Խստորեն հետևել հրադադարին և զերծ մնալ սադրիչ գործողություններից. ԵԱՀԿ համանախագահների և արտգործնախարարների համատեղ հայտարարությունը

article-image

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը

Վիեննա, 21 ապրիլի, 2020թ.: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)) հաճախակի հեռավար խորհրդակցություններ են ունեցել՝ սկսած մարտի կեսից՝ ներառյալ ապրիլի 21-ի համատեղ վիդեոկոնֆերանսը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ևս մասնակցել է այս խորհրդակցություններին:

Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են համաշխարհային առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա և տեղում վերջին զարգացումները: Նրանք նաև դիտարկել են Լեռնային Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հաջորդ քայլերը՝ համաձայն 2020 թվականի հունվարի 30-ին Ժնևում թողարկված իրենց համատեղ հայտարարության:

Ի գիտություն է ընդունվել նաև այն, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով նախապես համաձայնեցված հումանիտար միջոցառումները չեղարկվել են: Նախարարների առանձին հանդիպումները և տարածաշրջան համանախագահների այցերը, որոնք համաձայնեցվել են Ժնևում, նույնպես չեղարկվել են: Այնուամենայնիվ, աշխատանքները, որոնք անհրաժեշտ են այս գործողությունները նախապատրաստելու համար, շարունակվում են:

Համանախագահները ընդգծել են ներկա պայմաններում հրադադարին խստորեն հետևելու և սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կոչ են արել կողմերին միջոցներ ձեռք առնել հետագա լարվածությունը նվազեցնելու համար: Նրանք նաև գնահատել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքը՝ ներկա հանգամանքների պայմաններում և ընդգծել են որքան հնարավոր է շուտ մշտադիտարկման աշխատանքների վերականգնման անհրաժեշտությունը:  

Հաշվի առնելով այն մեծ մարտահրավերները, որոնց այսօր բախվում են բոլոր հասարակությունները՝ առանց քաղաքական սահմանների, և որոնք ծառայում են որպես յուրաքանչյուր մարդկային կյանքի թանկ լինելու հիշեցում՝ արտաքին գործերի նախարարները և համանախագահները հույս են հայտնել, որ այն վճռականությունը, որը առկա է համաշխարհային համավարակի պատասխանի պայմաններում, ստեղծարար և կառուցողական խթան կհանդիսանա խաղաղության գործընթացում:

Համանախագահները ուշադրություն են հրավիրել նաև մարտի 23-ին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ ներկա առողջապահական ճգնաժամի պայմաններում համաշխարհային զինադադարի միջոցառումներ ձեռք առնելու պահանջին և համանախագահների մարտի 19-ի հայտարարությանը:

Արտաքին գործերի նախարարները և համանախագահները համաձայնել են մնալ սերտ հաղորդակցության մեջ և շարունակել բանակցությունները անձնապես որքան հնարավոր է շուտ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը