Նիկոլ Փաշինյանի՝ տույժ-տուգանքների մասին ֆեյսբուքյան տեսանյութը նույնպես մանիպուլյատիվ է

article-image

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ներկա ու նախկին հայտարարությունների վերաբերյալ սկսել է տեսանյութերի շարք հրապարակել, որոնք միտում ունեն ցույց տալու, որ Փաշինյանն իշխանության գալուց հետո կատարել է իր նախընտրական և հեղափոխական խոստումները։

Օրեր առաջ Փաշինյանը մանիպուլյատիվ կերպով ներկայացրել էր արագաչափերի հանման և ոստիկանների ու պետական աշխատողների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ խոստումները։ Այս անգամ, Փաշինյանը մանիպուլացրել է վարկերի տույժ-տուգանքների ներման մասին իր խոստումները։

Այսպես, ապրիլի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում «Հեղափոխությունից առաջ եւ հետո. վարկերի տույժ-տուգանքների ներման մասին» վերնագրով տեսանյութ է հրապարակել, որում հաջորդաբար ներկայացված են հետևյալ կադրերը՝

1․ 2018թ․ ապրիլի 13, Ազատության հրապարակ․ «Հայաստանի նոր իշխանությունը պետք է ների գյուղատնտեսության և սպառողական վարկերի բոլոր տույժ-տուգանքները, ուրիշ կերպ հնարավոր չէ»։

2․ 2019թ․ մայիսի 8, Երևան․ «Փաստ N 27, օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ առևտրային բանկերին հնարավորություն է տրվել ներել ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերն ու տուգանքները, ինչի արդյունքում մինչ օրս ներվել են շուրջ 20 000 վարկառուների ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները՝ շուրջ 11,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով»։ «Փաստ N 28, մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուների վարկային պատմությունը, ովքեր մինչև 50 000 դրամ ժամկետանց վարկային մնացորդ ունեին կամ հանդիսանում էին համավարկառու կամ երաշխավոր»։
 


Այս տեսանյութը մանիպուլյատիվ է այն առումով, որ օրեր առաջ՝ ապրիլի 6-ին, նախքան «Հեղափոխությունից առաջ եւ հետո. վարկերի տույժ-տուգանքների ներման մասին» վերնագրով տեսանյութի հրապարակումը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն խոստովանել է, որ իրենց կողմից ներված տույժ-տուգանքներն օգուտ չեն տվել, այդ պատճառով այլ մեխանիզմներ են կիրառվելու։ Այս պարագայում իրենց քայլը որպես ձեռքբերում և կատարված խոստում ներկայացնելը առնվազն անտրամաբանական է և մասնակի է ներկայացնում վարչապետի հայտարարությունները, քանի որ ներկայացված տեսանյութին կցված չեն ապրիլի 6-ին վարչապետի հնչեցրած մտքերը։

Մասնավորապես, ապրիլի 6-ի ուղիղ եթերի ընթացքում, պատասխանելով Վարուժ Վարդանյանի՝ արտակարգ իրավիճակի ժամանակ քաղաքացիներին համատարած վարկային արձակուրդ չտրամադրելու, Փաշինյանի հեղափոխության օրերի սպառողական և գյուղատնտեսական ժամկետանց վարկերի բոլոր տույժ-տուգանքների զրոյացման և Փաշինյանի ներկայիս դիրքորոշման փոփոխության վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասել է «Իմ մոտեցումն այդ հարցի վերաբերյալ բացարձակապես չի փոխվել։ 2018թ. հունիսին 13 մլրդ դրամ ծավալով քաղաքացիների տույժ-տուգանքները ներվեցին, և 125.000 վարկառուի վարկային պատմություն մաքրվեց։ Մարդիկ այդ բեռից ազատվեցին, բայց դրանից հետո տեսանք, որ այս քաղաքացիների մեծ մասը նորից շատ արագ հայտնվում է տույժ-տուգանքների տակ։ Եվ մենք հասկացանք, որ մարդկանց տույժ-տուգանքները ներելով՝ ոչնչով չենք օգնում։ Որովհետև եթե տույժ տուգանքների տակ է մի քիչ ավել, մի քիչ պակաս, հետո նորից ընկնում է տույժ-տուգանքների տակ։ Մենք հասկացանք, որ մարդկանց պետք է գիտելիքներ տանք, գյուղատնտեսական և այլն»։

Այս հայտարարությամբ Փաշինյանը նաև խոստովանում է, որ տույժ-տուգանքները ներելու մասին պոպուլիստական խոստումը վարչապետ դառնալուց հետո կատարելով՝ առաջին հերթին դա արել է սեփական վարկանիշը բարձրացնելու համար, և դրա տակ ոչ մի օգուտ չի եղել ո՛չ հասարակությանը, ո՛չ էլ պետությանը։ Ընդհակառակը, ըստ էության՝ վնաս է հասցվել պետական շահին։

Նկատենք նաև, որ այս տեսանյութը սոցիալական ցանցերում տարածվել է գովազդի միջոցով (հայտնի չէ, թե ինչ միջոցների հաշվին՝ պետակա՞ն, թե՞ անձնական), ինչը նշանակում է, որ Փաշինյանի դիտումները սոցցանցերում շեշտակիորեն նվազել են, և առնվազն ֆեյսբուքյան դիտելիության առումով՝ վարչապետը վարկանիշային խնդիրների հետ է բախվում։
 


 

Նկատենք նաև, որ Փաշինյանի հեղափոխական խոստումների կատարման մասին պատմող տեսանյութերի թերի և մանիպուլյատիվ ներկայացումը, և առհասարակ, հաճախ արվող և ասելիք չպարունակող հրապարակումներն ու ուղերձները այլևս հետաքրքրություն չեն առաջացնում հասարակության լայն շրջանակների մոտ և իրենց հերթին նպաստում են վերջինիս վարկանիշի անկմանը։ Ասվածը ապացուցում է ֆեյսբուքյան գովազդների միջոցով լսարան ձևավորելու փաստը։
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն