Հովիկ Աղազարյանը «Նոր Հայաստան» ալիքի եթերում մի շարք մանիպուլյացիաներ է արել «հիասթափվածների», կաթողիկոսի հայտնի կոչի և կորոնավիրուսի տեմպերի վերաբերյալ

article-image

Երեկ՝ ապրիլի 21-ին, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Նոր Հայաստան» հեռուստատեսության եթերից մի շարք մանիպուլյատիվ, անտրամաբանական ու հակասական հայտարարություններ է արել «հիասթափվածների», եկեղեցի-պետություն հարաբերությունների և կորոնավիրուսի տեմպի նվազման վերաբերյալ։

Նախ, Աղազարյանը խոսել է Փաշինյանի՝ «հիասթափվածների» վերաբերյալ ուղիղ եթերներից ու նշել«Կարող են լինել մարդիկ, որոնք որոշակի հիասթափություն են ապրում տարբեր պատճառներով։ Ասենք, թեկուզև իրենց էսպես ասած սպասելիքների չարդարացման, ոչ թե անձնական բնույթի, այլ նաև, ասենք, քաղաքական բնույթի սպասելիքների չարդարացման, որովհետև իրենք այլ կերպ էին պատկերացնում։ Շատ շատերը պատկերացնում էին, որ պետք է հեղափոխության երրորդ օրը, չորորդ օրը բանտերը լցվեին այսպես կոչված այլախոհներով, տարիների ընթացքում ժողովրդից թալանված գումարները մեկ հպումով բերվեր լցվեր պետական բյուջե, և երկիրը միանգամից բարգավաճվեր և զարգանար։ Էդպիսի տրամադրություններ եղել են, և կարող է լինեն մարդիկ,  որ հենց էդ պատճառով հիասթափված լինեն։ Հասարակության մեջ կարող է լինեն էդպիսի մարդիկ»։

Աղազարյանի բերված «պայմանական» օրինակը, մանիպուլյատիվ ու անտրամաբանական է այն պատճառով, որ ապրիլ-մայիսյան դեպքերի ընթացքում մշտապես հայտարարվել է այն մասին, որ վենդետա չի լինելու, ուստի հրապարակում հավաքվածները հավատալով «հեղափոխականներին» հստակ իմացել են, որ «հեղափոխության» երրորդ օրը, չորորդ օրը, անգամ «հեղափոխությունից» 1-2 տարի անց՝ բանտերը չեն լցվելու այլախոհներով և Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չեն լինելու։ Եթե հավատանք Աղազարյանի այն տեսակետին, թե հասարակության մեջ նման տրամադրվածություններ այնուամենիվ եղել են, ապա դա որևէ պարագայում չի կարող հանդիսանալ հասարակության այդ շերտի հիասթափության պատճառը, քանի որ «հեղափոխականների օրոք» Հայաստանում եղել են և՛ քաղաքական բանտարկյալներ, և՛ քաղաքական հետապնդումներ, և՛ «կարված» գործեր՝ այս ամենը կրում է շարունակական բնույթ։ Այսպիսով «հեղափոխականները» վենդետա չանելու խոստումը չեն պահել, ուստի այս պարագայում հիասթափության առիթ ունեն միայն այդ խոստմանը հավատած ցուցարարները։

Աղազարյանի այն միտքը, թե տարիների ընթացքում «ժողովրդից թալանված» գումարները մեկ հպումով չէին կարող բերվել ու լցվել պետական բյուջե կրկին մանիպուլյատիվ է, քանի որ Փաշինյանը մշտապես հայտարարել է, թե ժողովրդից թալանվածը հետ է բերվելու ու կոպակ առ կոպեկ վերադարձվելու է ժողովրդին (վերադարձման մեխանիզմը հայտնի չէ, հայտնի չէ նաև գեթ մեկ օրինակ, երբ թալանված գումարից 10 դրամ առձեռն տրվել է հրապարակում հայտնված որևէ ցուցարարի կամ այլ քաղաքացու, ով «թալանվել է» ու լայն ժպիտով սպասել թալանվածի իր «փայ» վերադարձին, հայտնի չէ նաև, թե «ժողովուրդ» ասվածի տակ ինչ պետք է հասկանալ)։ Նշենք նաև, որ եթե «թալանվածի» վերադարձ ասվածի տակ պետք է հասկանալ այդ գումարների մուտքը պետբյուջե, հիշեցնենք, որ այդ գումարները միշտ չէ որ հայտնվում են պետբյուջեում, քանի որ երբեմն ծախսվում են ընթացիկ ծախսերի համար (հայտնի չէ նաև, թե ինչ պետք է հասկանալ ընթացիկ ծախս ասվածի տակ):

Անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին՝ Աղազարյանն ասել է«Ես կարծում եմ, որ էդ ամեն ինչի, էսպես կոչված, սկսելու հեղինակը մեր հոգևոր ոլորտի առաջնորդներն են և մասնավորապես կաթողիկոսը, որովհետև իրենք երբեմն-երբեմն նաև էդ պարագայում դուրս են եկել իրենց վերապահված կարևորագույն գործառույթների շրջանակներից։ Եկեղեցին չպիտի զբաղվի քաղաքականությամբ, եկեղեցին ոչ մի կերպ չպիտի միջամտի պետության գործերին։ ․․․ Կաթողիկոսի խոսքերը չեն կարող լինել հենց էնպես խոսքեր, անպայման դրանք իրենց մեջ պարունակում են գնահատական, պարունակում են ուղերձ ինչ-որ հարցի հետ կապված և հետևաբար, այո՛, էդ հարցերի հետ կապված պետք է կարծիք չհայտնի։ Կաթողիկոսը կամ որևէ բարձրաստիճան հոգևորական պետք է իր համապատասխան ծառայությունը մատուցելուց եկեղեցուն կոչ անի հասարակության բոլոր անդամներին համախմբվել, հանդուրժողական լինել, բայց կոնկրետ միջամտել իրավական գործընթացի, քաղաքական գործընթացի, ես կարծում եմ, որ հարիր չի»։

Աղազարյանի այս հայտարարությունն էլ մանիպուլյատիվ է այն պատճառով, քանի որ իրենց գործառույթներից դուրս հաճախ գալիս են հենց իշխող ուժի անդամները, օրինակ, երբ տարատեսակ ճնշումներ են գործադրում դատարանների վրա, կոչ են անում շրջափակել դատարանների մուտքերն ու ելքերը, իրականացնում են զանգովի արդարադատություն՝ այդպիսով քաջալերելով «վնգստացող» դատավորների գոյությանը, պարգևավճարներ ու աշխատավարձ ստացող, բայց աշխատանքի չգնացող դատավորին են քաջալերում և այլն։ Իսկ վեհափառի քրիստոնեկան և մարդասիրական հորդորներին քաղաքական ենթատեքս տալը, անվայելուչ արտահայտություններ անելը, վեհափառին փոխելու «փորձերը» փաստում են, որ իշխանությունը իր կամքն է ցանկանում թելադրել նաև հոգևոր ինստիտուտին։

Հետաքրքիր է, արդյո՞ք Հովիկ Աղազարյանը հարիր է համարում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ու իշխանության այլ ներկայացուցիչների վիրավորական, լիազորություններից դուրս և եկեղեցուն ու վեհափառին պիտակավորող հայտարարությունները։ Եթե այո, արդյո՞ք նա հորդորել է իր գործընկերներին մնալ իրենց լիազորությունների ու բարեկրթության սահմաններում, թե ոչ։

Նկատենք նաև, որ անդրադառնալով վեհափառի մարդասիրական կոչին՝ Աղազարյանը նշել է, որ վեհափառը չպետք է միջամտի իրավական ու քաղաքական գործընթացներին, և ընդունել, որ կատարվածը (Ռոբերտ Քոչարյանի կալանքը) իրավականից բացի նաև կրում է քաղաքական բնույթ։

Այս հարցազրույցում Աղազարյանը նաև սխալ հայտարարություններ է արել Իտալիայի և Իսպանիայի կորոնավիրուսի տեմպի նվազման վերաբերյալ։ «Եթե նայում եք Իտալիայում, Իսպանիայում տարածման արագությունը օր օրի նվազում է, հասել է օրեկան մինչև 7000-ի։ Երեկվա տվյալները մոտ 2000 քանիս է, 2000-ի չափ է։ Արագությունը նվազում է»։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպություն վերջին թարմացված տվյալների՝ կորոնավիրուսի հաստատման դեպքերը այս երկրներում շարունակաբար աճում են։

Մասնավորապես, Իսպանիայում ապրիլի 21-ին գրանցվել է 4266 դեպք, ապրիլի 20-ին՝ 4218 դեպք, ապրիլի 19-ին՝ 3658 դեպք, ապրիլի 18-ին՝ 5252 դեպք և այսպես շարունակ։ Իսկ մոտ 2000 հաստատված դեպք Իսպանիայում գրանցվել է վիրուսի տարածման առաջին շրջանում՝ օրինակ` մարտի 15-ին գրանցվել է 2000 դեպք։ Այսպիսով, Աղազարյանի հայտարարությունը, թե Իսպանիայում կորոնավիրուսի հաստատման դեպքերը վերջին օրերին հասնում են 2000-ի ՝ սխալ է։

 

Իսկ Իտալիայում կորոնավիրուսի հաստատման դեպքերը վերջին օրերին տատանվում են 2000-4000 դեպքերի շուրջ, ուստի Հովիկ Ազարարյանը այս կապակցությամբ ևս սխալվում է։ Մասնավորապես, ապրիլի 21-ին Իտալիայում հաստատվել է 2256 դեպք, ապրիլի 20-ին՝ 3047 դեպք, ապրիլի 19-ն՝ 3491 դեպք, ապրիլի 18-ին՝ 3493 դեպք, ապրիլի 17-ին՝ 3786 դեպք և այսպես շարունակ։

 

Աղազարյանը նաև կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսի տեմպը Հայաստանում 10 օրից կնահանջի։ Աղազարյանի այս հայտարարությունն էլ խիստ հակասություններ ունի ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանի օրեր առաջ արված այն հայտարարության հետ, համաձայն որի՝ վերջին 17 օրերի կորոնավիրուսային հիվանդության դեպքերի պահպանման պարագայում մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին՝ 5000 դեպք: Այս ամենը, բնականաբար չի կարող խոսել Հայաստանում կորոնավիրուսի նահանջի մասին։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն