Հանրային հեռուստաընկերության և վարչապետի աշխատակազմի «փոխհրաձգությունը» շարունակվում է

article-image

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակմամբ, երեկ համացանցում տարածվել էր վարչապետ Փաշինյանի ապրիլի 17-ին հեռարձակված ուղերձի նախապատրաստական կադրերով պատրաստված «հումորային» տեսանյութը։

Տարածվող տեսանյութում ներկայացված էր Նիկոլ Փաշինյանի և ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանի «տեսահոլովակը», որում Փաշինյանը հազում է, ջուր խմում, ուղղում հագուստը, անկանոն շարժումներ անում և այլն։ Տեսանյութի տարածման նպատակը վարչապետին հանրության առջև «վատ դրության» մեջ դնելն էր։

Կատարվածը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում։ Շատերը «դավադրության տեսություններ» հյուսեցին ու տեսանյութի տարածման մեջ այս կամ այն ուժին մեղադրեցին, իսկ դեպքի իրական մեղավորները՝ «Հանրայինի» ու վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները շարունակաբար մեղադրանքներ հնչեցրեցին միմյանց հասցեին, որը դեռևս շարունակական բնույթ է կրում։

Առաջին հայտարարությունն արվել է Հանրային հեռուստատեսության կողմից, որում փորձ է արվել կատարվածի մեղքը բարդել  այն հեռուստաընկերությունների վրա, որոնց  բաց կապուղիով տրամադրվել է վարչապետի ուղերձի հասանելիությունը։ Եվ  քանի որ բաց կապուղին հեռուստաընկերություններին տրամադրվել է ՀՀ Կառավարության հորդորով, ապա մեղքի մի մասն էլ «Հանրայինը» բաժին էր թողել վարչապետի աշխատակազմին։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր․ «Հարգելի հեռուստադիտողներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները. Արմենիա ԹիՎի, Շանթ, Միր, Հ2, ԱՐ, Կենտրոն, Երկիր Մեդիա, 5-րդ ալիք։ Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»:

Այնուհետև հայտարարությամբ է հանդես եկել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ու «Հանրայինին» մեղադրել խիստ թափթփված աշխատանքի, պրոֆեսիոնալ չլինելու ու գործից անտեղյակ լինելու մեջ և պատշաճ պարզաբանումներ պահանջել հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ:

Գևորգյանը գրել է․ «Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից: Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։ Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։ Վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։ Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը, եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում»։

Մանե Գևորգյանի այս հայտարարությունից հետո հայտարարություն է տարածել «Հանրայինի»՝ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանը, ով իր հերթին վարչապետի խոսնակին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել։

Վարդան Հակոբյանը նշել է, որ նա և Մանե Գևորգյանը եղել են նույն սենյակում և նա մասնագիտական հրահանգներ է տվել և կատարել։ «Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։ Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել՝ տեխնիկական ապահովման տեսանկյունից»,- գրել է Հակոբյանը։

Հակոբյանը հարցադրում է կատարել թե ո՞վ պետք է վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ, որ նա եթերում է՝ ակնարկելով վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին, և նշել է, որ իր պրոֆեսիոնալիզմը իրեն թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները ու զարմանք արտահայտել այն մասին, որ Գևորգյանը այս առնչությամբ ոչինչ չի ասել իր հայտարարության մեջ։

«Առանց այս հարցին պատասխանելու հապճեպ որոշում կայացնելը և մեղադրելը, իմ կարծիքով, խոսում է կանխակալ վերաբերմունքի մասին։ Ես ինքս եմ բարձրացնում այս հարցը գտնվելով նույն սենյակում գործընկներների հետ, հայտնելով նրանց եթեր մտնելու մասին, ուրիշ է՞լ ում պետք է հայտնեի այդ սենյակում կամ այդ սենյակից դուրս։ Ինքս բազմաթիվ անգամներ կազմակերպել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ միացումները, տեսագրությունները, շտկել եմ մանրամասներ։ Ուղիղ եթերում գտնվող հրահանգը ոչ մի անգամ ինքս չեմ տվել վարչապետին, այլ՝ կազմակերպիչը։ Ես արդեն պարզաբանումներ եմ տվել Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանն ու իմ գործընկներներին։ Եթե այս գիշեր որևէ հետաքննություն, իրավիճակի պարզաբանում և քննարկում է գնացել, որի արդյունքում տիկին Գևորգյանը ներկայացրել է իր մեղադրականը, այդ դեպքում կարող եք համադրել նաև իմ պարզաբանումը։ Ես չեմ ուզում հավատալ, որ այս ծանր օրերին դավեր են նյութվում անձնական հարցեր լուծելու նպատակով։ Անկեղծորեն ցավում եմ կատարվածի համար։ Հատուկ չեմ անդրադառնում այս քողի տակ իրենց տեխնիկական գուրուներ ներկայացնող այլ անձանց պարզաբանումներին։ Ես ամեն օր կազմակերպում եմ ուղիղ միացումներ, իսկ դուք ամեն օր միայն գրում եք այդ մասին», - գրել է Հակոբյանը։

Այս ամենից հետո Հանրային հեռուստաընկերությունը կրկին հայտարարություն է տարածել և նշել, որ «հեռուստաընկերության աշխատակազմը խորապես ցավում է համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ և հայտնել, որ Առաջին ալիքի թիմը պատրաստ է մասնագիտական պատասխանատվություն կրել միայն իր գործառույթների համար»:

Հայտարարության մեջ, որում փորձ է արվել ներկայացնել հեռուստաընեկության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և համակարգված աշխատանքը, նշվել է, որ արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո «Հանրայինը» ՀՀ կառավարության հորդորով, նույն բաց կապուղով, նույն պայմաններով, չափանիշներով և ընթացակարգերով ապահովել է 50-ից ավելի անխափան ուղիղ միացումներ:

Այս հայտարարության մեջ ևս մեղադրանքների մեծ բաժին է հասել վարչապետի աշխատակազմին ու խոսնակին։ «Ինչ վերաբերում է ուղիղ եթերում ՀՀ վարչապետի ելույթներին՝ ընդգծենք, որ վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին։ ․․․ Նկարահանման ամբողջ ընթացքին ներկա են եղել ինչպես վարչապետի խոսնակը, այնպես էլ տեղեկատվական վարչության աշխատակիցները: Հեռուստաընկերության որևէ աշխատակից առանց հատուկ ցուցման կամ թույլտվության չի կարող թողնել իրեն վստահված տեղը։ ․․․ Եթերից առաջ հեռուստաընկերության աշխատակիցը ներկաներին բարձրաձայն տեղեկացրել է ՝ մենք Rec. ենք, ինչը նշանակում է՝ մենք ձայնագրման փուլում ենք: Սա պարտադիր ընթացակարգ է», - գրված է հայտարարության մեջ։

Հանրային հեռուստաընկերությանը մտահոգել է նաև «արտահոսք» բառը, որը հեռուստաընկերության բնութագրմամբ մասնագիտորեն տեղին չէ, քանի որ բաց կապուղով տրամադրվող նյութը հասանելի է եղել նախապես հայտարարված 8 հեռուստաընկերություններին և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջին:

Այսպիսով վարչապետի աշխատակազմն ու Հանրային հեռուստաընկերությունը շարունակաբար միմյանց ուղղված մեղադրանքներ են հնչեցրել, փորձել են ցույց տալ իրենց պրոֆեսիոնալիզմը և մյուսի պրոֆեսիոնալ չլինելն ու անփույթ աշխատանքը։ Կողմերից յուրաքանչյուրը կատարվածի մեղքը փորձել է բարդել մյուսի վրա՝ չընդունելով սեփական սխալները։

Այն հեռուստաընկերությունները, որոնց մասին նշել էր Հ1-ն իր հայտարարության մեջ, նույնպես արձագանքել են անուղղակի մեղադրանքներին՝ բացառելով իրենց կապը հրապարակման համար չնախատեսված կադրերի «արտահոսքի» հետ։ Իսկ 5-րդ ալիքը, որի անվանումն ամենաշատն էր շահարկվում, պարզվում է, առհասարակ եթեր չի տվել վարչապետի ուղերձն նու չի կպել բաց կապուղուն։

Ինչպես նշել էինք նախորդ հրապարակման մեջ, տեղի ունեցածի պատասխանատուները ինչպես Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներն են, այնպես էլ Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության տարածման, մամուլի պատասխանատուները՝ Մանե Գևորգյանի գլխավորությամբ, որովհետև եթե յուրաքանչյուրն իր հերթին իրեն բաժին ընկնող գործառույթն իրականացներ բարեխղճությամբ և ուշադրությամբ, տեղի չէր ունենա այն, ինչ եղավ։

Ուստի՝ Հանրայինի աշխատակիցների և վարչապետի աշխատակազմի փոխադարձ «հրաձգությունը» հիշեցնում է «Կարգին հաղորդման»՝ «Փչացած-բոշա» անվանումը ստացած հայտնի սկետչը, որտեղ երկու կողմերին ճանաչող ծերուկը ասում է. «Մի՛ կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք»։

Իսկ վարչապետի լռությունը նոր «դավադրության» նյութ է ստեղծում. «հենց ինքն է կազմակերպել»,-նշում են ֆեյսբուքյան օգտատերերը՝ հիշելով վերջին օրերին սոցիալական ցանցերում և լրատվականներում պտտվող և վարչապետի վարկանիշի վրա ազդող մի քանի դեպքեր, որոնք «լռեցին» քննարկվող տեսանյութի տարածումից հետո։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն