«Խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով ինչ նշանակումներ են արվել 2020 թվականին

article-image

«Եկել է ժամանակը փակելու «խնամի-ծանոթ-բարեկամով» Հայաստանի էջը և բացելու քաղաքացիական Հայաստանի էջը». այս և նմանատիպ այլ հայտարարություններ էր անում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության գալուց հետո ԽԾԲ-ական խմբապետական Հայաստանի նոր էջ է բացել։ Չնայած այս հանգամանքին՝ Փաշինյանը բազմիցս հերքել է, թե Հայաստանում գործում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը։

Նմանատիպ հերքողական հայտարարություններ Փաշինյանն արել է՝

1․ 2019թ․ ապրիլի 19-ի ուղիղ եթերում«2018թ ապրիլի 8-ին հայտարարել եմ, որ կառավարման միջին օղակներում կան մարդիկ, որոնք լուրջ պոտենցիալ ունեն, և մենք չենք գալիս կադրային ջարդ անելու. կա քաղաքացիական ծառայության մասին օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք 100  տոկոսով  կատարվել է»:

2. 2020թ․ ապրիլի 6-ի ուղիղ եթերում. Փաշինյանը, պատասխանելով քաղաքացու «պետական կառավարման ապարատը լցված է նախկիններով, իսկ նորերը սանիկ-բարեկամ սկզբունքով են ընդունվում, չե՞ք կարծում, որ նմանվում եք նախկիններին» հարցին, ասել է․ «Ո՛չ, չեմ կարծում անկեղծ ասած, որ նախկիններին նմանվում եմ, որովհետև եթե ես նախկիններին նմանվեմ, զգամ, որ նմանվում եմ, կամ իրականում նման եմ, նույն պահին կհեռանամ էս կաբինետից, որովհետև դա ինձ համար կլինի բարոյական վերջ և ավարտ, որը ես թույլ չեմ տա»։

3․ ««Մեծ հիասթափության» մոդելավորումը» վերտառությամբ ուղիղ եթերի ընթացքում․ «Արդյունավետ է այն իշխանությունը, որը առաջին հերթին կարողանում է սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին: Եվ ես կարծում եմ, որ այս առումով մենք նույնպես գործել ենք բավական արդյունավետ»։

AntiFake.am-ը բազմիցս անդրադարձել է «նոր Հայաստանում» «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով արված նշանակումներին և ցույց տվել, որ Փաշինյանի հերքումները իրականության հետ կապ չունեն։

AntiFake.am-ի այդ հրապարակումները վերաբերվում են 2018-2019 թվականներին արված նշանակումներին, որոնց ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումներով (1, 2, 3, 4, 5

«Խնամի-ծանոթ-բարեկամ« սկզբունքով արված նշանակումներ «նոր Հայաստանում» նաև եղել են 2020 թվականին։

Այսպես, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ բարեկամական կապեր ունեցող Լիլիթ Միրզախանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ  նշանակվել է Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Համաձայն մամուլում առկա տեղեկությունների՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարս համարվող Միրզախանյանը, իրականում մարզ­պետի տատական կողմից բարե­կամի հարս է։

Լիլիթ Միրզախանյանը նաև հանդիսացել է «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու։
 


 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Քոչարյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։ Համաձայն մամուլում առկա տեղեկությունների՝ վերջինիս հովանավորյալը հանդիսացել է  ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ Լուսինե Քոչարյանը եղել է ԱՆ բժշկական քաղաքականության վարչության պետ, ապա աշխատակազմի ղեկավար, հետո էլ մրցույթով նշանակվել է որպես Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։
 


(Լուսանկարներում աջից՝ Լուսինե Քոչարյանը)

Պետրոս Ղազարյանի կինը՝ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել  է ԿԳՄՍ նախարարի տեղակալ։ Վերջինս մինչ այդ զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը։

Ինչպես հայտնի է, Պետրոս Ղազարյանը իշխանափոխությունից հետո աշխատանքի է անցել «Հանրայինում» և աչքի է ընկնում իր իշխանամետ դիրքորոշմամբ։  2000-2002 թթ. Ղազարյանը նաև թղթակցել է Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթին։
 


 

ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ մտերիմ կապեր ունեցող Արթուր Մարտիրոսյանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ նշանակվել է ԿԳՄՍ նախարարի մյուս տեղակալի պաշտոնում։

Արթուր Մարտիրոսյանը, նախքան այդ պաշտոնին նշանակվելը, 2018թ․ մայիսին հանդիսանալով «Դասավանդիր Հայաստան» ծրագրի զարգացման տնօրենը, հանդիպում է ունեցել ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանի ու նրա թիմի հետ և մեծ ոգևորությամբ պատրաստակամություն հայտնել աշխատել նախարարության հետ։
 


(Լուսանկարում ձախից՝ Արթուր Մարտիրոսյանը)

Մարտիրոսյանը երկար տարիներ ապրել է Նյու Յորքում և Հայաստան է վերադարձել 2018թ․ հայտնի իրադարձություններից հետո։ Երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվելով էլ հավանաբար բացատրվում է նրա կապը Զարեհ Սինանյանի հետ։ 
 


 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Մեղրյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող (ԴԱՀԿ պետ): Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ վերջինս հանդիսանում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերը։ Այս տեղեկատվությունը չի հերքվել Բադասյանի կողմից, սակայն նշվել է, որ նախարար Բադասյանը մինչև վերջին ժամանակահատվածը Սերգեյ Մեղրյանի հետ առնչվել է ուսանողական տարիներին:
 


 

ԽԾԲ կապերը շարունակում են գործել նաև կրթական համակարգում։ Մասնավորապես, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի ընթացքում մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ վարչապետ Փաշինյանի ծննդավայր Իջևանում տեղի կունենա հերթական ԽԾԲ-ով տնօրենի մրցույթը, քանի որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի հավանական թեկնածուն պատգամավոր Վահե Ղալումյանի ընկերն է, և տնօրենի մրցույթը խիստ ձևական բնույթ է կրում:

Նշենք, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարը ներկայումս հանդիսանում է Անուշավան Մակարյանը, ով իսկապես կապ ունի պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։ Վերջիններս եթե ոչ ընկերներ, ապա առնվազն ծանոթներ են։
 


 

Համաձայն մամուլում առկա տեղեկությունների՝ ԽԾԲ-ական կապերի մյուս օղակը ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանի արտագրությունները քննող հանձնաժողովն է, որը բաղկացած է Դիանա Գալոյանի մտերիմներից (գիտական ղեկավար, անմիջական ենթակա, երկարամյա ընկեր)։  Ըստ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ Գալոյանի արտագրությունները քննող հանձնաժողովի անդամների մեծ մասը նաև նախորդ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ի արտագրությունները քննող հանձնաժողովի մեջ են եղել, այնինչ նախորդ հանձնաժողովի 10 անդամներից միայն 1-ն է ներառվել նոր հանձնաժողովում:
 


 

Ամենաքննարկված նշանակումներից մեկը, թերևս, Մանե Գևորգյանի նշանակումն էր վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում։

Համաձայն մամուլում առկա տեղեկությունների՝ Մանե Գևորգյանը այդ պաշտոնին նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի անմիջական ջանքերով և ըստ շրջանառվող լուրերի՝ նրա ոչ պաշտոնական կինն է, կամ մտերմուհին, որի հետ Էդուարդ Աղաջանյանը պարբերաբար ներկայանում է պաշտոնական միջոցառումներին: Մանե Գևորգյանը նաև համարվում է Էդուարդ Աղաջանյանի երկու տեղակալների՝ Լիաննա Ղալթախչյանի և Ծովինար Սողոմոնյանի ամենամտերիմ ընկերուհին։ 


 

Գևորգյանի նշանակումը վարչապետի խոսնակի պաշտոնում քննարկվել է նաև այն պատճառով, որ վերջինիս նշանակումը ոգևորել էր ԼԳԲՏ համայնքի և «սորոսականների» վառ ներկայացուցիչներին։
 


 

Համաձայն նույն աղբյուրի՝ վարչապետի օգնական նշանակված Աննա Վարդապետյանին այդ պաշտոնի հարցում օգնել է անձամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ իր խորհրդական Սուրեն Քրմոյանի խնդրանքով։

Աննա Վարդապետյանը, նախկինում զբաղեցնելով Արդարադատության փոխնախարարի պաշտոնը, հարկադրաբար այն լքել էր, որը, համաձայն մամուլի հրապարակումների, կապ ուներ Գլխավոր դատախազությունում քննվող ինչ-որ գործի հետ, որը առնչվում էր Վադապետյանի հոր հետ։
 


 

Համակարգից դուրս գալու և համակարգ հետ վերադառնալու մեկ օրինակ էլ կարող ենք հիշել։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը պաշտոնից ազատվելուց մեկ տարի հետո կրկին նշանակվել է նույն պաշտոնում։ Համաձայն Պետրոսյանի մեկնաբանության՝ նա աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, քանի որ  նպատակահարմար չի գտել աշխատանքը շարունակելու, իսկ ներկայումս առաջարկ ստանալով` համաձայնվել է նույն պաշտոնը զբաղեցնել։

«Ղեկավարի հետ խոսել ենք, համարել ենք, որ իրար հետ հետագա համագործակցությունը նպատակահարմար չէ, և որոշել եմ դիմում ներկայացնել ազատման, ներկայացրել եմ, և վարչապետը բավարարել է»,- ասել է Պետրոսյանy, այնինչ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի խոսքերով՝ Արման Պետրոսյանը աշխատանքից ազատվել է վարչապետի աշխատակազմի առաջարկով, և դա եղել է քաղաքական որոշում։

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը։ Նա իր փորձով զիջելով կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մյուս մասնակիցներին՝ հաղթող է ճանաչվել։
 


 

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակմամբ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Շուշանիկ Շուշանյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնում: Վերջինս հանդիսանում է Շողակաթ համայնքի ղեկավար, վաղեմի ՀՀԿ-ական Սուլիկո Շուշանյանի դուստրը։ Այս դեպքում մենք կրկին առնչվում ենք ԽԾԲ սկզբունքին։
 


 

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանում շարունակում է դեռևս 2018-ից սկսված ԽԾԲ-ն։ Մարությանի ընկերներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, որոնք Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, դեռևս նախորդ տարի աշխատանքի են անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։ Ի՞նչ կապ ունեն դերասաններն ընդհանրապես կենդանիների ստերջացման և խնամքի հետ, կարելի է միայն «պատկերացնել»։

Հիշեցնենք նաև, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում քրեական գործ է հարուցվել յուրացման և վատնման հատկանիշներով։
 


 

Մամուլում առկա տեղեկատվություն համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվան, քաղաքապետարանի կադրային քաղաքականության հարցում մեծ դերակատարում ունի, և շատ հաճախ նա է որոշումներ կայացնում:

Համաձայն մամուլի հրապարակումների՝ քաղաքապետի խորհրդական Արթուր Սարգսյանի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի ժ/պ Արմեն Գրիգորյանի նշանակման հարցերում կրկին դեր է խաղացել Մարությանի կինը, ով մտերիմ է նշանակված անձանց կանանց հետ և ընդհանուր զրույցներում միջնորդել է հենց նրանց նշանակել այդ պաշտոններին:

Ապրիլի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը, ում ցանկանում են հեռացնել զբաղեցրած պաշտոնից, ասել է«Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ ոչ բոլոր հարցերում եմ իրենց հետ համաձայնել, մասնավորապես, դեպի ինձ ուղղորդված կադրերի հարցում»։ Ըստ Բեգոյանի՝ կա կոնկրետ անձ, ում քաղաքապետի կինը ցանկանում է տեսնել այդ պաշտոնում. «Վարդանյան Քրիստինա, որը քաղաքապետի կնոջ հետ բժշկական համալսարանում է աշխատում, և որին ես չեմ ընդունել ինձ մոտ աշխատանքի, որպես փոխտնօրեն»: Արմեն Բեգոյանի խոսքով՝ Իվա Մարությանն իրեն հրահանգել է դիմում գրել քաղաքապետարանում՝ վկաների ներկայությամբ։

Ինքը՝ Հայկ Մարությանը, համարում է, որ կինն իրեն «օգնում է», - «Թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերներն առաջին իսկ օրվանից օգնում են, որ կարողանանք մեր բոլոր խոստումներն իրականացնել, օգնել են և օգնում են։․․․Քանի որ խոսք եղավ դրա մասին, ուզում եմ ասել, որ իմ կինն ու իր ընկերները զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրոյի դրամաշնորհ բերվի Երևան: Իմ խնդրանքով այդ ծրագիրը գրել են, ներկայացվել է քաղաքապետարան, դիմել ենք ու մեծ մրցույթում, որտեղ բազմաթիվ քաղաքներ են մասնակցել, հաղթել ենք: Ծրագիրը վտանգավոր թափոններին է վերաբերում»։


 

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինն էլ՝ Տաթևիկ Սագսյանը, հանդիսացել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրանսենյակի աշխատակից՝ փորձագետի հաստիքով: Ներկայումս նա չի զբաղեցնում այդ պաշտոնը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
 

 

Համաձայն համացանցում առկա տեղեկատվության՝ Ռուստամ Բադասյանը իր մանկության ընկեր Սուրեն Գալստյանին նշանակել է ԱՆ աշխատակազմի պետ, իսկ քավորին՝ Դավիթ Գասպարյանին, նշանակել է ԱՆ վերահսկողական ծառայության պետ:

 

 

ՀՀ Արդարատադության նախարարության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նշված անձինք իրապես զբաղեցնում են այդ պաշտոնները:

 

Վերը թվարկված օրինակները ևս մեկ անգամ փաստում են, որ Հայաստանում «խնամի-ծանոթ-բարեկամի» ինստիտուտը շարունակում է ամուր հողի վրա մնալ և նոր «բարձունքներ» է գրավում։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան


Կարդացե՛ք նաև՝

Փաշինյանն իր «Մեծ հիասթափության» մասին եթերում ստել է ընկերներին, բարեկամներին և մերձավորներին «սահմանափակելու» թեմայով. Փաշինյանի ԽԾԲ-ները պետական համակարգում ամենուր են
Նիկոլ Փաշինյանը խնամի-ծանոթ-բարեկամ խմբապետական Հայաստանի նոր էջ է բացել
Ինձ ոչ թե նշանակել են Քոչարյանի ասուլիսը տապալելու համար, այլ գնահատել են իմ ունակությունները: Ի՞նչ է գրում մամուլը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի մասին
Մարությանի մանկության ընկերը՝ Կենտրոնի թաղապետի պաշտոնում. ուշագրավ մանրամասներ
Խնամի-ծանոթ-բարեկամ ինստիտուտը Արարատի մարզպետարանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն