
Ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Շուշանիկ Սուլիկոյի Շուշանյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնում: Կարգադրությունը հրապարակվել է երեկ՝ ապրիլի 20-ին։
Մենք պարզեցինք, որ Շուշանիկ Շուշանյանը Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի դուստրն է։ Սուլիկո Շուշանյանը վաղեմի ՀՀԿ-ական է։ Կուսակցությանն անդամակցում է 1998 թվականից։ Վերջինս 24 տարի շարունակ՝ 1996 թվականից սկսած, ընտրվել, ապա վերընտրվել է Շորժայի (2017թ.-ից՝ Շողակաթ) համայնքապետի պաշտոնում։
Շուշանիկ Շուշանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա նախկինում զբաղեցրել է Սոցիալական ապահովության պետական ծառայության անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը։ Կենսագրության կամ նրա նախկին աշխատանքային գործունեության մասին այլ տեղեկություններ հայտնի չեն։
Այս նշանակումը զարմանալի է առնվազն վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «նախկիններից վերջնականապես ազատվելու», ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցներին ուղղված հերթական վիրավորանքների համատեքստում։ Այն, որ ՀՀԿ-ական նախկին և ներկա պաշտոնյաների և նրանց հարազատների մեջ կան մի շարք պրոֆեսիոնալներ, որևէ մեկը չի կասկածում։ Սակայն Նիկոլ Փաշինյանը և նրա թիմի ներկայացուցիչները պետք է ազնվություն ունենան հանրության առաջ խոստովանելու, որ շարունակում են օգտվել ՀՀԿ-ական և նրանց հետ առնչություն ունեցող պրոֆեսիոնալ կադրերի ծառայություններից, ոչ թե մի կողմից շարունակեն հրապարակայնորեն վարկաբեկել նրանց, մյուս կողմից՝ պաշտոններ տալ։
Նմանատիպ նշանակումը նաև նախկինում կշահարկվեր անձամբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա այլ թիմակիցների կողմից և Նիկոլ Փաշինյանի կողմից կորակվեր որպես «խնամի-ծանոթ-բարեկամ համակարգի», «խմբապետական Հայաստանի» դրսևորում, սակայն, ինչպես տեսնում ենք, այսօր Նիկոլ Փաշինյանը որպես իշխանության ներկայացուցիչ, ինչպես նաև նրա թիմակից Արարատ Միրզոյանն առաջնորդվում են բոլորին այլ «սկզբունքներով» և ապացուցում, որ նախկինում պարզապես զբաղված են եղել մարդկանց խաբելով և պոպուլիզմով, ինչը, ինչ խոսք, շարունակվում է նաև այսօր։