Fact Check: Փաշինյանի մանիպուլյացիաներն ու ստերը կոմունալների խնդրի վերաբերյալ. հակասական բոլոր հայտարարությունների հետքերով

article-image

2020թ․ մարտի 25-ին Կարառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կոմունալ վճարումները չկատարելու դեպքում անջատումներ չեն լինելու։ Նա մասնավորապես ասել էր«Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անջատումներ չեն լինի, այդ թվում «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը։ Ինչու՞ սրա մասին մենք շուտ չէինք խոսում, որովհետև մենք չէինք ուզում, որ դա օգտագործվի որպես կոմունալ վճարները չվճարելու ազդանշան։ ․․․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով, որպեսզի ամեն ինչ ինստիտուցիոնալ լինի, ունենք էդ պայմանավորվածությունը»։

Նույն օրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, և տեղեկացրել, որ ստեղծված ֆորս մաժորային պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը, միաժամանակ տեղեկացնելով, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից։ Հիշեցնենք, որ Կառավարությունն էլ իր հերթին 50%-ով փոխհատուցել է փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը, եթե դրանք չեն գերազանցել 10000 և 5000 դրամը և 30%-ով՝ 10000- 30000 դրամ բնական գազ և 5000-10000 դրամ էլեկտրաէներգիա սպառած բնակիչների վարձավճարները։

Այնուհետև, ապրիլի 6-ի ուղիղ եթերի ընթացքում, կրկին անդրադառնալով արտակարգ դրության ժամանակ ջրի, գազի և էլեկտրաէներգիայի անջատումներին, Փաշինյանն ասել էր«Ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և պարետատունը հայտարարել են, որ մինչև արտակարգ դրության ավարտը քաղաքացիներին մատակարարվող էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի չվճարման դեպքում անջատումներ տեղի չեն ունենալու և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս իրավիճակը վճարումների իմաստով հայտարարել է ֆորս մաժոր, ինչը նշանակում է, որ չվճարումների հետ կապված անջատումներ տեղի չեն ունենալու։ Ինչ վերաբերվում է հետագա վճարումներին, արդեն ասեցի, որ սոցիալական աջակցության միջոցառումներ են իրականացնում և մենք կհետևենք միջոցառումների իրանակցման էֆեկտիվությանը և ինչպես ասեցի, եթե անհրաժեշտ լինի ըստ անհրաժեշտության այդ որոշումների մեջ կկատարենք անհրաժեշտ կարգավորումներ որպեսզի հնարավորինս էֆեկտիվ լինի և մեր քաղաքացիները անսպասելի առաջացած սոցիալական դժվարությունները կարողանան առավելագույն էֆեկտիվ հաղթահարել»։

Այս հայտարարություններից շուրջ մեկ ամիս անց՝ ապրիլի 22-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մեկ այլ հայտարարությամբ տեղեկացրել է, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած և բաժանորդներին հորդորել է կատարել վճարումները։

Ավելին, ապրիլի 27-ին հոսանքի անջատման պատճառով Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվել։ Ակցիան իրականացրած երգահան Միքայել Մարգարյանը, ով այդ քայլի համար կալանավորվել էր, ազատ արձակվելուց հետո  տեղեկացրել էր,  որ հոսանքազրկման հետևանքով 6-ամյա դստեր տարեդարձը մոմի լույսի ներքո է նշել։ Բացի նշված դեպքը, այլ հոսաքազրկման դեպքեր պայմանավորված չվճարած կոմունալներով նույնպես գրանցվել են։ 

Այս դեպքերը փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին Կարառավարություն-ԱԺ հարցուպատասխանի և ապրիլի 6-ի ուղիղ եթերի ընթացքում ստել էր՝ ասելով թե չվճարումների հետ կապված անջատումներ տեղի չեն ունենալու։

Ստեղծված իրավիճակը մի շարք դժգոհություններ է առաջացրել հասարակության շրջանում և քաղաքացիները Փաշինյանին «հիշեցրել» են կոմունալ վճարումները չկատարելու դեպքում անջատումներ չլինելու մասին խոսքերը։

Վարչապետ Փաշինյանն էլ, այսօր՝ ապրիլի 28-ին, ստեղծված իրավիճակին անդրադարձ է կատարել ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ և մի շարք մանիպուլյատիվ հայտարարություններ արել, որոնք նաև հակասում են ապրիլի 6-ի ուղիղ եթերի ընթացքում նրա կողմից հնչեցված մտքերին և ապացուցում որ Փաշինյանը ստել է, իսկ հիմա մանիպուլյացիաների միջոցով փորձում է հիմնավորել իր նախկին հայտարարությունները։

Հայտարարություն 1 «Մենք դեռ մարտին արտակարգ դրություն մտցնելու հարցի քննարկման համատեքստում հայտարարեցինք, որ արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու։ Երբ որ մենք այդ ժամանակ այդ հայտարարությունները անում էինք, մենք հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի։ Այսինքն մենք կարճաժամկետ խնդիր էինք դնում մեր առաջ և հույս ունեինք, բայց ամեն ինչ այդպես չգնաց։ ․․․ Էն ժամանակ, երբ որ մենք դա ասել ենք, մեր հույսը էն ա եղել, որ մենք մի ամսում էս արտակարգ դրության ռեժիմից դուրս կգանք։ ․․․ Ասում եք, որ էն ժամանակ հայտարարել եմ, որ արտակարգ դրության ժամանակ անջատում չի լինելու, այո՛, հայտարարել էի, էն ժամանակ ապրիլի 6-ն էր, կամ մարտի 30-ը, և մենք էն ժամանակ չգիտեինք, որ արտակարգ դրությունը երկարացնելու ենք։ Հիմա էլ չգիտենք, որ երկարացնելու ենք»։

Սուտ և մանիպուլյացիա․  Հավատալով Փաշինյանի այն մանիպուլյատիվ հայտարարությանը, թե մեկ ամսում հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված իրավիճակը, պետք է փաստել այս Կառավարության ներկայացուցիչների անհեռատեսության մասին։ Ինչպե՞ս կարելի է հույս ունենալ, որ աշխարհում օր օրի ահագնացող վարակը Հայաստանը կարող է մեկ ամսում հաղթահարել և դուրս գալ արտակարգ ռեժիմից, այն էլ աշխարհի առավել զարգացած երկրների օրինակներն աչքի տակ ունենալով։ Այս պարագայում առավել տեղին է վատագույն սցենարներին պատրաստ լինելը և դրանցով, այլ ոչ թե «հույսերով» առաջնորդվելը։ Ազնիվ կլիներ նաև շեշետել, որ Կառավարության լավատեսության չարդարացման պարագայում՝ վատագույն սցենարներից որևէ մեկի հաստատման դեպքում, այլ լուծումներ են տրվելու կոմունալների վճարման/չվճարման խնդրին, և կայացված որոշումն ընդամենը կարճաժամկետ բնույթ է կրում։ Այնինչ, ոչ միայն նման բան չի հայտարարվել, այլ ընդհակառակը՝  ապրիլի 6-ի ուղիղ եթերի ընթացքում, Փաշինյանը հատուկ ընդգծվել է, որ հետագա վճարումների հետ կապված ըստ անհրաժեշտության  կկատարվեն անհրաժեշտ կարգավորումներ, որպեսզի քաղաքացիները անսպասելի առաջացած սոցիալական դժվարությունները կարողանան առավելապես էֆեկտիվ հաղթահարել։ Ուստի Փաշինյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ լինելուց բացի նաև հակասում է Փաշինյանի նախորդ հայտարարություններին և ապացուցում, որ Փաշինյանը ստել է։

Հայտարարություն 2 «Զարգացավ մի իրավիճակ, որ այդ հայտարարության արդյունքում (նկատի ունի կոմունալ վճարումները չկատարելու դեպքում անջատումներ չլինելու վերաբերյալ հայտարարությունը) ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, ովքեր իրոք հնարավորություն չունեն, այլև սկսեցին չվճարել նրանք, ովքեր հնարավորություն ունեն։ Երբ որ մենք 10 օր առաջ նայում էինք, թե ովքեր չեն վճարել, մենք տեսնում էինք, որ նաև հարուստ մարդիկ սկսել են չվճարել։ Էդ չվճարման պատճառն էն ա, որ կառավարությունը սկսել ա ասել, որ գիտեք ինչ, չվճարումների դեպքում անջատումներ չեն լինելու։․․․ Եվ երբ որ դիրքորոշումը կոշտացավ առաջին հերթին այն բանի արդյունքում, որ խոշոր սպառողները չեն վճարում օգտվելով էդ առիթից և հայտարարություններից ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն մի քանի օրվա ընթացքում մոտավորապես 7 մլրդ դրամին մոտիկ վճարումներ եղան համակարգում։ Այսինքն, առնվազն բազմաթիվ մարդիկ, որ կարող էին վճարել, ասել են դե լավ, որ չեն անջատելու չվճարենք»։

Մանիպուլյաիցա․ Ինչ վերաբերվում է սոցիալապես ապահով խավի կոմունալները չմուծելուն, ապա Փաշինյանը նախօրոք պատկերացնում էր, որ կարող է նման իրավիճակ ստեղծվել և հասարակության այդ շերտին խնդրել էր ժամանակին կատարել վճարումները։ Իսկ թե ինչու՞ քաղաքացիները չեն հետևել Փաշինյանի խնդրանքին լուրջ մտորումների առիթ պետք է հանդիսանա Փաշինյանի և նրա թիմակիցների համար։

Փաշինյանը, մարտի 25-ի ելույթում ասել էր«Իմ կոչը և խնդրանքն է, որ նրանք, ովքեր ունեն էդ հնարավորությունը վճարումները չուշացնեն»։

Բացի այդ, էլեկտրաէներգիայի խոշոր սպառումը դեռևս չի փաստում բաժանորդի ապահովված լինելու մասին։ Օրինակ՝ Կառավարության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացին նշում էր, որ իր կոմունալների ծախսը մոտ 100.000 դրամ է, քանի որ ընտանիքում 8 հոգի են։ Մինչդեռ քաղաքացու ֆեյսբուքյան ուղիղ եթերներից ակնհայտ էր, որ նա բոլորովին էլ ապահովված չէ և բնակվում է բավականին վատ պայմաններում։ Այսինքն բոլոր այն ընտանիքներում, որտեղ կան մեկ հարկի տակ ապրող շատ մարդիկ, կոմունալ ծախսերը նույնպես խոշոր պետք է լինեն։ Եվ միայն կոմունալների խոշոր ծախսով պնդում անել, որ ընատնիքը ապահովված և վճարունակ է, նվազագույնը դիլետանտ մոտեցում է խնդրին վարչապետի կողմից։  

Հայտարարություն 3  «Էստեղ առաջանում ա հետևյալ պրոբլեմը, որ փաստորեն բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը համատարած չեն վճարում արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել իրենց մատակարարներին և աշխատողներին, չեն կարողանում վճարել հարկեր և դրա արդյունքում առաջանում է ռիսկ, որ մենք չեն կարողանա վճարել թոշակներ և նպաստներ։ Բայց ամենակարևոր ռիկսը՝ էս համակարգը կարող ա քանդվել։ Այսինքն, կարող ա ոչ թե խոսք գնալ 5000, 1000, 2000 հոգու էլեկտրաէներգիան անջատելու մասին, այլ կարող ա ընդհանրապես խոսք գնալ, որ երկրում էներգետիկ համակարգը չաշխատի, որովհետև էդ էներգետիկ համակարգի բնականոն աշխատանքի շղթան կտրվել է ուղղակի և հետևաբար գալիս ա մի պահ, որ հասկանում ենք, որ ընտրությունը ոչ թե նրա մեջ ա, որ այ 1000 կամ 5000 անջատենք, թե չանջատենք՝ ընտրությունը նրա մեջ ա՝ երկրում հոսանք ընդհանրապես լինելու ա, թե չի լինելու։ Եվ ճգնաժամը դրանով ա ճգնաժամ, որ երբ որ մի խնդիր լուծում ես, էդ խնդրի լուծման արդյունքում առաջանում ա երկրորդ խնդիրը։ Երկրորդ խնդիրն ես լուծում, երկրորդ խնդրի լուծման հետևանքով առաջանում ա երրորդ խնդիրը։ ․․․ Մեր առաջ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հարց էր դնում. ասում էր, որ եթե մենք էսպես գնանք, սա նշանակում ա, որ ոչ թե մեր ընտրությունը լինելու է առանձին մարդկանց հոսանքը կամ գազը անջատելը՝ մեր ընտրությունը լինելու է հետևյալը՝ երկրում հոսանք կա՞, թե չկա, գազ կա՞, թե չկա։  Էս պայմաններում մենք համաձայնություն տվեցինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը։  ․․․ Սրա արդյունքում մենք համակարգը փրկեցինք կոլապսից, ընդ որում՝ կոլափսից, որի մեջ մենք մասնակցություն ունեցել էինք էն առումով, որ մենք ըստ էության, այո՛, տրվել էինք որոշակի էմոցիոնալ ինչ-որ բանի, Հանրային ծառայությունների հանձնաժողովը, իմիջայլոց, ոչ կառավարությունը, բայց կառավարությունն էլ ըստ ամենայինի քաջալերել էր և էսպիսի իրավիճակ էր ստացվել։ ․․․ Մենք վերահաս ճգնաժամից խուսափել ենք, որովհետև էս վճարումների արդյունքում էներգետիկ ցանցերը փակել են մատակարարների առաջ իրենց ունեցած պարտքը»։

Մանիպուլյացիա․ Պնդում անել թե, ճգնաժամը դրանով ա ճգնաժամ, որ երբ որ մի խնդիր լուծում ես, էդ խնդրի լուծման արդյունքում առաջանում է երկրորդ խնդիրը և էդպես շարունակ, ընդհանրապես և առավել ևս այս պարագայում է մանիպուլյատիվ, քանի որ Փաշինյանն իր այս խոսքերով նաև հաստատել է, որ որոշակի էմոցիաների տրվելով է Կառավարությունը նման որոշում կայացրել։ Իսկ առանց էմոցիաների և ռիսկերի հաշվարկմամբ որոշումների ընդունումը թույլ կտար լուծել եղած խնդիրները, նոր խնդիրներ  չառաջացնել, որի հետևանքով համակարգը վտանգի մեջ չէր լինի ու «փրկության» կարիք չէր ունենա։ Անհեռատես քայլեր կատարելը, մեկ խնդիրը լուծելով մեկ այլ խնդիր առաջացնելը, այնուհետև նոր խնդիր ստեղծել նախորդ ստեղծված խնդիրը հաղթահարելու համար և այդ ամենը վերահաս ճգնաժամից փրկություն համարելը, հետագա վճարումների հետ կապված համապատասխան կարգավորումներ խոստանալը ու խոստումը չկատարելը «հանճարեղ» լինելուց բացի նաև պետության ռեսուրսները մսխող և իշխող ուժին հեղինակազրկող գործընթաց է։

Հայտարարություն 4 «Ես ուզում եմ հստակ ձևակերպել մեր նպատակը, որ էն մարդիկ ովքեր իրոք ունեն սոցիալական պրոբլեմ, չունեն հնարավորություն վճարելու, էդ մարդկանց մենք օգնենք, իսկ էն մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն վճարելու և չեն վճարում, էդ մարդկանց մենք չօգնենք, որովհետև նրանք օգնության կարիք չունեն։ Մեր հակաճգնաժամային քաղաքականության ամբողջ իմաստն էն ա, որ օգնենք էն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն։ ․․․ Ես կարծում եմ, որ էն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն վճարելու և չեն վճարում, այո՛, նրանց հոսանքները պետք ա անջատվեն, որովհետև հակառակ դեպքում կստացվի, որ սոցիալապես անապահովների շվաքի տակ էդ մարդիկ փողը գրպաններում մի քիչ ավելի պահում են, որ իրենց տաք ըլնի, կամ բիզնես ունեն, տանում են էդ բիզնեսի մեջ դնում։ ․․․ Ցավոք մենք էսօր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների բերումով ճշգրիտ 100 տոկոսով չենք տեղորոշել այն մարդկանց, ովքեր էդ օգնության կարիքը ունեն և ցավոք սրտի այս մեր էմոցիոնալ որոշումներից օգտվում են մարդիկ, ովքեր էդ օգնության կարիքը չունեն։․․․Մենք շարունակելու ենք, որպեսզի գտնենք էն մարդկանց ովքեր ունեն աջակցության կարիք և օգնելու ենք»։

Դիտարկում. Մարտի 25-ի ելույթում Փաշինյանը նաև հարցադրումներ էր արել, թե ինչու՞ պետք է հետաձգվեն աշխատավարձ ստացող աշխատողների կամ նպաստ ստացող նպաստառուների կոմունալ վճարումները՝ ասելով, որ պետք է ամեն ինչ թիրախավորված արվի։

«Ուզում եմ ուրվագծել կառավարության մոտեցումը։ Մեր մոտեցումն այն է, որ այդ աջակցությունը պետք ա լինի հասցեական, որովհետև ես գոնե անձամբ իմ լրագրողական գործունեության ընթացքում տասնյակ անգամ ի ցույց եմ դրել, թե ինչպես նման էմոցիոնալ իրավիճակներում, երբ որ աջակցությունը ուղղորդվում է, թե ինչպես են դրանից իրականում օգտվում ոչ թե կարիքավորները, այլ նրանք, ովքեր դրա կարիքը ընդհանրապես չունեն։ Եվ հետևաբար, մեր բոլոր գործողությունները, ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական ուղղվածությամբ, այն է, որ մենք հասցեականությունը մաքսիմալ թիրախավորված լինի և հասնի ճիշտ հասցեով մադկանց»,- ասել էր Փաշինյանը։

Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանը նախօրոք պատկերացրել է, որ սոցիալապես ապահով խավի ներկայացուցիչները կարող են օգտվել ստեղծված իրավիճակից և նոր խնդիրներ առաջացնել Կառավարության համար, պատկերացրել է, որ օրինակ պետական աշխատողները և նպաստառուները դրամական աջակցության կարիք չեն ունենալու, քանի որ նրանք համապատասխանաբար աշխատավարձ և նպաստ են ստանանալու, պատկերացրել է, որ տվյալ պարագայում Կառավարության հակաճգնաժամային գործողությունները բացառապես պետք է ուղղված լինեն սոցիալապես անապահով խավի համար, պատկերացրել է և նաև, որ խնդիր կա այդ խավին լիարժեք տեղորոշելու ու օգնելու, և այնուամենայնիվ որոշում է կայացրել վստահել ՀՀ սոցիալապես առավել ապահով խավի քաղաքացիներին, հավատացել է, որ նրանք ականջալուր կլինեն իր խնդրանքին և ժամանակին կվճարեն կոմունալ վճարները։ Այնինչ, հետագա բարդացումներից խուսափելու և հույսը հասարակության այդ շերտի օրինապահության վրա դնելու փոխարեն, կարելի էր կոմունալ վարձավճարների մուծման գործընթացը կիրառել միայն սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչների համար, և պարբերաբար քայլեր ձեռնարկել այդ խավի մնացյալ ներկայացուցիչներին տեղորոշելու ուղղությամբ, որոնք դեռևս անհայտ են Կառավարության համար։ Տվյալ պարագայում ոչ միայն անհրաժեշտություն չէր առաջանա համակարգը կոլափսից փրկել, այլ նաև Փաշինյանը ականատես չէր լինի այն ամենին, որ քաղաքացիները այլևս չեն կատարում իր հորդորներն ու խնդրանքները և չէր արձանագրի իր վարկանիշի հերթական անկումը։

Ի դեպ, պետք է նշել, որ Փաշինյանը գիտակցում է, որ այս ամենից հետո նա վստահության քվեներ է կորցնելու․ «Ինչ-որ բան ե՞նք հայտարարել, հարյուր տոկոսով մեր հայտարածը հետո իրականություն չի՞ դարձել, էդ էլ մեր քաղաքական պատասխանատվությունն ա, ուրեմն էդքանով մենք վատ իշխանություն ենք, վատ կառավարություն ենք, էդ ինֆորմացիան ընդունեք ի գիտություն՝ ձեր հետագա դիրքորոշումների, գործողությունների, ամեն ինչի համար»։

«Հայհոյեք մեզ, ձեր բոլոր իրավունքներից օգտվեք»,- հավելել է Փաշինյանն ու այսպիսով քաղաքացիներին իրենց հայհոյելու լեգիտիմ իրավունք ընձեռել։ Սա նաև ակնհայտ քայլ է հայհոյանքը քաղաքական դաշտ մտցնելու ուղղությամբ։ Հայհոյանքներից նեղսրտող Փաշինյանը իր այս խոսքերից հետո հավանաբար պետք է «թեթև» տանի այդ ամենը։

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն