Ռուբեն Ռուբինյանի մանիպուլյացիոն հայտարարությունները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ

article-image

Ապրիլի 22-ին Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հյուրն էր ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: 

Հարցազրույցի թեման Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էր:

Պետք է նշել, որ Ռուբեն Ռուբինյանը այդքան էլ չէր տիրապետում այն թեմային, որի շուրջ հարցազրույցի էր հրավիրվել և խոսում էր, չնայած հանդիսանում է Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովի նախագահը, եղել է նաև արտաքին գերատեսչության փոխնախարար, և թվում է, թե նա ամենամանրամասն կերպով պետք է տիրապետի թեմային:

Ռուբինյանը իր խոսքը սկսեց «բանակցություն» տերմինից: Նա համոզված է. «Միջազգային շփումներում ցանկացած բան բանակցություն է: Նույնիսկ հանդիպման օրակարգի քննարկումը բանակցություն է: Եթե բանակցություն ասելով՝ նկատի ունենք կոնկրետ, հստակ փաստաթղթի շուրջ խոսակցություն, ապա՝ ոչ, այդ առումով բանակցություններ չկան»:

Ռուբեն Ռուբինյանը հակասում է ինքն իրեն: Եթե տեղի են ունենում միջազգային մակարդակի քննարկումներ, Ռուբինյանի տրամաբանությամբ, դա կարող ենք անվանել բանակցություն, սակայն դա չի վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, քանի որ այնտեղ «բանակցություններ» չկան: Այդ դեպքում ինչպես կոչել ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի պաշտոնակցի հետ հանդիպումները, պարզապես խոսակցություննե՞ր:

Եվս մեկ նկատառում. եթե երկու պետությունների նախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում են՝ քննարկելու «որոշակի սկզբունքներ և տարրեր», ապա դրանք մի՞թե չեն համարվում բանակցություններ: Ռուբինյանի միտքը դարձյալ քննության չի դիմանում:

Պետք է նշել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները վերջին երկու տարիներին ևս նման  մանիպուլյացիաներին են դիմել՝ նշելով, որ տեղի են ունենում «կոնսուլտացիաներ»՝ խուսափելով բանակցությունների թեմայով պարզաբանումներից:

Ռուբինյանի հաջորդ միտքը. «Ո՛չ, փաստաթուղթ չկա: Այս մասին շատ հստակ նշեց արտաքին գործերի նախարարը»:

Եթե նույնիսկ մի քանի անգամ կարդանք/ լսենք ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի մեկնաբանությունը, ապա մենք հստակ նախադասություն գտնել չենք կարող, առավել ևս՝ այն մասին, որ «նման փաստաթուղթ չկա»: Միակ հստակ նախադասությունը, որ արտաբերել է Զոհրաբ Մնացականյանը, այն է, որ այսօր չի քննարկվում 2014թ. ռուսական կողմի ներկայացրած տարբերակը. որը հայտնի է «Կազանյան փաստաթուղթ» անվամբ:

Փաստացի Ռուբեն Ռուբինյանը հերքում է այն, ինչը չի հերքվել նույնիսկ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ հիմնական բանակցողներից մեկի կողմից:

Խորհրդարանական դիվանագիտության ղեկավարը ճիշտ չի համարում մեկնաբանել «այլ երկրի պաշտոնյայի մեկնաբանությունները»՝ չնայած այն փաստին, որ այդ «այլ երկրի պաշտոնյան» հանդիսանում է ՀՀ ռազմավարական դաշնակից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն է, որի ավելի վաղ Երևանում արված հայտնի հայտարարությունները բուռն արձագանք ստացան և իշխանական պաշտոնյաների կողմից բազմաթիվ «ցնծագին» մեկնաբանությունների արժանացան:  

Ռուբեն Ռուբինյանը ընդունում է, որ այսօր առկա են «որոշակի սկզբունքներ և տարրեր, որոնք ընկած են բանակցային գործընթացի հիմքում»:

Ռուբինյանի համար նորություն է, փաստորեն, որ հիմնախնդրի կարգավորման լուծման սկզբունքներում Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր կոնսենսուս չունեն: Հայաստանը առանձնացնում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը: «Բոլոր կողմերը չունեն նույնական մոտեցում»:

Այս սկզբունքները ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքի հետ մեկտեղ կազմում են այն 3 հիմնարար սկզբունքները, որոնք ընկած են Մադրիդյան սկզբունքների հիմքում, որոնց շուրջ էլ տեղի են ունենում բանակցությունները:

Ռուբինյանի կարծիքով՝ միայն այս սկզբունքների նկատմամբ նույնական վերաբերմունքի դեպքում է հնարավոր փաստաթղթի առկայությունը, այլապես նման բան հնարավոր չէ: Նար խոսքից կարող ենք հասկանալ, որ կամ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի կողմից առաջ քաշվող տարածքային ամբողջականության խնդիրը, կամ Ադրբեջանը պետք է ընդունի Հայաստանի կողմից առաջ քաշվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

Համաձայնեք՝ սա ոչ մի վերջնակետի չհանգեցնող և փակուղի տանող մոտեցում է, եթե Ռուբինյանի հիպոթետիկ պնդումը իրականում գոյություն ունի:

Եթե նման բանակցությունները իրականում տեղի են ունենում այս օրակարգով, ապա պետք է հասկանալ, որ ըստ էության՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, քանի որ հակամարտության կարգավորման փուլային տարբերակը ենթադրում է հենց նման գործելակերպ. զորքերի դուրսբերում, տարածքների «վերադարձ», Արցախի կարգավիճակի առկախում՝ անորոշ ժամանակահատվածով և վերջնարդյունքով:

Ըստ էության նաև, այս մասին է վկայում նաև վարչապետ Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ ներկայիս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչները փորձում են պատասխանել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությանը բազմաթիվ անորոշ նախադասություններով, սակայն այն, ինչի մասին խոսվում է,  հակառակը, բազմաթիվ փաստերով ապացուցվում է:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան 


Կարդացե՛ք նաև՝

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն