ԶԼՄ-ները Արդարադատության նախարարի անգործության հետևանքով չեն կարող օգտվել պետռեգիստրի տվյալներն անվճար ստանալու օրենսդրական հնարավորությունից

article-image

Սույն թվականի մարտի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է պետռեգիստրի տվյալները ԶԼՄ-ների համար անվճար դարձնելու օրենսդրական փաթեթը։  Մինչ այդ եղած կարգավորմամբ պետական ռեգիստրից տեղեկություն ստանալու համար գանձվում էր 3000 դրամ պետական տուրք (առանց ԱԱՀ-ի)։

Փաթեթով լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Պետական տուրքի մասին» և «Զանգվածային լրատվության մասին» օրենքներում։

Նախագիծը Ազգային ժողով ներկայացվել էր Արդարադատության նախարարության կողմից։

Նախագիծը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, քննարկման էր դրվել դեռևս 2019թ. փետրվարին, ապա լրամշակվել էր օգոստոսին։

Նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել էր այս տարվա հունվարին և Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել էր 2020թ. մարտի 6-ին։

Արդեն իսկ ընդունված և նախագահի կողմից ստորագրված օրենսդրական կարգավորումներով, մասնավորապես «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 66.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ «Լրատվական գործունեություն իրականացնողը, որը ցանկանում է ստանալ հասանելիություն պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման, պետք է գործակալություն ներկայացնի համապատասխան հայտ, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով»:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Մոտավոր հաշվարկով՝ հաշվի առնելով օրենսդրական ակտի հրապարակման և ուժի մեջ մտնելու ժամկետները, սույն օրենքն ուժի մեջ է ավելի քան 10 օր առաջ։

Միևնույն ժամանակ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի (Նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումը) համաձայն՝ «Եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից»:

AntiFake.am-ը ուսումնասիրեց ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պաշտոնական e-register.am կայքը՝ լրատվամիջոցների համար անվճար հիմունքներով պետական ռեգիստրի տվյալները ստանալու հայտը գտնելու և լրացնելու համար, սակայն որևէ փաստաթուղթ չգտանք։

Կապ հաստատեցինք գործակալության պետի տեղակալ Տաթև Մկրտչյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ հայտի ձևը պետք է սահմանի Արդարադատության նախարարը, սակայն դեռ չի սահմանել։

Նկատենք, որ այս օրենսդրական փաթեթի կապակցությամբ Արդարադատության նախարարությունը բավական ինտենսիվ PR էր իրականացնում՝ սկսած նախորդ տարվանից։

Հոկտեմբերին անգամ սրա վերաբերյալ տեսանյութ էր պատրաստվել.
 


Սակայն, ինչպես նկատում ենք, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առ այս պահը հրաման չի ընդունել, որով սահմանվում է լրատվամիջոցների կողմից գործակալություն ներկայացվող հայտի ձևը։ Հետևաբար՝ չնայած օրենքի ուժի մեջ մտենելուն՝ լրատվամիջոցները փաստացի զրկված են օրենքով նախատեսված իրավունքից օգտվելու հնարավորությունից և կկարողանան իրացնել իրենց իրավունքը, երբ նախարարն ընդունի հայտի ձևը սահմանող հրամանը։

Նախագծի գովազդին այսչափ ժամանակ հատկացնելու փոխարեն նախարարն ու նրա ղեկավարած կառույցը ճիշտ կանեին մշակեին հայտի ձևը, որպեսզի լրատվամիջոցները ժամ առաջ կարողանային օգտվել այն հնարավորությունից, որին սպասում են արդեն 1 տարի, ոչ թե նախագահի կողմից ստորագրվելուց 1 ամիս հետո էլ չունենային պետական ռեգիստրի տվյալներն անվճար ստանալու հնարավորություն։

AntiFake.am-ը նաև գրավոր հարցումներ է ուղարկել պատկան կառույցներին՝ պարզաբանումներ ստանալու համար, որոնք ստանալուն պես կհրապարակենք դրանք։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն