ՄԱԿ-ի պաշտոնական էջում խմբագրվել է «Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների» բաժնի՝ հայանպաստ հատվածը

article-image

Միացյալ ազգերի կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում ցեղասպանությունների կանխարգելման քաղաքականությանը:

Կազմակերպությունում գործում է հատուկ կառույց` ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակը՝ United Nations Office on Genocide Prevention and Responsibility to Protect.

Հայաստանը ակտիվորեն ներգրավվել է ցեղասպանությունների դեմ պայքարում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ.-ին, Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձև: Որպես դրա շարունակություն` կրկին Հայաստանի նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր:

Սակայն այսօր որոշ արտահայտություններ և կարծիքներ, ինչպես վկայում են փաստերը, փոխվել են:

Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Ջաբաղյանը ահազանգում է, որ ՄԱԿ համապատասխան գրասենյակի ինտերնետային էջում՝ «Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» բաժնի ներածության մեջ, տեղի են ունեցել փոփոխություններ:

Մասնավորապես, օգտատերը ներկայացնում է լուսանկար՝ արված 2018թ. մարտի 12-ին, որտեղ հստակ նշվում է, որ «Մարդկության դեմ ուղղված հանցագործություն» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1915թ. Դաշնակից պետությունների (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան) կողմից արված հայտարարությունում, որով դատապարտվում էին Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված զանգվածային կոտորածները:…»:

(լուսանկարը՝ Սամվել Ջաբաղյանի ֆեյսբուքյան էջից)

Նորացված տեքստի մեջ շեշտվում է, որ վերոնշյալ տերմինի հստակ սկզբնաղբյուրը չկա, մասնավորապես՝ «Պարզ չէ, թե ինչ կոնտեքստում է զարգացել «Մարդկանց դեմ ուղղված հանցագործություն» տերմինը: Որոշ գիտնականներ նշում են, որ այս տերմինը (կամ նման այլ տերմիններ) զարգացել են 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին՝ հատկապես նկատի ունենալով ստրկությունը և ստրուկների առևտուրը և նպատակ են ունեցել բացատրելու այն դաժանությունները, որ եղել են Աֆրիկայում և նման այլ վայրերում եվրոպական գաղութատիրության հետ կապված, օրինակ, Կոնգոյի Ազատ Պետությունում Բելգիայի Լեոպոլդ II թագավորի կողմից կատարված դաժանությունները (Հղում է կատարվում Ուիլիամ Շաբասի “Unimaginable Atrocities – Justice, Politics, and Rights at the War Crimes Tribunals” աշխատությանը:): Մի շարք այլ գիտնականներ էլ նշում են այն հայտարարությունը, որը արվել է 1915 թվականին Դաշնակից պետությունների (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան) կողմից՝ դատապարտելով Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված զանգվածային կոտորածները, տերմինի օգտագործման այն սկզբնաղբյուրն է, որը միջազգային հանցագործությունների տեսակի բնորոշումն է հանդիսանում»: (Հղում է արվում Մ. Շերիֆ Բասիունիի «Crimes Against Humanity in International Criminal Law» աշխատությանը):

Ինչպես տեսնում ենք, առաջին հերթին կասկածի տակ է դրվում տերմինի հստակ ստուգաբանությունը, ինչը նախկինում աներկբա է եղել, երկրորդ հերթին Հայոց ցեղասպանությունը և հայկական զանգվածային կոտորածները համեմատվում են 18-19-րդ դարերի ստրկության և ստրկատիրական քաղաքականության հետ:

Հետաքրքիր է, թե ինչ հանգամանքներում և ինչ պատճառով է ՄԱԿ համապատասխան կառույցը վերանայել այս սկզբունքային դիրքորոշումը, քանի որ Հայաստանի պետական շահին նպաստող նման կարևորություն ունեցող դիրքորոշումը փոխվում է կամընտրական, կասկածով ներկայացվող դիրքորոշմամբ և չի արտահայտում ՀՀ շահերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և իրավական պաշտպանության տեսանկյունից:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան                                                     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն