Իշխանափոխությունից հետո ակտիվորեն շրջանառության մեջ դրվեց «տնտեսական հեղափոխություն» արտահայտությունը, որը տեղ է գտել նաև Կառավարության ծրագրում: Եթե փորձենք այն վերլուծել, ապա կստացվի հետևյալը. արմատական փոփոխություններ տնտեսության մեջ, եղած մեխանիզմների վերացում և նորերի ստեղծում: Հնարավո՞ր է արդյոք, կամ նպատակահարմա՞ր է այդ շրջադարձային ռազմավարությունը տնտեսական զարգացման տեսանկյունից: Իհարկե՝ ոչ:
Տնտեսական համակարգի առանձնահատկություններն իմացող յուրաքանչյուր անձ կարող է փաստել, որ այս եզրույթի կիրառումն անիմաստ է: Նույնքան անիմաստ է նաև դրանից բխող քաղաքականությունը, որը և՛ տեսականորեն, և՛ գործնականում անիրագործելի է Հայաստանում: Այս պարագայում առավել նպատակահարմար է ներմուծել բարեփոխումների գաղափարը, ինչի անհրաժեշտությունն ակնհայտ է: Հենց այդ բարեփոխումների անհրաժեշտությունն էր ապրիլյան իրադարձությունների պատճառը, որն ուղեկցվեց մինչ այժմ տրվող խոստումներով:
Ինչ խոսք, նախկին Կառավարությունից մնացին բազմաթիվ խնդիրներ, որոնք շարունակում են բարձրաձայնվել ներկայիս Կառավարության կողմից: Նախկին իշխանությանն ուղղված քննադատությունները ծառայում են որպես տնտեսական հեղափոխության առաջնահերթ գործիք, իսկ կոնկրետ գործողությունները հետզհետե մղվում են հետին պլան:
Չմոռանանք նաև այն փաստը, որ նախկինում Նիկոլ Փաշինյանի ելույթներում հնչում էին սուր քննադատական կարծիքներ, որոնց բովանդակությունը այժմ փոխվել է: Օրինակ, մինչ իշխանության գալը՝ Փաշինյանն իր բացասական վերաբերմունքը չէր թաքցնում ԵԱՏՄ-ին անդամակցելու հանգամանքի վերաբերյալ և կոչ էր անում դադարեցնել պայմանագիրը: Ինչպե՞ս եղավ, որ Հայաստանը այժմ գնալու է համագործակցության և ամրապնդելու է հարաբերությունները նույն կառույցի հետ: Նույնը կարելի է ասել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մասին վարչապետի նախկինում ունեցած վերաբերմունքի մասով, որը ևս փոխվել է: Մեկ այլ հանգամանք ևս. նախկինում բանկերի բարձր տոկոսադրույքների և բանկերի վաշխառուական բնույթի համար մեղադրվում էր նախորդ իշխանությունը: Այժմ պարզ դարձավ, որ պետությունը կապ չունի բանկ-հաճախորդ հարաբերությունների, տոկոսադրույքների իջեցման հետ: Վարկ վերցնելու բոլոր հետևանքները կրում է միայն հաճախորդը: Պարզվում է, որ տնտեսական հեղափոխությունը պետք է իրականացնեն քաղաքացիները, և որ աղքատությունը պետք է հաղթահարվի մարդկանց գլուխներում: Ցավոք, այս իրողությունները հանգեցնում են այն եզրակացությանը, որ կառավարության կողմից չի տրվում իրենց կողմից նշվող տնտեսական հեղափոխության տեսլականը: Մի կողմ թողնելով կառավարության նոր ծրագրում թվերի բացակայության հանգամանքը՝ նկատենք, որ բացակայում են ռազմավարությունն ու հետևողականությունը, որոնց փոխարինելու են եկել բարի ցանկություններն ու անհեռատեսական ծրագրերը: Տնտեսական աճի ցածր տեմպը, գործազրկությունը, աղքատության մակարդակը և այլ ցուցանիշներ, որոնք, գնալով դառնում են մանիպուլյացիայի գործիք, ընդ որում` ոչ թե թվային տեսքով, այլ պարզապես նշվելով որպես առաջնահերթություն, նշմարելի չեն նույնիսկ տնտեսական զարգացման ծրագրում: Փոխարենը, տնտեսական հեղափոխության կարևորագույն գործիք է ճանաչվում կոռուպցիայի դեմ կեղծ պայքարը, որը ևս իրականացվում է առանց հստակ ընթացակարգերի և ուղեկցվում տարատեսակ սպառնալիքներով: Հայտարարվում է, որ ներդրումները խրախուսվում են, գործնականում վտանգի տակ են դրվում նախկինում իրականացված և մինչ օրս օգուտներ ակնկալող ներդրումները: Միկրոբիզնեսը հարկերից ազատելու խոստումները ևս պատկանում են չիրականացվածների շարքին:
Տնտեսական բարեփոխումները սովորաբար իրականացվում են համակարգային մոտեցումների շնորհիվ. հարկային, մաքսային օրենսգրքի փոփոխություններ, գրագետ արտաքին քաղաքականություն, ներդրումային միջավայրի բարելավում, որի նախապայմաններից են անվտանգության երաշխիքներն ու հստակ սահմանված խաղի կանոնները:
Սինգապուրյան տնտեսական հրաշքը, որը շատ հաճախ փորձում էին պրոյեկտել Հայաստանի վրա՝ ասելով, որ ամեն բան հնարավոր է քաղաքական կամքի առկայության դեպքում, տեղի ունեցավ հետևողական արտաքին քաղաքականության, միջազգային ճանաչմանն ուղղված հստակ ռազմավարության և, որ ամենակարևորն է, կառավարության մտավոր ներուժի ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Առկա են արդյոք նման պայմաններ Հայաստանում, թե ոչ՝ դատեք ինքներդ:
Հոդվածի ռուսերեն և անգլերեն տարբերակները։
Հեղինակ - Աննա Հակոբյան