարչապետի ամանորյա ուղերձում տեխնիկական խնդիրների առկայությունն էր։ Հետաքրքիր է, թե ինչ է սպասվում Փաշինյանի ներկայիս մամուլի խոսնակին՝ Մանե Գևորգյանին, վարչապետի ուղերձի առնչությամբ բարձրացած աղմուկի, ծաղրի առիթ հանդիսացած մի շարք տեխնիական խնդիրների և ուղերձից դուրս կադրերի արտահոսքի պատճառով։ 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձից դուրս կադրերից մի քանիսը.

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը