Վարչապետը ցուցում է տալիս իրավապահ մարմիններին՝ չունենալով նման լիազորություն

article-image

2019 թվականի ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում ասվում էր. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

Սա նոր Հայաստան է, և վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ ջանում է հանրությանը ցույց տալ, որ պետական ապարատն աշխատում է թափանցիկ, պետության կողմից ստեղծված են բոլոր պայմանները, որոնք կերաշխավորեն արդարադատության անշեղ իրականացումը և իրավապահ մարմինների անաչառությունը, ոչ ոքի համար գաղտնիք չէ:

Սակայն արդյո՞ք ՀՀ վարչապետը ՀՀ քրեադատավարական կարգավորումների համաձայն ունի քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն։ Այս գրառումը քննարկման առարկա դարձավ մասնագիտական շրջանակներում և համացանցում։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ցուցումներ տալու լիազորություններ ունեն դատախազը (52-րդ և 53-րդ հոդվածներ, (…)), հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը (137-րդ հոդված), քննչական բաժնի պետը (193-րդ հոդված)։

Այս մասին լրագրողների հետ ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց. «Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորությունը վերապահում է բացառապես դատախազին, ոչ վարչապետին»:

Ի՞նչ է ստացվում. ՀՀ վարչապետը գրառում է կատարում, որ իր անմիջական ցուցումով հարուցվել է քրեական գործ այն պարագայում, երբ վարչապետը չունի նման լիազորություն։

Իսկ ինչու՞ է Փաշինյանը նման գրառում կատարում։

Իրականում գրառումը մանիպուլյատիվ բնույթ ունի, քանի որ այն նպատակ է հետապնդում հանրությանը ներկայացնել վարչապետի ենթադրյալ անաչառությունը և իրավապահ մարմինների անկախությունը: Սակայն գրառման մեջ հստակ շեշտվում է, որ քրեական գործ հարուցելու անմիջական հրահանգը եղել է վարչապետի կողմից:

Նախորդ գրառման շուրջ առաջացած խոսակցությունները հանդարտեցնելու, ինչպես նաև ՀՀ ՄԻՊ-ի պատասխանը՝ վարչապետի նման լիազորություն չունենալու վերաբերյալ, լրատվամիջոցներով տարածվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին կատարեց ևս մեկ գրառում. «Հարգելիներս՝ ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ:

Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է:

Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար»:

Այս գրառմամբ վարչապետն արդեն բառախաղով է զբաղվել՝ այս անգամ էլ մանիպուլացնելով նախորդ հայտարարության բովանդակությունը, թե իբր ոչ թե «քրեական գործ հարուցելու ցուցում է տվել», ինչպես գրել էր նախորդ հրապարակման մեջ, այլ «ցուցում է տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին»։ Այնուամենայնիվ, այս գրառման մեջ պահպանվում է նախորդ մտքի՝ «ցուցում», «հրահանգ» տալու իմաստը:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր առաջին գրառմամբ բացահայտել է, որ իրեն վերապահել է մի լիազորություն, ինչը, համաձայն քրեադատավարական կարգավորումների, իրեն վերապահված չէ, ինչն էլ նշանակում է, որ սա միջամտություն է իրավապահ մարմինների գործունեությանը, իսկ արդեն երկրորդ գրառմամբ փորձել է ուղղել նախորդ գրառմամբ արված «սխալը», ինչն ակնհայտ մանիպուլյացիա է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն