Fact check: Փաշինյանը ֆեյսբուքյան նոր տեսանյութով մանիպուլացնում է արագաչափերի մասին իր խոստումները։ Ի՞նչ է ասել ու արել Փաշինյանը որպես ընդդիմադիր պատգամավոր ու որպես վարչապետ

article-image

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ներկա ու նախկին հայտարարությունների վերաբերյալ սկսել է տեսանյութերի շարք հրապարակել։ Այս տեսանյութերը միտում ունեն ցույց տալու, որ Փաշինյանը իշխանության գալուց հետո կատարել է իր նախընտրական և հեղափոխական խոստումները։ Սակայն այս տեսանյութերի մեծ մասը կրում է մանիպուլյատիվ բնույթ և չի արտացոլում իրականությունը։

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակմամբ, Փաշինյանը մանիպուլատիվ տեսանյութ էր հրապարակել պարգևավճարների վերաբերյալ։ Տեսանյութում փորձ էր արվել պարգևավճարները «տեղավորել» հեղափոխության օրերին տրված այն խոստման մեջ, որով պետք է բարձրացվեին ոստիկանների և պետական աշխատողների աշխատավարձերը, այնինչ բարձրաստիճան պաշտոնյաներին պարգևավճար, կամ ինչպես կասեր դասականը՝ հավելավճար, տալու խոստում Փաշինյանը չէր տվել։

Այս անգամ էլ Փաշինյանը մանիպուլյատիվ կերպով է ներկայացրել արագաչափերի վերաբերյալ իր խոստումը։

Այսպես, ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում «Հեղափոխությունից առաջ եւ հետո. Սաշիկի կամերաները» վերնագրով տեսանյութ է հրապարակել, որում հաջորդաբար ներկայացված են հետևյալ կադրերը՝

1․ 2018թապրիլի 8. Նիկոլ Փաշինյանը Երևան-Դիլիջան ճանապարհին կպչուն ժապավեններով փակում է «Սաշիկի» արագաչափերն ու ողջույններ հղում Զիմզիմովի անունից։

2․ 2018թ մայիսի 8. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասում է․ «Նախկինում նշել եմ արդեն, որ երբեմն տպավորություն էր ստեղծվում, թե մարդու գործառույթը Հայաստանի Հանրապետությունում ոչ թե ապրելն ու ստեղծագործել է, երջանիկ լինելը այլ տուգանվելը, տուգանվելը, ապա նորից տուգանվելը, հետո նորից տուգանվելը՝ տուգանքը ժամանակին չվճարելու համար։ Արատավոր այս երևույթը տարածված է մի քանի ոլորտներում, բայց հատկապես զգալի է երթևեկությանը հետևող արագաչափերի և տեսախցիկների գործունեության դաշտում։ Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դնել ժամ առաջ և նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ նրանց զգոնությունը բարձրացնելը, համագործակցության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը։ Իսկ այն դեպքերում, երբ այնուամենայինիվ բանը հասնելու է տուգանքին ու տուգանելուն, դրանք ոչ միայն իրենց չափով, այլև իրենց հաճախությամբ պետք է համապատասխանեն Հայաստանում հաստատված ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակին և ըդնդհանրապես տրամաբանությանը»։

3․ 2019թ մայիսի 8. 100 փաստ նոր Հայաստանի մասին, մաս1։ «Փաստ N 43։ Վարչական համաներման արդյունքում շուրջ 150.000 անձ ազատվել է երթևեկության կանոնների խախտման համար նախկինում կուտակած 13,7 մլրդ դրամ տուգանքի գումար վճարելու պարտավորությունից: Նախորդ 12 ամսվա ընթացքում տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումները նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 485.880-ով։ 60 կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվել է ընդհանրապես: Էապես աճել է կանխարգելիչ նշանակություն ունեցող երթևեկության կանոնների խախտում արձանագրած անձանց էլեկտրոնային եղանակով նախազգուշացնելու դեպքերի քանակը: Նախորդ ժամանակաշրջանում այդպիսի զգուշացում արվել է 84.421, մեր ժամանակահատվածում՝ 221.617: Սա այն դեպքն է, երբ քաղաքացուն տուգանելու փոխարեն պարզապես ուղարկվում է իր կատարած խախտման տեսագրությունն՝ ի գիտություն»:

4․ 2020թ հունվարի 25, Կապան, 100 փաստ նոր Հայաստանի մասին, մաս 3։  «Փաստ N 69։ 2020-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը, բացառելով նախկինում գործող քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրման բաղադրատարրը։ Նոր համակարգը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը, վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, ինչպես նաև քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը։ Նախկին համակարգը ինչ էր, մենք քաղաքացուն ասում էինք դու պրոբլեմ չունես, տուգանվի, էլի տուգանվի, էլի տուգանվի, 100000 տուգանվի, 500000 տուգանվի, ինչ ուզում ես արա, ինչքան շատ տուգանվես էնքան մեր օգուտն ա։ Էս փոփոխության արդյունքում մենք երկու կզբունքային բան ենք փոխել։ Առաջինը՝ առավելագույն տուգանքի չափը սահմանել ենք 29000 դրամ, և երկրորդը ասել ենք, եթե դու 1,2,3,4,5,6,7,8,9 տուգանվում ես, ուրեմն երթևեկության անվտանգության հետ կապված պրոբլեմ եք ստեղծում դուք, դրա համար մենք ձեզ զրկում ենք։ Սա ա գործնական ու իրագործումը քաղաքական էն շեշտադրման, որ Հայաստանի քաղաքացին տուգանվելու մատերիալ չի»։

Դիտարկում 1։ «Հեղափոխությունից առաջ եւ հետո. Սաշիկի կամերաները» վերնագրի ընտրությունը նախ և առաջ իրենից ենթադրում է, որ հրապարակված հոլովակը ամբողջապես օրինակ «Սաշիկի կամերաների» մասին է, հավաստի ապացույցների մասին է, որ այդ արագաչափերը իրականում պատկանել կամ պատկանում են Ալեքսանդր Սարգսյանին։ Սակայն, Փաշինյանի կողմից հրապարակված այս տեսանյութում վերը նշված թեմաների վերաբերյալ ոչինչ առկա չէ։ Փոխարենը, հոլովակում խոսվել է տույժ-տուգանքների ներման  մասին, որը իրապես կատարվել է, բայց դժգոհություններ է առաջացրել բարեխիղճ կերպով տույժ-տուգանքները վճարած օրինապահ քաղաքացիների մոտ, և ներդրված բալային նոր համակարգի մասին, որը նույնպես վարորդների շրջանում մեծ դժգոհություններ է ստեղծել, ինչը կապված է վատ վիճակում գտնվող ճանապարհների առկայության հետ, որոնք անխուսափելի են դարձնում խախտումներ չկատարելը (այս մասին փաստում են վարորդների՝ բալային համակարգի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները)։

Ստացվում է, որ ընտրված վերնագիրը առաջին ակնհայտ մանիպուլյացիան է, որը միգուցե պետք է հոլովակի սենսիացիան ու դիտելիությունն ապահովեր։

Դեռևս 2015թ․-ին, ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակով Փաշինյանը ելույթ է ունեցել ԱԺ ամբիոնից, և հիմնվելով օդում կախված լուրերի վրա հայտարարել, թե արագաչափերը պատկանում են Ալեքսանդր Սարգսյանին։ «Սա ընդամենը նոր հարկատեսակ ա, որ դրված ա Հայաստանի քաղաքացիների ուսերին։ Այդ գումարը, որ քաղաքացիները պետք է ծախսեին իրենց երեխաների ուսման վարձի, երեխեքին կոշիկ առնելու, հագուստ առնելու, իրանց սոցիալական կարիքները հոգալու համար տվել են ու՞մ, չգիտենք ում։ Տվել են ինչ-որ «Security dream» ընկերության, որը ըստ օդում կախված և շարունակաբար թևածող լուրերի՝ էդ եկամուտների հսկայական բաժինը տնօրինում ա Սերժ Սարգսյանի ընտանիքը։ Եվ օդում թևածող և կախված լուրերի համաձայն նշվում ա կոնկրետ մարդու անուն՝ Սերժ Սարգսյանի եղբոր, Ալեքսանդր Սարգսյանի անունը», - ասել է Փաշինյանը։

«ԱնտիՍաշիկ օպերացիան» իրագործելով և արագաչափեր փակելով, Սաշիկ Սարգսյանին ողջույններ հղելով և «Սաշիկի» մասին միֆեր հորինելով՝ Փաշինյանը իր շուրջ համախմբեց մարդկանց և եկավ իշխանության (սա իհարկե մարդկանց խաբելու և ստելու միակ օրինակը չէ)։ Սակայն, վարչապետության 2 տարիների ընթացքում, ունենալով բոլոր լծակները՝ Փաշինյանը չի ապացուցել, փաստեր չի ներկայացրել և չի հիմնավորել, որ արագաչափերը իրականում պատկանել են Ալեքսանդր Սարգսյանին, կամ նրա ընտանիքի այլ անդամներին։

Ավելին, Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ», «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն, ով նախկինում ՃՈ աշխատակից է եղել, 2019թ․ հունվարին հայտարարել է, որ Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել ու հերքել է Ալեքսանդր Սարգսյանի կապը արագաչափերի հետ։ «Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց, դեռեւս 2013 թվականից:․․․ Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը եւ որեւէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը եւ այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչմեկի բիզնեսը չէ»,- ասել է իշխող ուժի պատգամավորը։

Ստացվում է, որ Փաշինյանը, լինելով վարչապետ մինչ օրս շարունակում է միֆականացնել «Սաշիկի կերպարը», նրա անձի «հաշվին» սենսացիաներ ստեղծում, և անգամ հերքումից հետո, որ Ալեքսանդր Սարգսյանը կապ չի ունեցել արագաչափերի հետ՝ Փաշինյանը շարունակում է շահարկել վերջինիս անունը և հասարակությանը ստով ու միֆերով կերակրել։

Դիտարկում 2։  2015թ․ դեկտեմբերին ԱԺ-ում արագաչափերի վերաբերյալ ելույթում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասել է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, ուստի նրա իշխանության գալուց հետո ակնկալվում էր, որ արագաչափերը ամբողջապես պետք է հեռացվեին Հայաստանի ավտոճանապարհնեից։ «… Ես ուզում եմ ասել, լիազորված եմ ասել, որ մենք վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկել ենք էս հարցը և եկել ենք միանշանակ եզրակացության: Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ  արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, և էս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրային և այդ թվում նախընտրական ծրագրերի հիմքում»,- հայտարարում էր Փաշինյանը։

Փաշինյանի իշխանության գալուց հետո, սակայն, արագաչափերը ոչ միայն ամբողջությամբ չեն հանվել Հայաստանի ավտոճանապարհներից, այլ ընդհակառակը պետք է ավելացվեին 2000-ով։ «Վարորդներին զսպելու նպատակով 2000 հատ տեսախցիկ է տեղադրվելու փողոցներում»,-այս մասին 2018թ․ սեպտեմբերին հայտնել էր Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»։  

Դիտարկում 3։ Արագաչափերի մասին ելույթում, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ նաև փորձել է ցույց տալ արագաչափերի անօգուտ լինելը, և նշել, որ արագաչափերի գործունեության ընթացքում վթարների թիվը, ՃՏՊ դեպքերից տուժածների թիվը ոչ թե նվազել է, այլ աճել է։ «Անվտանգության ապահովման առումով այս տեսախցիկներն ու արագաչափերը ոչ մի բան չեն տվել։ ․․․ Որևէ հիմնավորում կա՞, որ եթե էդ արագաչափը չլինի Հայաստանի քաղաքացիների կյանքը և երթևեկությունը ավելի անվտանգ կլինի։ Նման բան իհարկե չկա»,- ասում էր Փաշինյանը։

Իշխանության գալուց հետո, սակայն, արագաչափերի առկայությունը մարդկանց անվտանգ կյանքի երաշխավոր չհամարող, արագաչափերի առկայությունը ՃՏՊ դեպքերից տուժածների ու վթարների նվազման խթան չհամարող Փաշինյանը, ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե արագաչափերի հանման դեպքում զոհերի ու վթարների մեծ թիվ կունենանք։ «Ասում են՝ արագաչափերը չհանեցիք: Երբ խնդիր գնաց արագաչափերը հանելու, հանրության մի մասն ալեկոծվել էր, ասում էր, որ մեքենաների հոսքն այսքան է մեծանում, որ արագաչափերը հանեք կարող է ունենանք զոհերի և վթարների մեծ թիվ»,-ԱԺ-ում 2019թ․ փետրվարին ասել է վարչապետ Փաշինյանը։

Ստացվում է, որ Փաշինյանը ցանկացել է հեռացնել բոլոր արագաչափերը, սակայն «ալեկոծված հանրությունը» թույլ չի տվել։ Իսկ թե ինչ պետք է հասկանալ «ալեկոծված հանրություն», «ժողովուրդ»  և այլ նմանատիպ տերմինների ներքո և որն է դրա չափման միավորը, ինչպես են նրանք հայտնում իրեց կարծիքը և դառնում Փաշինյանի «փրկության օղակը» շատուշատ նմանատիպ դեպքերում, պարզ չէ։

Հատկանշական է նաև, որ Փաշինյանի կառավարությունը դեռևս 2018թ․ հունիսին, Փաշինյանի վարչապետ ընտրվելուց ընդամենը 1-2 ամիս անց, շարժական արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի կիրառմանը դեմ լինելով՝ մերժել էր ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների առաջարկը դրանք վերացնելու վերաբերյալ։

Նշենք նաև, որ ընդդիմադիր տարիներին Փաշինյանն արագաչափերի հետ վարվելու մի քանի տարբերակներ էր առաջարկել, որոնցից մեկը հետևյալն էր. իշխանությունը պետք է զերծ մնա շրջիկ արագաչափերի կիրառումից, և տեսախցիկների տվյալները օգտագործի միայն ճանապարհային երթևեկության հոսքերի օպերատիվ կառավարման համար։

Ստանձնելով իշխանությունը, Փաշինյանը չի հեռացրել արագաչափերը, իսկ տեսախցիկները չեն օգտագործվում բացառապես երթևեկության հոսքերի օպերատիվ կառավարման համար։ Այս ամենի պատճառաբանությունը մեկն է՝ «ալեկոծված հանրությունը», որը կրկին օգնության է հասել Փաշինյանին՝ թույլ տալով պահպանել արագաչափերն ու «արդարանալ» և ցանկացած առիթով մանիպուլացնել իր նախկին խոստումները։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն