Նոր կառավարության «օպտիմալ» որոշումների հնարավոր հետևանքները

article-image

Դեռևս մեկ ամիս առաջ կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում մոտավոր հաշվարկներով աշխատանքից կարող էր ազատվել ընդհանուր առմամբ  50-55 հազար պետական աշխատող: Արդեն վերջերս Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 128 աշխատակից, ընդ որում` կրճատումներ իրականացվել են մոտ 580 աշխատակիցների շրջանում 2 ամիս շարունակ կարողությունների գնահատումների արդյունքում, իսկ ընտրությունը, Անանյանի խոսքերով,  իրականացվել է լավի և լավագույնի միջև, ինչը կարող է նշանակել, որ հեռացվել են բարձր որակավորում ունեցող աշխատողներ: Կրճատումների ալիքը չի շրջանցում նաև կրթական հաստատություններին, ինչի արդյունքում իրենց աշխատանքն են կորցնում տարիներ շարունակ կրթական ոլորտում մեծ ներդրում ունեցած մանկավարժներ, դասախոսներ: Կրճատումներ են իրականացվում կառավարության այլ ոլորտներում ևս: Որպես դրանց պատճառներ են նշվում հաստիքների ուռճացումները, պարապուրդը, նախկին կառավարության թույլ տված սխալները, իսկ որպես արդյունք՝ աշխատավարձերի բարձրացումը: Թե ինչ կլինի աշխատանքը կորցրած քաղաքացիների հետ, պարզ չէ: Բնականաբար, գործազուրկների թիվը զգալիորեն  կաճի, ինչը մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներում փոփոխությունների կարող է հանգեցնել:

Տեսնենք, թե ինչ ազդեցություն կունենա գործազուրկների թվի աճը տնտեսության վրա.

ՀՆԱ-ի և գործազրկության կապը տնտեսագիտության մեջ բացատրվում է Օուքենի օրենքով, ըստ որի՝ գործազրկության 1% աճը կարող է հանգեցնել համախառն ներքին արդյունքի 2,3-3% նվազման, իսկ ՀՆԱ-ի տարեկան 2,7 %-ով աճը կարող է պահպանել գործազրկության մակարդակը: Կա՞ն արդյոք նախադրյալներ ՀՆԱ-ի կայուն աճի: Նկատենք, որ վերջին ամիսներին  տուժել է հանքաարդյունաբերական ոլորտը, որտեղ բավական մեծ թվով աշխատուժ էր ներառված: Կրճատվել են նաև սննդի արդյունաբերության ոլորտները, մասնավորապես, կաթի  արդյունաբերությունը՝ 7.9%-ով, ալյուրի արտադրությունը՝  20.6%-ով, ինչպես նաև՝ դրանց հետ կապված սսնդամթերքի արտադրությունը, իսկ գյուղատնտեսության ոլորտում առկա է 8.1% կրճատում: Ավելին, առաջիկայում զգացվելու է ներդրումների պակաս: Դանդաղում են նաև տնտեսական ակտիվության աճի տեմպերը: Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 7,7%, հունվար- սեպտեմբերին՝ 6,5%, հունվար- հոկտեմբերին՝ 6,0%, ինչը ևս հղի է  բազմաթիվ բացասական հետևանքներով:

Այս ամենը նշանակում է, որ գործազրկության կրճատման հիմնական երաշխավորի՝ աշխատատեղերի բացման և աշխատանքի պահանջարկի պակաս հաստատ լինելու է:   Գործազրկության մակարդակի բարձրացմանը զուգընթաց՝ որպես կանոն բարձրանում է նաև աշխատավարձը, որին հաջորդում է գների աճը, և հետևաբար,  իրական աշխատավարձի գնողունակությունը նվազում է: Արդյունքում, նման փորձ ունեցող երկրներում բարեկեցության մակարդակը կրճատվում է: Եվ վերջապես, նրանք, ովքեր նոր կառավարությունից «նվեր» ստացան գործազուրկի կարգավիճակը, կարող են հայտնվել  աղքատության շեմին:

Կառուցվածքային «բարեփոխումների» արդյունքում տուժում է նաև մասնավոր սեկտորը՝ հարկային նոր սահմանափակումների, ինչպես նաև քաղաքապետարանի նոր գործելաոճի պատճառով, ըստ որի՝ փակվելու և քանդվելու են քաղաքի կենտրոնական փողոցներում գործող սրճարանները, ռեստորանները,  որոնք մեծ նշանակություն ունեն նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Արդյունքում  կորցնում ենք ոչ միայն զարգացման հեռանկարներ ունեցող  բիզնեսներ, այլև աշխատատեղեր:

Առաջին հայացքից հաճելի թվացող  հայտարարություններն ու կառուցողական բարեփոխումների տպավորություն թողնող ծրագրերը իրականում բացատրությունների և վերլուծությունների անհրաժեշտություն ունեն: Ստացվում է, որ   կառավարության «բարի  մտադրությունները» և դրանցից բխող խոստումները իրականում տնտեսության մեջ լուրջ  տատանումների են հանգեցնում: Կլինե՞ն արդյոք դրական տեղաշարժեր, դժվար է ասել, իսկ կասկածների համար որպես հիմք թերևս կծառայեն մինչ օրս տրված և իրականություն չդարձած բազմաթիվ խոստումները:

Հոդվածի ռուսերեն և անգլերեն տարբերակները։

 

Հեղինակ - Աննա Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը