Երեկվա «ֆաս» հրահանգից հետո ամեն ինչ սպասելի է. Գեղամ Մանուկյանը և Հարություն Հարությունյանը հերքում են ՀԺ-ում հրապարակված տեղեկությունը՝ Փաշինյանի ելույթի կադրերի արտահոսքը կազմակերպելու վերաբերյալ

article-image

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» լրատվականը հոդված էր հրապարակել, որտեղ մասնավորապես ասվում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով ուղերձի տեխնիկական կադրերի սկանդալային արտահոսքն իրականացվել է ՀՅԴ վերահսկողության տակ գտնվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից:

Ըստ լրատվական դաշտում շրջանառվող լուրերի՝ «Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով»:

Այս առնչությամբ կապվեցինք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութան լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի հետ: Մեզ հետ զրույցում պարոն Մանուկյանը ասաց. «Մի նախադասությամբ կասեմ՝ հիմարություն: Իրենց պատկերացրած լրագրությունը հենց սա է, որը կարելի է առանց որևէ բան ճշտելու՝ դատախազի կարգավիճակով հոդվածներ և լուրեր տպել»:

Իսկ «5TV» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը, մեկնաբանելով հրապարակումը, ասաց. «Հարցի հասցեատերը ես չեմ, ոչ էլ Գեղամ Մանուկյանը: Հասցեատերը իրենք են: Բայց երեկվա «ֆաս» հրահանգից հետո ամեն ինչ սպասելի է: Կարող է վաղը պարզվի, որ նաև դուք եք, կամ մեկ ուրիշն է»:

Այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է որևէ քայլեր ձեռնարկել այս հրապարակման դեմ, Հարություն Հարությունյանը ասաց. «Ես սովորություն չունեմ լրագրողների դեմ դատական հայցեր ներկայացնել: Ըստ երևույթին՝ կխորհրդակցեմ փաստաբանի հետ»:

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ վարչապետի ընտանեկան լրատվամիջոցը հերթական կեղծ տեղեկությունն է տարածում լրատվամիջոցների և դրանց ղեկավարների վերաբերյալ՝ փորձելով առիթն օգտագործել վարչապետի քաղաքական հաշվեհարդարները ՀՅԴ-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ օրակարգում պահելու համար՝ միաժամանակ վարկաբեկելով նրանց ու լրատվականներին։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն